Փաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան
Տեսանյութեր«Իրավունքի» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
«ՑԱՎՈՔ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻ ՕՐԱԿԱՐԳ, ՈՐԸ ԼԱՅՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԿԱՊԱՀՈՎԻ»
— Ոսկեպարում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք, ինչո՞ւ համախմբում տեղի չի ունենում տավուշցիների պայքարի շուրջ:
— Ուզում եմ մի փոքր ավելի ետ գնալ: Երբ 1994 թվականին, պատերազմից հետո այդ զինադադարը կնքվեց՝ մոտ երկու տարի անց Ադրբեջանը սկսեց իր աշխատանքներն ակտիվացնել։ Գազամուղ, նավթամուղ կառուցելով` իր կարողությունները մեծացնելու ուղղությամբ քայլեր կատարեց: Իհարկե, դա ժամանակ էր պահանջում: Որքան էլ այնտեղ հարստացան միլիարդներով եւ նավթային բարիքներով, այնուամենայնիվ, կարողացան ունենալ առավել մրցունակ դիրքեր՝ բանակ, բյուջե, պահուստներ:
Ի՞նչ արեցինք մենք: Ցավոք սրտի, լոպազացանք մեր հաղթանակով: Տարիների ընթացքում քաղաքական եւ տնտեսական բալանսը լիովին փոփոխվել է` ի վնաս Հայաստանի: Մենք հաճախ սկսել ենք պաթոսային կերպով խոսել, սակայն տեսնելով նաեւ, թե ի՞նչ տեղի ունեցավ: Իսկ այս իշխանության կողմից դրվեց այն թեզը շրջանառության մեջ, թե` մենք ոչ մեկ ենք, ոչինչ ենք, մեզ հետ ինչպես ցանկանան, կվարվեն եւ մեզ պետք է թելադրեն, թե ինչ անենք: Արդյունքում` ստացվում է երկու տրամագծորեն հակառակ քարոզչական ազդեցությունների տակ է գտնվել մեր ժողովուրդը վերջին 30 տարիների ընթացքում:
Մենք խնդիր ունենք հասկանալու, որ դիվանագիտությունը որքան էլ ճկուն լինի՝ դրա տակ պետք է լինի տնտեսական հիմք, որպեսզի ունենաս նաեւ ռազմական հիմք: Քանի դեռ դա չունես, հաջորդ անգամ ասելու են` որքա՞ն կարող ենք ձեզ օգնել: Մեր հասարակության պահանջը իշխանությունից պետք է լինի մեկ բան՝ ունենալ տնտեսություն: Ինքս ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից տեսնում եմ տարբեր տրամադրությունների փոխանցում հասարակությանը: Ի վերջո, մեր հասարակությունն իրականությունն ընկալելու խնդիր ունի: Ինքս` որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, գտնում եմ, որ քարտեզների իրավական հիմքերը պետք է տրամադրեն, որպեսզի այս խնդիրը ընկալելի լինի, կամ հասկանանք` լուծում պե՞տք է, թե՞ այս իրավիճակը շարունակելու է մնալ:
— Ժամանակին Ձեր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էր փողոցային պայքարի նախաձեռնողներից մեկը, բայց տեսանք, որ արդյունք չունեցավ։ Որքանո՞վ է հնարավոր, որ այսօր եկեղեցու շուրջ կստացվի այդ համախմբումը:
— Որքան էլ փորձենք կանխատեսել, թե կան որոշակի փաստեր, բայց, միեւնույնն է, կյանքը կանխատեսել հնարավոր չէ: Հարցին պետք է մոտենալ նաեւ այս տեսանկյունից: Ո՞վ կարող է բացառել, որ` այո՛, եկեղեցին կարող է հաջողել: Դրա նախադրյալները կան, բայց ասել, որ ամեն ինչ լավ է լինելու եւ միանշանակ հաջողելու ենք` ես նման գնահատականներ չեմ տա: Ցանկացած իշխանություն ունի սկիզբ եւ ավարտ: Շատ կարեւոր է, որպեսզի իշխանափոխությունը, իմ խորին համոզմամբ, տեղի ունենա ոչ միայն մերժելու հիմքով: Ինչ վերաբերում է համախմբման հարցին, պետք է նշեմ, որ նման երեւույթ ընդդիմության մեջ տեղի չի ունենում: Ընդդիմադիր ուժերի առանձին մղումները իշխանափոխության հարցում ազնիվ են, բայց ընդհանուր հայտարարի գալու մասով կա զիջելու խնդիր։ Պարզ է, որ ժողովուրդը գնում է լիդերի ետեւից, իսկ իրենք լիդերի հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Նույնիսկ ընդդիմության մեջ կա հարցադրում` արդյո՞ք արդարացված է Ազգային ժողովում մնալ, ի՞նչ են տալիս այդ մանդատները: Անգամ Ալեն Սիմոնյանն է կանգնում եւ հայտարարում` հրաժարական տվեք։ Եթե այդքան շատ եք ուզում, որպեսզի այս կառավարական համակարգը լուծարվի, եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ դրե՛ք մանդատները եւ այսպես, թե այնպես կգնանք նոր ընտրությունների։ Խոսելով նաեւ արտախորհրդարանական, ինչպես նաեւ իմ քաղաքական ուժերի բացերից՝ պետք է նշեմ, որ մենք էլ, ցավոք սրտի, չենք կարողանում ձեւավորել մի օրակարգ, որը լայն համախմբում կապահովի։
«ԵՐԿՐՈՒՄ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ Է՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ն, ՆՈՐ ԸՆՏԱՆԻՔ ՉԿԱԶՄԵ՞Ն»
— Ընդհանրապես Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:
— Ելքը՝ դա իրական, ազնիվ, անկեղծ համախմբումն է, քանի որ Հայաստանում չկա մի լիդեր, ով դուրս կգա հրապարակ, կասի որ ես այս պրոցեսն անում եմ, եւ լայն համախմբում կլինի։ Պետք է քաղաքական ուժերը համախմբվեն, հասարակությանը տան ծրագրեր եւ գաղափարներ, քանի որ մեզ մոտ այդ ամենը թերագնահատված է, եւ, ասես, լուրջ չեն վերաբերվում։ Անգամ ծրագրերից, անվտանգությունից խոսելը, ասես, երկրորդական է։ Մեզ պետք է հասկանալ՝ ի՞նչ ունենք եւ ո՞ւր ենք գնում։ Մենք՝ քաղաքական ուժերս, այդ ամենի մասին քիչ է, որ խոսում ենք։ Լավ օրից չէ, որ այս վիճակը սահմաններին շարունակվում է։ Ինքս կոչ եմ անում պահանջել իշխանությունից զարգացնել տնտեսությունը։ Եթե չկա զարգացում տնտեսության մեջ, անվտանգություն էլ չի լինելու, ձեր կյանքն էլ չի լավանալու, արտագաղթն էլ է լինելու, անարդարություններն էլ են լինելու եւ այսպես շարունակ։ Չկա դրա հասարակական պահանջը։ Ինչո՞ւ, որովհետեւ չեն տեսնում այն քաղաքական ուժերին, որոնք կգան եւ կձեւակերպեն դա ու կմատուցեն իրենց, որպեսզի իրենք էլ դրան աջակցեն։
— Իշխանական մամուլը վերջին շրջանում բավական քննադատորեն մոտեցավ, որ ստեղծված իրավիճակում Արթուր Վանեցյանը որդու հարսանեկան արարողությունն է իրականացնում։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքներին եւ մեկնաբանություններին։
— Գիտեք, երբ նոր ընտանիք է կազմվել, եւ այդ չարության դոզան, որը շատ դեպքերում մեկնաբանվում էր իշխանական ֆեյքերի կողմից, փորձում են որեւէ ճնշման միջոց ու նեգատիվության ուժ ստեղծել։ Այսինքն՝ իշխանության անդամները չեն ամուսնանո՞ւմ։ Կամ ենթադրենք երկրում այս վիճակն է՝ ընդդիմության անդամները չամուսնանա՞ն, նոր ընտանիք չկազմե՞ն։ Նիկոլ Փաշինյանը, իր աշխատակազմում վեր ընկած որոշակի զանգվածներ տխրու՞մ են, երբ մի նոր հայկական ընտանիք է ձեւավորվում։ Սա՞ է իրենց մոտեցումը։ Պարզ, սովորական, հասարակ հարսանիք էր։ Անպայման փորձում են որեւէ մի բան գտնել եւ պիտակավորել Վանեցյանին, որովհետեւ իրենց գործիքակազմում դա առաջնային է։ Քանի որ չունեն հստակ ասելիք, հետեւաբար մնում է սեւացնել բոլորին, որպեսզի իրենց հետ նույն ֆոնի մեջ լինեն եւ մրցունակ չլինեն։
— Ինչո՞ւ նախորդ պայքարի արդյունքները չստացվեցին: Ի վերջո, գոնե հիմա փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հնարավոր լինելո՞ւ է հեռացնել։
— Կասկած չունեմ, որ փողոցային պայքարով հնարավոր է, բայց ոչ երբեք այն մեթոդներով, որը մենք փորձարկեցինք, եւ չստացվեց։ Ընտրությունների միջոցով կարող է իշխանափոխություն լինել եւ կարող է նաեւ չլինել, բայց պետք է դուրս գալ այն մտածելակերպից, որ պետք է սպասենք եւ տեսնենք՝ ի՞նչ է լինելու։ Այդպես Նիկոլ Փաշինյանը դեռեւս երկար է լինելու իշխանության, իսկ այս ընդդիմությունն այլեւս չի լինելու քաղաքական դաշտում։ Ես այն համոզմանն եմ, որ հանձնվելը, հուսահատվելը՝ դա միանշանակ երաշխավորված է, որ դու պարտվել ես։ Ժողովուրդը կարիք ունի հասկանալու՝ ո՞վ է գալու, ո՞վ է հավակնում լինել երկրի վարչապետ, այդ մարդն իր հետ ի՞նչ թիմ է ներկայացնելու, կամ ո՞ր քաղաքական ուժերի կոնսոլիդացիան է լինելու, եւ ի՞նչ է փոխելու դա իրենց կյանքում։ Պետք է տեսնել ընդդիմադիր ցանկալի քաղաքական լիդերի մեջ գաղափարներ եւ ծրագրեր, որոնք կգան եւ իրենց կյանքում դրական բան կփոխեն, ու այս քաոտիկ, խեղճացած, կոտրված հոգեբանությունից դուրս կգանք։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ