Պետք չէ Սերժ Սարգսյանի հաշվին Փաշինյանին օգնել՝ լեզուն վերադարձնել ֆիզիոլոգիական դիրքի. Արմեն Աշոտյան
Հրապարակախոսություն
Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ տարվեց աշխարհաքաղաքական լուցկիներով, վտանգավոր իրականություն է: Բայց որքանո՞վ են արդարացված Սերժի հաշվին Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու՝ պարոն Լուկաշենկոյի գործադրած ջանքերի ձևն ու բովանդակությունը:
Սա բոլոր տեսանկյուններից կասկածելի այս խաղը խաղալու՝ եվրասիական շրջանակների ամենևին էլ առաջին փորձը չէ: Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար:
Նախ և առաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին նրա բացակայությամբ:
Երկրորդ, Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն:
Երրորդ, հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետևողականության և կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն:
Հիշում եմ, թե ինչպես իմ՝ Բելառուս այցի ընթացքում ես չկարողացա Խատինի հուշահամալիրի մոտ զսպել արցունքներս. ինչպես էի հպարտանում մարշալ Բաղրամյանի բաճկոնով, որը տեսել էի Հայրենական Մեծ պատերազմի՝ Մինսկի թանգարանում, անձնական ինչպիսի ջանքեր եմ գործադրել, որ Բելառուսին ընդգրկեին Բոլոնյան գործընթացի մեջ 2015թ. Երևանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ժամանակ:
Ես չափազանց շատ եմ սիրում Բելառուսը, որ անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկեմ Հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա, օրինակ, Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով: Կասկած չկա, որ լեհերը Գոմելի համար շատ լավ գին կվճարեին:
Բայց դուք, ինչպես և մենք, Հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
16.12.2023թ.