Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ
ՎերլուծությունՀայ-ադրբեջանական ներկա զարգացումներին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=281829&l=am) կարելի է նաեւ այս կողմից նայել: Իրադարձությունները, որոնք վերջին օրերին ծավալվում են գլոբալ մասշտաբներով, չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել Ալիեւի ու Նիկոլի ներկա քայլերի եւ որոշումների վրա: Նկատի ունենք, որ ամեն ինչ խոսում է ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումների մասին, բայց…
Խոսքը ամերիկյան Կոնգրեսի հայտնի որոշման մասին է, որով արտոնվեց Ուկրաինայի ֆինանսավորումը: Չնայած շատ ավելի էական է այդ քողի տակ կայացված մեկ այլ որոշում, որը թույլ է տալիս բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները: Եվ ոչ միայն. նաեւ պարտադրելու է Չինաստանին` TikTok-ի մայր ընկերությանը` վաճառել ամերիկյան սեգմենտը կամ այն արգելել Միացյալ Նահանգներում:
Ուկրաինային ֆինանսավորելու որոշումը, թեեւ մեծ ոգեւորությամբ են ներկայացնում Կիեւի պաշտոնական աղբյուրները, սակայն հենց ուկրաինական դեռ լուրջ փորձագետներն այլ տրամադրության մեջ են: Այն առումով, որ այդ հատկացման մեծ մասն իրականում ամենեւին էլ Ուկրաինայի համար չէ: Օրինակ, 61 միլիարդից մոտ 20 միլիարդ դոլար համալրելու ամերիկյան զենքի պաշարները՝ նախկինում Ուկրաինային մատակարարվածը փոխարինելու համար: Կամ մոտ 15 միլիարդ դոլար կուղղվի «զինվորական պատրաստության, հետախուզության փոխանակման, Եվրոպական հրամանատարության պատասխանատվության գոտում ներկայության ուժեղացման համար», եւ այլն։ Մոտ 10 միլիարդի չափ գումար Ուկրաինան կարող է ստանալ ոչ ռազմական ուղղությունների համար, եւ ռազմական օգնության համար քիչ բան է մնում. «2024/2025 թվականներին ամսական կա մոտ 0,7 միլիարդ դոլար»,- նշում է ուկրաինական աղբյուրը: Դա ի՞նչ կերպ կազդի պատերազմի ընթացքի վրա, մեծ հարց է: Էլ ավելի լուրջ հարց է, թե եթե հանկարծ Թրամփն այս աշնանը հաղթի, այդ խոստացածը միանգամից չի՞ կանգնեցնելու:
Սա, իհարկե, Մոսկվայի համար էլի հարված է, բայց ոչ շատ մեծ: Առավել եւս, որ ուկրաինական բանակն այս պահին առաջին հերթին ունի զինվորականների պակաս, իսկ անփորձ նորակոչիկներով համալրվողները նախ պետք է կարողանան տիրապետել ԱՄՆ-ի խոստացած այդ զենքին: Առավել եւս, որ ռուսներն ակտիվ հարձակողական փուլում են, ու մինչ տեղ հասնի ամերիկյան օգնությունը, մինչ նոր զորահավաք անեն, սովորեցնեն, ռուսները չգիտես էլ, թե մինչեւ ուր կարող են հասնել:
Բայց փոխարենը, շատ ավելի լուրջ են հարցերը` ռուսների եւ չինացիների ակտիվները բռնագրավելու խնդրի հետ կապված: Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ն առաջարկել էր վաճառել TikTok-ը բարեկամաբար։ Չինաստանն ուղարկեց ամերիկացիներին. այժմ փակումը հարկադրված է լինելու։ Այսինքն, ԱՄՆ-ն սրանով ոտնահարեց մասնավոր սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, որը հենց նույն ԱՄՆ-ի եւ արեւմտյան քաղաքակրթության գոյության կարեւորագույն հիմքերից է: Այս որոշմամբ բացվեց «Պանդորայի արկղը». այն նախադեպ է, եւ հիմա աշխարհում բոլորը կարող են այդ հիմքով բռնագրավել ում սեփականությունը որ ցանկանան: Ու սա առաջին հերթին հենց ԱՄՆ-ի համար է մեծագույն խնդիր. արեւմտյան երկրների մասնավոր կապիտալն ու սեփականություններն են, որ առաջին հերթին ծավալվել են ողջ աշխարհով մեկ, ու հիմա ամեն ինչ հարվածի տակ է: Եվ նման որոշումից հետո էլ ո՞ր մի խելամիտ սեփականատերը կվստահի ԱՄՆ-ին:
Եվ եթե այստեղ ավելացնենք, որ օրերս ՉԺՀ-ն, ըստ էության, համալրեց «չարիքի առանցքը» (Իրանի եւ Ռուսաստանի հետ միասին), ապա եզրակացությումը միանշանակ է` որ Վաշինգտոնն իր ձեռքով վերջնականապես ականապատեց գործող աշխարհակարգի մնացորդները` վա-բանկի գնալով գործնականում ողջ աշխարհի դեմ, այդ թվում` սեփական մանկլավիկների։ Թե դա ինչ ձեւ կունենա եւ ինչ հետեւանքներ կունենա՝ դեռ ոչ ոք չգիտի։
Ընդ որում, կարեւոր չէ, թե ով 2024 թվականի նոյեմբերին կմնա/ կդառնա Սպիտակ տան ղեկավար։ Որոշումն արդեն կայացված է, դրա օգտին են քվեարկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ` հանրապետականների զգալի մասը։
Մնացածը, թե այս ամենն ուր կտանի ու ինչպես կավարտվի, պարզ կդառնա ապագայի պատմության դասագրքերից: Սակայն այս պահից էլ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ի ուղղությամբ ունենալով այն կարգի սուր հարաբերություններ, որն այս որոշմամբ մի փոքր միայն ավելի կսրվի, փոխարենը գնում է նաեւ Չինաստանի հետ հարաբերությունների կտրուկ շիկացման: Ավելի կոնկրետ, այսկերպ ամերիկացիները, փաստացի, սկսում են տեմպ տալ Չինաստանի հետ նոր ճակատի բացմանը, որը, եթե ռեալ նայենք, ռուսների համար բեռի զգալի թեթեւացում է նշանակում՝ հետեւանքներով հանդերձ:
Կարճ ասած, նման է, որ գլոբալ պայքարը տեղափոխվում է նոր մակարդակ, որտեղ շատ ավելի կոշտ են դառնալու բախումները: Եվ այս ֆոնին, մասնավորապես Ալիեւն ու Նիկոլը, որ մինչ այս դեռ ամեն մեկն իր չափով պահպանում է մեծերի պայքարի մեջ մանեւրելու հնարավորությունը, հիմա արդեն դա շատ ավելի է նեղանում՝ արդեն նաեւ նման խաղերի համար կոնկրետ հարվածներ ստանալու հեռանկարով: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում նաեւ իրանական ուղղությամբ Ալիեւի խաղերը եւ Նիկոլի ուղղությամբ ռուսական միայն անթաքույց դարձող զգուշացումները: