Ցավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս Արզումանյան
Մշակութային
Թատերական գործիչները նշեցին իրենց մասնագիտական տոնն ու արժանացան մրցանակների՝ բացի Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնից, որը մնացել է առանց տանիքի: «Գոյ»-ը շարունակում է պայքարել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորվելու որոշման դեմ, որն, ըստ էության, ոչ թե միավորում է, այլ՝ «Գոյ»ասպանություն»: Թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը զուգահեռ տեղի է ունենալու հավաք, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ մշակութային օջախների վերացումը կասեցնելու համար: Իսկ ավելի ուշ նա տեղեկացրել էր, որ ակցիան չի կայանա դրսում, բայց բողոքի ձայնը կլինի մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից: Այդպես էլ եղավ, Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, անդրադառնալով «Գոյ»-ին, ասաց, որ երբ ընտանիքի անդամներից մեկը խնդիր է ունենում, մյուս անդամները փորձում են ինչ-որ ձեւով այդ խնդիրը լուծել, օժանդակել. «Մենք իրավունք չունենք այսօր այդ մասին չխոսելու», այնուհետեւ՝ բեմ հրավիրեց Ս. Արզումանյանին: Անդադար ծափերից հետո՝ խոսեց «Գոյ»-ի ներկայացուցիչը եւ դիմելով թատերական գործիչներին ընդգծեց, որ իրենց թատրոնը ուզում է միայն ստեղծագործելու իրավունք, ուրիշ՝ ոչինչ: Նա նշեց, որ այսօր «Գոյ»-ը պատրաստ է անգամ լինել ոչ թե պետական թատրոն, այլ՝ անկախ, ինչի համար պետք է միայն տանիք, իսկ այն կարող է լինել բացառապես այնտեղ, որտեղ գործել են շուրջ 35 տարի: Ս. Արզումանյանը խնդրեց թատերական գործիչներին միանալ իրենց նախաձեռնած ստորագրահավաքին, որով իրենց համաձայնությունը կհայտնեն առ այն, որ Երեւանին պետք է «Գոյ»-ը՝ որպես անկախ թատրոն, իսկ վերջում իրենց միասնական դիրքորոշումը կփոխանցեն կառավարությանը: Այսպիսով՝ մինչեւ երեկոյի ավարտ՝ ստորագրահավաքն ընթացավ «Արտավազդ»-ին զուգընթաց, իսկ արդարացված կամ չարդարացված սպասումների մասին, «Իրավունքը» զրուցեց հենց Ս. Արզումանյանի հետ:
— Բողոքի ակցիայի փոխարեն՝ Ձեզ տրամադրվեց «Արտավազդ»-ի բեմը: Որքանո՞վ արդարացվեցին սպասումները:
— Սպասումներն արդարացան այնքանով, որ մարդիկ մոտեցան, ստորագրեցին՝ հայտնելով իրենց դիրքորոշումը: Իմ հարցադրումը հստակ էր՝ Երեւան քաղաքին պե՞տք է «Գոյ» թատրոնը, թե՝ ոչ, հատկապես, որ թատրոնն այսօր նույնիսկ պատրաստ է լինել անկախ: Սա շեշտում եմ, որ հասարակությունն էլ հասկանա, որ սա կռիվ չէ պետությունից գումար վերցնելու, անգամ մենք ենք պատրաստ պետությանը գումար տալ՝ լինելով անկախ թատրոն եւ հարկեր վճարելով, տեղի համար էլ վարձավճար տալով: Մեր կռիվը ստեղծագործելու իրավունք ունենալն է: Իսկ ինչու հենց այդ տարածքը, որովհետեւ հենց այդ տարածքում է ստեղծվել «Գոյ» թատրոնը 1988 թվականին եւ մինչ այսօր գործել: Թատրոնն իր ձեռքերով է սարքել հարմարություններ՝ սկսած նստարաններից, հայելիից, տեխնիկայից եւ այլն: Ինչ տեսնեք այդ տարածքում, պատկանում է «Գոյ» թատրոնի անձնակազմին, ոչ թե` պետությանը: Եթե հաշվեն, թե ինչ գույք կարող է հանձնվել պետությանը, ընդամենը դա կարող է լինել 15 կտոր գույք, որից 12-ը սովորական աթոռ է: Սա վառ ապացույցն է նրա, որ «Գոյ» թատրոնը պետությունից մինչ այսօր էլ ակնկալիք չունի եւ չի ստացել: Եվ հիմա էլ պատրաստ ենք այդպես մնալ, բայց մնալ այդ տարածքում ու ստեղծագործել:
— Չե՞ք կարծում, որ ստորագրահավաքով դեռ ոչ մի հարց չի լուծվել մեր երկրում: Ի վերջո, պաշտպանելու փոխարեն՝ էլի շատերը հույսները դրել էին ստորագրահավաքի վրա, որ Արցախը հանձնվեց:
— Ստորագրահավաքը պայքարի գործիքներից մեկն է ընդամենը: Մենք տարբեր գործիքներ ենք օգտագործում՝ սկսած դատական իշխանությանը դիմելուց մինչեւ իրավապահ մարմիների հետ բանակցելը: Պարզապես, Թատրոնի միջազգային օրը լավ առիթ էր հավաքված մասնագետներին, թատրոնի նվիրյալներին, վաստակավոր գործիչներին դիմելու: Կառավարությունը որոշում է կայացրել՝ ոչ մասնագետների հետ քննարկելով, այսինքն՝ չիմանալով այդ թատրոնը պե՞տք է, թե՝ ոչ: Եվ այսօր մենք հարցադրում ենք ուղղում հենց մասնագետներին՝ «Գոյ» թատրոնը վաստակե՞լ է այն իրավունքը, որ այս քաղաքում պետք է լինի, թե՝ ոչ: Մենք չենք հարցնում պատշարից, այլ մասնագետներին ենք դիմում, որ իրենց ստորագրությամբ հաստատեն՝ այո՛, պետք է «Գոյ» թատրոնը լինի: Հիմա մասնագետի կարծի՞քն է ավելի կարեւոր, թե այն մարդկանց, ովքեր չունեն այդ մասնագիտական կրթությունը եւ չեն կարող որակավորել՝ «Գոյ» թատրոնը պետք է, թե՝ ոչ: Այս ստորագրահավաքն իրականացվում է, որպեսզի հակափաստարկ բերենք կառավարությանը, որ կան մասնագետների լայն զանգված, որոնց գնահատմամբ՝ «Գոյ» թատրոնը պետք է: Կոպիտ ասած՝ կդնենք նժարին իրենց եւ մասնագետների կարծիքները, թե որն է ավելի էական այս քաղաքի համար, հանրային շահը ո՞րն է, էլ չեմ ասում մասնագիտական շահը…
— «Արտավազդ» մրցանակաբաշխությանը եկել էր եւ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ հատուկ մրցանակի արժանացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Իսկ ստորագրահավաքին միացա՞վ:
— Ճիշտն ասած, պարոն Էլբակյանը թատրոնի միջանցքում ճեմում էր, եւ ես գոռոզամտություն չհամարեցի, մոտեցա ու շնորհավորեցի նրան: Ընկերս կողքից դիվանագիտական հարց տվեց, թե՝ «պարոն Էլբակյան, մենք էլ կարծում էինք, որ դուրս եք եկել դահլիճից, որպեսզի միանաք ստորագրահավաքին»: Պատասխանը եղավ հետեւյալը, որից ամեն ինչ պարզ դարձավ. «Էդ տարածքը ձերը չի»: Սա փաստեց այն, որ Սունդուկյան թատրոնը մինչեւ այսօր կռվում է տարածքի համար՝ անկախ նրանից, որ 35 հոգու թողնում են դրսում գործազուրկ, էլ չեմ ասում, որ 20 հոգու ստեղծագործելու իրավունքից են զրկում: Թատրոնի միջազգային օրն այդ 20 հոգու տոնն էլ է, բայց իրենք ներկա չեն «Արտավազդ»-ին եւ չեն նշում իրենց ընկերների հետ: Սա նորմա՞լ է, կարեւորը, որ Սունդուկյան թատրո՞նն ունենա եւս 592 քառ.մ տարածք ավել: Ինձ համար ցավալի է, երբ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի», ուրիշ ոչինչ չունեմ ասելու եւ սպասելու Սունդուկյան թատրոնի թե՛ գեղարվեստական անձնակազմից՝ հանձին Էլբակլյանի, եւ թե՛ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից: Սպասելիքներ կան այն մարդկանցից, ովքեր միացել են մեր ստորագրահավաքին: Ի դեպ, մենք դեռ կտեսնենք, թե ովքեր են ստորագրել, ովքեր են խուսափել այդ ստորագրությունից, ինչից հետո պատկերն ավելի քան պարզ կլինի, թե ովքեր են կողմ, որ «Գոյ» թատրոնը չլինի՝ համարելով գուցեեւ մրցակից իրենց թատրոնին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ