o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սյունիքում երիտասարդը սպանել է մոր գործարար ընկերուհուն, երբ նա ո՛չ աշխատանք է տվել իրեն, ո՛չ փող

17.11.2019 13:00 ԻՐԱՎՈՒՆՔ
Սյունիքում երիտասարդը սպանել է մոր գործարար ընկերուհուն, երբ նա ո՛չ աշխատանք է տվել իրեն, ո՛չ փող

2000 թվականի հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզի բնակավայրերից մեկում, իր բնակարանում սպանված հայտնաբերվեց տիկին Էմման:

Րոպեներ առաջ նրա բնակարանի դուռը թակել էր ընկերուհին, ձայն էր տվել՝ Էմմա, Էմմա: Հետո թակել էր հարևանի դուռը. «Չգիտե՞ք, մեր Էմման որտեղ կլինի, էս թասիկով իր սիրած ճաշն եմ բերել, բայց դուռը չի բացում: Ախր տանը պիտի որ լինի…»:

Թուրքը մեր երեխուն չի սպանել. լարված վիճակ ԱԺ-ի դիմաց
Հարևանները տիկին Էմմայի ընկերուհուն լավ էին ճանաչում, գիտեին, թե ինչքան մտերիմ էին նրանք:

Հարևաններն էլ անհանգստացան, զանգեցին Էմմայի տան հեռախոսահամարով, պատասխանող չեղավ:

«Տարօրինակ է, մեքենան էսօր չի էլ հանել, ինքն էլ տանից դուրս չի եկել»,- ավելի անհանգստացան հարևանները:

Ոստիկանություն ահազանգեցին:

Իրոք, տիկին Էմման տանից դուրս չէր եկել: Բնակարանում հայտնաբերվեց նրա դիակը՝ պարանոցին հեռախոսալար էր փաթաթված: Արնաթաթախ գլխի մոտ բյուրեղապակե ծաղկամանի բեկորներն էին: Դրանց վրա մատնահետքեր կային, որոնք պիտանի էին նույնականացման համար…

Դատաբժշկի կարծիքով՝ տիկին Էմմայի մահը վրա էր հասել ժամեր առաջ…

Տիկին Էմման մենակ էր ապրում, նա գործունյա կին էր: Չափահաս երեխաներից մեկը Երևանում էր, մյուսները՝ Ռուսաստանում:

Սպանությունը բացահայտելու աշխատանքների ընթացքում հարևաններից շատերը հարցաքննվեցին: Պարզվեց, որ դեպքի նախորդ օրը Էմմայի տանը հյուր կար:

Ավելի ճիշտ՝ հյուր չէր, Էմմայի ևս մի ընկերուհին էր՝ միայնակ մայր, որ մանկահասակ երեխայի հետ ապրում էր հարևան շենքում՝ տիկին Էմմայի երկրորդ բնակարանում՝ առանց վարձ տալու:

Այդ ընկերուհին հարցաքննության ժամանակ չժխտեց, որ նախորդ օրը երեխայի հետ եղել էր Էմմայի տանը: Մնացել էին մինչև կեսգիշեր: Հետո գնացել էին իրենց օթևան:

Հարցաքննության ժամանակ ոստիկանների ուշադրությունը գրավեց այն, որ այս կնոջ մատներին թարմ վնասվածքներ կային: Կինը հայտնվեց կասկածյալի կարգավիճակում: Նրան ձերբակալեցին:

Բերման ենթարկվեց այս կնոջ ընկերը՝ նրա երեխայի հայրը: Սրա դեմքին էլ թարմ վնասվածքներ կային՝ քերծվածքներ: Նա կցկտուր փորձում էր քերծվածքների ծագումը բացատրել, բայց համոզիչ չէր ստացվում:

Տիկին Էմմայի հուղարկավորության արարողությանը իսկական սգավորի ու ընտանիքի ջերմ բարեկամի դերում էր այն ընկերուհին, որի այցելությամբ էր հայտնաբերվել դիակը:

Ձերբակալված ընկերուհին հայտնեց, թե մատների վնասվածքներն առաջացել են այն բանից, որ կռվել է: Չէ, Էմմայի հետ չէր կռվել, այլ՝ իր երեխայի հոր հետ՝ այդպես էր պնդում կինը. «Մի քանի օր առաջ հանդիպեցինք, ասի՝ էսպես չի լինի, դու պիտի քո երեխային ու ինձ տեր կանգնես, օգնես, մենակ չեմ կարողանում… Ասի՝ եթե չօգնես, տեր չկանգնես մեզ, կգամ, ընտանիքիդ ամեն բան կպատմեմ… Նա գազազեց, վրա պրծավ: Ես էլ երեսը ճանկռոտեցի: Նա խփեց, մատներս վնասեց: Ես խնդրել էի, որ Էմման էդ անիրավի հետ խոսի, իմ հույսը Էմման էր…»:

Կինն ասաց, որ ընկերը իր ու երեխայի այցելության պահին իրենց հետ չի եղել: Իրենք երեքով էին՝ ինքը, երեխան ու Էմման: Ինքն ու երեխան դուրս են եկել, Էմման իրենց ճանապարհել է, նա ողջ էր, իրենք նրան չեն վնասել ու չէին կարող վնասել, նա էր իրենց միակ օգնողը…

Այս կնոջ ընկերը, որ անհեթեթություններ էր պատմում դեմքի ճանկռվածքների վերաբերյալ, մեծ դժվարությամբ խոստովանեց, որ դեմքը ճանկռել էր իր երեխայի մայրը: Ինքը միտք չուներ ընտանիքից հեռանալու, իսկ այդ կինը սպառնում էր, թե ընտանիքին ամեն բան կպատմի:

Տղամարդը պնդեց, որ Էմմային չի այցելել: Ինքը Էմմայից ամաչում էր՝ այցելեր՝ ի՞նչ ասեր նրան… Տղամարդն իր ընտանիքի հետ էր եղել դեպքի գիշերը, տանից դուրս չէր եկել:

Վերջապես ստացվեց դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերի մատնադրոշմային փորձաքննության եզրակացությունը: Պարզվեց, որ դրանք Իշխան Մ.-ի մատնահետքերն էին: Իսկ Իշխանը Էմմայի այն ընկերուհու որդին էր, որի այցելությամբ հայտնաբերվել էր Էմմայի դիակը: Այն ընկերուհու, որ հարազատի պես սգում էր Էմմայի մահը…

Իշխան Մ.-ն բերման ենթարկվեց ու համարյա անմիջապես խոստովանեց, որ ինքն է սպանել մոր ընկերուհուն. «Նյութապես ծանր վիճակում էի: Աշխատանք էլ չէի գտնում… Հոկտեմբերի 5-ին մորս հետ խոսում էի մինչև կեսգիշեր, վերջը ասի՝ գնում եմ Էմմայի տուն, թող ինձ աշխատանքի տեղավորի կամ մի քիչ փող տա, որ մի գործ անեմ…»:

Մայրը դեմ է եղել, որ տղան կեսգիշերն անց գնա Էմմայի տուն: Բայց Իշխանը որոշել էր չհետաձգել, անմիջապես գնալ ու խոսել Էմմայի հետ:

Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Երբ Իշխանը թակել էր դուռը, Էմման արդեն պառկել էր քնելու: Խալաթը վրան էր գցել, հարցրել էր՝ ո՞վ է: Երբ իմացել էր, որ ընկերուհու տղան է, անհանգստացել էր ընկերուհու համար, անմիջապես բացել էր դուռը, հարցրել էր՝ ի՞նչ է պատահել: Իսկ Իշխանը վրա էր բերել. «Ինձ աշխատանքի տեղավորի կամ մի 200 դոլար տուր՝ գործ գտնեմ, էսպես ապրել չի լինում…»:

Էմման մայրաբար զայրացել էր տղայի վրա՝ չես ամաչո՞ւմ, գիշերով եկել ես՝ թե աշխատանքի տեղավորի կամ փող տուր…

Ըստ Իշխանի՝ ինքը զայրացել ու հրել էր Էմմային, նա էլ իրեն էր քաշքշել: Ինքը մի պահ կորցրել էր իրեն ու բյուրեղապակե ծանր ծաղկամանով խփել էր Էմմայի գլխին: Էմման ընկել էր: Ինքը կտրել էր հեռախոսի լարը, փաթաթել էր Էմմայի պարանոցին ու ձգել էր: Հետո ծաղկամանով նորից էր խփել գլխին: Ծաղկամանը ջարդվել էր:

Համոզվելով, որ Էմման չի շնչում, Իշխանը նրա բնակարանում փող ու զարդեր էր փնտրել: Ասում էր՝ ոչինչ չի գտել, ոչինչ չի հափշտակել:

Հանկարծ դուռը թակել էին: Իշխանը մոտեցել էր դռանը, լսել էր մոր ձայնը: Դուռը բացել էր: Մայրը տեսել էր Էմմայի դիակը, իսկ Իշխանը թողել-փախել էր…

Մի քսան րոպեից մայրը վերադարձել էր տուն…

Իշխանը պնդեց, թե ինքն ու մայրը Էմմայի տանից ոչինչ չեն վերցրել:

Իշխանի մայրը մինչև որդու հետ առերես հարցաքննվելը չխոստովանեց: Բայց Իշխանը առերեսման ժամանակ ասաց՝ Ա՛յ մամ, բա չե՞ս հիշում… Ես արդեն պատմել եմ…

Մայրը ստիպված հաստատեց որդու ցուցմունքը, իր կողմից ասաց, թե Իշխանի գնալուց հետո փորձել է օգնել Էմմային՝ հույս ունենալով, որ կարող է դեռ ողջ լինել:

Համոզվելով, որ ողջ չէ, թողել-գնացել էր տուն: Հաջորդ առավոտյան եկել, դուռը սկսել էր թակել՝ իբր չգիտի, թե ներսում ինչ է կատարվել…

Դատարանում մայր ու որդի փոխեցին իրենց ցուցմունքները, ներկայացրին, թե իրենց ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ:

Չնայած Էմմայի դուստրն ասում էր, որ տանից փող ու զարդեր են անհետացել, բայց Իշխանը մինչև վերջ անդրդվելի մնաց՝ պնդելով, թե ոչինչ չի հափշտակել:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2001 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով Իշխան Մ.-ին մեղավոր ճանաչեց ավազակային հարձակման ու դիտավորյալ սպանության համար և վերջին հաշվով դատապարտեց 13 տարի ազատազրկման, որից 3 տարին պիտի անցկացներ բանտային ռեժիմով:

Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները այս դատավճիռը թողեցին անփոփոխ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА