ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՏավուշի գյուղացիների հետ հանդիպելիս ՆԻԿՈԼԸ մի շատ զարմանալի հայտարարություն արեց. «Ես չեմ կարա ձեզ խաբեմ»: Մի մարդ, որը վեց տարի է ամեն օր խաբում է բոլորին, զարմանալիորեն հայտարարում է, որ չի կարող խաբել տավուշցիներին, հիմնավորելով, թե ինքն այդ մարզի անտառներից է դուրս եկել: Ինչպես ասվում է` կարելի է խաբել որոշ կարճ ժամանակ գրեթե ամբողջ ժողովրդին: Կարելի է խաբել երկար ժամանակ մարդկանց որոշ փոքրաթիվ խմբերին: Բայց խաբել մշտապես ամբողջ ժողովրդին, չի հաջողվում նույնիսկ այդպիսի խաբեբային, ինչպիսին Նիկոլն է:
Նիկոլի անտառային մտածելակերպից հեռու չմնաց իր մամլո քարտուղար ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որը հայտարարեց, թե. «Բոլոր այն հայտարարությունները, որոնք չեն կատարվել կամ հաստատվել վարչապետի կամ որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից, որը իրավասու է ներկայացնել նրան, պաշտոնապես հերքվում են»: Այսինքն` ստացվում է, որ աշխարհում միակ ճշմարտություն ասողը Նիկոլն է: Եվ ով, ինչ, որտեղ եւ ինչի մասին էլ ասի, ըստ Նազելի Բաղդասարյանի, սուտ է եւ ի սկզբանե հերքվում է: Դե, սա արդեն զարմանալիորեն կլինիկական դեպք է:
Պարզվում է, որ մենք ձեզ հետ միասին աշխատում ենք, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք ժամանակին դպրոցում եւ բուհում լավ չեն սովորել իրենց դասերը, մեր հաշվին բարելավեն իրենց գիտելիքները: Այսպես, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ Հայաստանի Ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել, իր հինգ աշխատակիցների անգլերենը բարելավելու համար: Ընդ որում, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցների համար ստեղծվեն հարմարավետ պայմաններ` ուսումնական ծրագիրը առավել լավ ընկալելու համար, պարապմունքները անցկացվելու են անհատական կարգով ու քաղաքապետարանի շենքում: Զարմանալիորեն կարելի է արձանագրել, որ մենք դեռ էժան պրծանք: Չէ՞ որ ներկայիս պետական ու տեղական պաշտոնյաների զանգվածային անգրագիտության ու մասնագիտական անպիտանելիության պայմաններում ընդամենը հինգ հոգու մի առարկա սովորեցնելու պարագայում մենք դուրս եկանք մինիմալ վնասներով, այլ բան է, որ սրանց փողոցից բերած կադրերի աշխատանքի արդյունքում կործանվում է ամբողջ երկիրը:
Քոչարյանականները արդեն գրեթե կես տարի է ջանում են կերտել իրենց նոր առաջնորդին` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, քանի որ նախորդ առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե անցել է թոշակի եւ հանգստանում է Եվրոպայում: Սակայն Լեւոնի մոտ քաղաքականությամբ զբաղվելը դեռեւս չի ստացվում: Նախկին պալատական կյանքը նրան զարմանալիորեն թույլ չի տալիս անցնել հեղափոխական քայլերի: Նախ նա իր մարզային հանդիպումները զարմանալիորեն անց է կացնում ռեստորաններում եւ նմանատիպ այլ հարմարավետ պայմաններում, իսկ օրերս հայտարարեց, որ քոչարյանականները կդնեն իրենց մանդատները այն դեպքում, երբ կտեսնեն, որ իրական է իշխանափոխությունը: Զարմանալի տրամաբանություն, եթե իրական իշխանափոխությունը ակնառու լինի, ապա այլեւս ոչ մեկին չի հետաքրքրի, թե քոչարյանականները կդնե՞ն իրենց մանդատները, թե՞ ոչ: Տարբերությունն այն է, որ մեկ ամիս ավել, մեկ ամիս պակաս կստանան իրենց պատգամավորական աշխատավարձները եւ պարգեւավճարները: