o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿԻՆ

23.08.2019 21:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿԻՆ

Վերջին օրերին Ամուլսարի հետ կապված բուռն կրքերը վերսկսվեցին: Չէ, չենք ուզում անդրադառնալ այն հարցին, թե որքանով է ճիշտ կամ սխալ ոսկու հանքի շահագործման ուղղությամբ պայքարը, այդ հարցով ամեն ինչ շատ պարզ է: Հանքը պարտավոր ենք շահագործել, եթե դա կարողանա նպաստել Հայաստանին՝ ներկայիս ծանրագույն խնդիրներից դուրս բերելու հարցին, բնականաբար՝ աչքաթող չանելով նաեւ բնությունը: Բայց եթե անգամ չլինեին բնապահպանական խնդիրները, պետության եւ ժողովրդի շահը պահանջում է ներկայումս առաջարկվող շահագործման մեխանիզմի դեմն առնել: Եվ ոչ միայն Ամուլսարի. պետք է բոլոր նման հանքավայրերի այսօրինակ շահագործումը սկզբունքային փոփոխության ենթարկել: Շահագործում, որի միջոցով փշրանքներով մեր ժողովրդի հիմնական հարստությունները՝ ոսկին, պղինձը, մոլիբդենը, այլ հանքատեսակները բառացիորեն թալանում, տանում են դուրս՝ մեր երկրին թողնելով խղճուկ փշրանքներ: Նույնը ոսկու պարագայում. տարեկան Հայաստանից տանում են, ըստ տարբեր տվյալների (իրական թվերը յոթ փակի տակ պահվող գաղտնիք են), մոտ 8-10 տոննայի կարգի ոսկի, եւ դրա հազիվ 10-20 տոկոսն է մնում պետությանը: Արտահանվում է պղնձի խտանյութը, որի վերամշակումը եւ հետագա արտադրությունների կիրառումը տեղում կարող է բազմապատկել տնտեսական էֆեկտը:

Հանրային խորհրդի փակ նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը

Բայց, կրկնենք, Ամուլսարի շահագործման թույլ տալ-չտալու թեման քննարկելն անգամ անիմաստ է, քանի որ շահագործումը պարզապես դառնալու է երկրի մասշտաբային թալանի հերթական փաստը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց տնտեսական հիմնավորումներ բերել՝ հանքի շահագործման օգտին. 130 միլիոն դոլար ներդրում, պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար, ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1.4 տոկոսի սահմաններում: Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում: Եթե անգամ այդպես է, էլի մեր երկրի օգտին չէ. կստանանք տարեկան առավելագույնը 50 միլիոն, երբ երկրից տանելու են 250 միլիոն դոլարի ոսկի: Լավ, ասենք մի 50 միլիոնն էլ ծախսեն արդյունահանման համար, էլի առնվազն 2-3 անգամ ավելին ենք կորցնում, քան ստանում ենք, առավել եւս, որ հարց է, թե իրականում որքա՞ն ոսկի կտանեն Հայաստանից: Էլ չասած բնապահպանական ռիսկերը եւ այն հսկայական ծախսերը, որոնք պետությունը ստիպված է լինելու անել, եթե հանկարծ այդ ռիսկերն իրականություն դառնան: Չէ, նման մեխանիզնով ամեն մի նոր հանքավայր շահագործման տակ դնելը հանցանք է ոչ միայն Հայաստանի բնակչության, այլ նաեւ՝ ապագա սերունդների նկատմամբ: Բայց ահա գործող իշխանությունների դիրքորոշումն այս հարցում հուշում է, որ ամեն ջանք գործադրվում է այս հերթական թալանն արտոնելու համար: Դրան, հասկանալի է, տարբեր անուններ կտան, ներդրումներ, աշխատատեղեր, երկրի զարգացում եւ այլն: Թեեւ հասկանալի է, որ չինովնիկական վերնախավը պարզապես կաշիներից դուրս է գալիս՝ իրենց վրա դրված «բարձր վստահությունը» արդարացնելու համար...

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

Օրինակ, փորձենք հետեւել վարչապետ Փաշինյանի քայլերին՝ կապված Ամուլսարի հետ: Դեռ ընդդիմադիր ժամանակներում Փաշինյանը ներկայանում էր այս ծրագրի ամենակատաղի քննադատներից մեկի դիմակով: Դարձավ իշխանություն, եւ հենց Ջերմուկի ժողովուրդը սկսեց Ամուլսարի շահագործման դեմ պայքար, Նիկոլը միանգամից վերածվեց հարցը մանրակրկտորեն ուսումնասիրողի, ապա նոր կարծիք հայտնողի: Հիշու՞մ եք ջերմուկցիներին տված նրա խոստումը. «Կլինի փորձաքննությունը, ես էլ պապկան կդնեմ թեւիս տակ, կգամ ձեզ հետ հարցը քննարկելու»: Մի կողմ թողնենք, որ նման խոստումն արդեն իսկ հակասում էր իր նախկին դիրքորոշմանը. եթե փորձաքննություն եւ քննարկում էր պետք, բա ինչո՞ւ էր ընդդիմադիր ժամանակներում կտրուկ դեմ (չնայած մեծ հարց է՝ դե՞մ էր, թե՞ պարզապես դեր էր, խաղում էր): Բայց ահա ինչ-որ խիստ կասկածելի փորձաքննություն եղավ, ու Նիկոլը «պապկան թեւի տակ դնելու», Ջերմուկ շտապելու փոխարեն, սկսեց ինչ-որ տարօրինակ խորհրդակցությունների շարան, որի ժամանակ միտինգավոր բնապահպանները ստիպված են մինչեւ իսկ ոստիկանության հետ բախումների միջով անցնել: Սակայն անգամ միտինգավոր ժողովրդին արհամարհելը չէ խնդիրը, Ամուլսարի այս պատմությունը էլ ավելի խորը արմատներ ունի եւ հետեւանքներ կունենա: Ստվերային պարտավորությունները, որոնք այս հարցով որոշակի արտաքին շրջանակների նկատմամբ ունեն մեր գործող իշխանությունները, եւ որոնց մասին արդեն հրապարակային պնդումների պակաս չկան, բավականին ծանր են: Ճիշտ է, այս բիզնեսը նախատեսված է կոնկրետ շրջանակների գրպանները լցնելու համար (դետալները դեռ շրջանցենք, քանի որ տվյալ դեպքում ամենաէականը դա չէ), սակայն «բարձր վստահությունը» չարդարացնելը խոստանում է հետեւանքներ նաեւ քաղաքական հարթակում: Մոտավորապես այնպես, ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում է: Ավելի ճիշտ, չկատարելու դեպքում Ամուլսարը կգումարվի Ստամբուլյան կոնվենցիային, ու թե դա ինչ կարգի եվրալիբերալ ճնշումների կվերածվի, իշխանական վերնախավում քաջ գիտակցում են: Եվ ահա ամբողջ խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ բախվել են համառ զանգվածային հակազդեցության, ընդ որում, վերնախավում նաեւ քաջ գիտակցում են, որ երկու դեպքում էլ երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է: Իհարկե, միշտ էլ հնարավոր է Օսիպյանին ուղարկել՝ Ամուլսարը շրջապատողներին սարի ապառաժներին ծեփելու: Բայց նաեւ քաջ գիտակցում են, որ Նիկոլի հանդեպ նախկին զանգվածային աննախադեպ վստահությունը աչքի առաջ վերածվում է ոչ թե պարզապես հիասթափության կամ անհանդուրժողականության, այլ եղած բոլոր հույսերը ձախողելու համար, նույն կարգի զանգվածային աննախադեպ ատելության: Կսկսե՞ս Ամուլսարի համար միանգամայն արդար պայքար մղողներին ասֆալտներին փռել, կարող է այնպիսի մեծ պայթյուն առաջ գալ, որ չես էլ կարողանա օդանավակայան հասնել: Իսկ եթե պատերին չծեփես, ջերմուկցիները համառորեն չեն ուզում իրենց մաքուր օդը ծախել ինչ-որ օտարերկրյա թալանչիների: Մյուս կողմից էլ՝ չարդարացնել «բարձր վստահությունը», մասնավորապես` Քոչարյանի գործով Եվրոպայում այնքան որոշելիք հարցեր կան, որ դրանից ամեն մեկի օրինական ընթացքը Նիկոլի վրա շատ ծանր է նստելու: Մի խոսքով, Փաշինյանը ստացավ հերթական փակուղին, եւ ըստ արժանահավատ աղբյուրի, նրա մերձավոր շրջապատում որոշել են Ամուլսարի հետ կապված պաուզա վերցնել: Ըստ աղբյուրի, իշխանական վերնախավում համոզվել են, որ Ամուլսարի համար պայքարը կանգնեցնել ոչ մի պարագայում չեն կարող, ավելին, որ այն կարող է նաեւ ծավալվել ԱԺ-ում իշխող խմբակցության ներսում,որն իր տակ մինչեւ իսկ մեծամասնությունը փլուզելու վտանգ է պարունակում: Ուստիեւ, լավագույն տարբերակն այս պահին պաուզան կարող է լինել՝ Ամուլսարի հարցով հետաքրքրված արտաքին ուժերին ներկայացնելով, որ այս պահին պարզապես լուծում չկա: Բայց նման երկարաձգում փորձաքննություն անցկացնելու պատրվակով արդեն եղել է, ժամանակ անցավ, եւ հանքավայրը շահագործել փորձողները տեսան, որ դա ոչինչ չի տալիս: Ուստիեւ, փաշինյանական շրջանակները նաեւ կասկածում են, որ այդ պաուզան «դաբրո» կստանա: Կարճ ասած, դեռ անակնկալ զարգացումներ կարող են լինել:

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА