o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանի Թուրքիան պարտվեց. հաղթեց կոնցեպտ, որտեղ իր դերն ունի հայկական գործոնը

25.06.2019 12:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանի Թուրքիան պարտվեց. հաղթեց կոնցեպտ, որտեղ իր դերն ունի հայկական գործոնը

Այս քաղաքում մենք ընդունելու ենք և հարգանքով ենք վերաբերելու հույներին, հայերին, ասորիներին, այլ ազգերի ներկայացուցիչների, հայտարարել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությանը հաղթած Ժողովրդահանրապետական կամ պարզապես քեմալիստական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: Նրա խոսքերով, Ստամբուլում չպետք է լինի ազգային փոքրամասնություն, քաղաքը բոլոր բնակիչներինն է հավասար, և իրենք պետք է հաստատեն հավասարություն, արդարություն, սեր: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Իմամօղլուն ընտրվում է արդեն երկրորդ անգամ, իսկ առաջինը երեք ամիս առաջ էր՝ ապրիլին: Նա հաղթեց իշխող կուսակցության, նախագահ Էրդողանի թեկնածու, Թուրքիայի նախկին վարչապետ Բենալի Յըլդըրըմին: Սակայն Էրդողանը չհաշտվեց այդ պարտության հետ՝ հասնելով նրան, որ ԿԸՀ-ն չեղարկեց ընտրությունն անհեթեթ պատճառաբանություններով և նշանակեց նորը:

Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող 4 երկրներից մեկն է

Սակայն Իմամօղլուն երեք ամիս անց դարձյալ հաղթում է Յըլդըրըմին, կամ այս անգամ արդեն ամբողջապես, թերևս, Էրդողանին, որովհետև հաղթում է իր առաջին հաղթանակի չեղարկումից հետո: Ընդ որում, հաղթում է առավել համոզիչ և աննախադեպ ցուցանիշով, անգամ 1980-ականներից հետո աննախադեպ, գերազանցելով այդ թվում՝ 1994 թվականին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում հաղթանակով իր քաղաքական համապետական հաղթարշավը սկսած Էրդողանի ցուցանիշը:

1984-ից ի վեր Թուրքիայի այդ խոշորագույն մեգապոլիսում որևէ քաղաքապետի թեկնածու չի հաղթել 50 տոկոսից ավելի քվեով, իսկ Իմամօղլուն հաղթել է ավելի քան 54 տոկոսով: Ստամբուլն, իհարկե, ոչ դեմոգրաֆիական, սակայն էլեկտորալ կշռի առումով Թուրքիայի կեսն է և գուցե ավելին, որովհետև թուրքական խոշորագույն տնտեսա-քաղաքական կենտրոնն է, ընդ որում՝ պատմա-քաղաքական հզոր հիմքերով ու էներգետիկայով: Ստամբուլը Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն է և պատահական չէ, որ քաղաքապետի ընտրությանը Էրդողանը փորձում էր խաղարկել այդ խաղաքարտը՝ ասելով, թե Իմամօղլուի հաղթանակը նշանակելու է թուրքական Ստամբուլի առում և վերածում Կոստանդնուպոլսի: Բայց, փաստորեն, Էրդողանի այդ խաղաքարտը չաշխատեց, և Ստամբուլի բնակիչները, փաստորեն, նրա տրամաբանությամբ եթե դատենք, հանձնեցին քաղաքի բանալիները Կոստանդնուպոլիս դարձնելու համար:

Այլ կերպ ասած, Ստամբուլում Էրդողանը կրել է ոչ միայն քաղաքական պարտություն, այլ նաև պատմա-խորհրդանշական, պարտություն է կրել ոչ միայն քաղաքական գործիչ և նախագահ Էրդողանը՝ որը ձգտում էր բացարձակ իշխանության, այլ պարտություն է կրել Էրդողանի Թուրքիայի կոնցեպտը: Այստեղ է թերևս նրա համար ամենացավալին, և այդ պատճառով է, որ Ստամբուլը նա դիտարկում էր որպես կենաց մահու պայքարի կենտրոն՝ չեղարկելով առաջին պարտությունը: Եվ, թերևս, երկրորդն էլ կաներ նույնը, եթե արդյունքը չլիներ էլ ավելի համոզիչ: Այդպիսով, 1994-ին սկսելով Ստամբուլում, Էրդողանը քառորդ դար անց Ստամբուլում կարող է գտնել իր քաղաքական վախճանը: Սակայն այստեղ հատկանշական է հենց այն, որ Ստամբուլում քաղաքական վախճան կարող է գտնել նրա թուրքական կոնցեպտը, Թուրքիայի նրա «տեսլականը», որը փորձում էր իրականություն դարձնել՝ քայլ առ քայլ բացարձակացնելով իր իշխանությունն այդ երկրում, այդ թվում՝ դիկտատորական մեթոդների լայն կիրառությամբ:

Կկանխվի՞ Ստամբուլի քաղաքապետի ընտրությամբ այդ գործընթացը, թե՞ Էրդողանը կորոշի այսպես ասած՝ վերջին կռիվը տալ և չհանձնվել, էլ ավելի կոշտանալով իր սուլթանական նկրտումներում: Սա, իհարկե, կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում այն բանից, թե նոր քաղաքապետը որքանով կենսունակ ու մրցունակ կգտնվի ՏԻՄ ընտրության այդ հաղթանակը քաղաքական առումով կապիտալիզացնելու հարցում: Ակնառու է, որ խոսելով Ստամբուլում բազմազգ միջավայրի մասին, ակնարկելով քաղաքի հենց այդ պատմա-քաղաքական հենքը՝ ի վերջո Բյուզանդական կայսրությունն այդ իմաստով արտացոլել է հենց դա, և դրանում էլ նաև այդ կայսրությունում հայկական գործոնի նշանակալի դերը, Իմամօղլուն թերևս փորձում է ձևավորել «բազմազգ» Թուրքիայի կոնցեպտը: Որքանով այն կհաջողվի, դա դեռ պետք է տեսնել, սակայն դիտարկելով իրավիճակը հայաստանյան տեսանկյունից, այդ փորձը կարող ենք գնահատել Հայաստանի շահերի և անվտանգության համար դրական միտում: Առավել ևս, եթե համեմատում ենք էրդողանյան քաղաքական «տեսլականի» հետ, որը կառուցված էր ագրեսիվության, նվաճողականության սկզբունքի վրա: Ինչ խոսք, դեռևս վաղ է անել հետևություններ, հատկապես նկատի ունենալով այն, որ թուրքական հասարակությունը բավականին բազմաշերտ է և այդ իմաստով նկատելիորեն անկանխատեսելի: Սակայն, այդուհանդերձ, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունը նաև ցույց տվեց, որ առնվազն առանցքային կետերում այդ հանրության մոտ գերիշխում է համարժեքությունը և արդիական մտածողությունը, ինչը ռեսուրս է, որի հետ հնարավոր է աշխատել և քննարկել կարևոր հարցեր:

«Թուրքիան ավելի քան 37 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա». Էրդողան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА