o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԵՐՆԱՏԱՆ» ԳԱՂՏՆԻՔԸ

26.02.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԵՐՆԱՏԱՆ» ԳԱՂՏՆԻՔԸ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը տոնում ենք ոչ միայն Երեւանում ու Դսեղում` Թումանյանի ծննդավայրում, այլ նաեւ հարեւան Վրաստանում, քանի որ կյանքի հիմնական մասը Թումանյանն ապրել է այնտեղ: Երկարատեւ դեգերումներից հետո, երկու տարի առաջ, Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում գտնվող Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի վերջին տարիների բնակարանը` «Վերնատունը», որտեղ նա ընտանիքի հետ բնակվել է 1904-1923 թվականներին, մինչեւ կյանքի վերջ, տարիների դադարից հետո կրկին շարունակում է բանաստեղծի հիմադրած ավանդույթները, արդեն որպես «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն:

«Գուսան Հավասին խոստումը կատարեց 3 օր անց». Ալբերտ  Իսոյան (տեսանյութ)

1899 թվականին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվեց «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լեւոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը եւ ժամանակի այլ մեծեր: Մշտական անդամներից բացի, «Վերնատան» հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաեւ բազում այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ` Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ` Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը: Հաճախակի հյուր է գնացել նաեւ  Անդրանիկ Օզանյանը: Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում` Թիֆլիսի Բեհրության (Հասրաթյան) փողոց N 44 տան ամենավերին` չորրորդ հարկում գտնվող «Վերնատանը»: «Վերնատան» մշտական անդամները շաբաթը երկու անգամ, հիմնականում հինգշաբթի եւ շաբաթ օրերին հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը` միմյանց տեսնելու, զրուցելու, ընթերցելու ու քննարկելու համաշխարհային գրականության դասական եւ նոր հեղինակների գործերը, ինչպես նաեւ ընդհանուր քննադատության էին ներկայացնում իրենց գործերը: «Վերնատունը», անդամների բացակայության եւ ցրվածության հետեւանքով գործել է մինչ 1908 թվականի վերջը:

Բոլնիս-Խաչեն գյուղում նշվեց Ղազարոս Աղայանի հիշատակի օրը

Անցյալ տարի «Իրավունքն» առիթ ունեցավ ներկա լինելու թումանյանական շնչով նրա «Վերնատանը»: Երեք հարկ հաղթահարելուց հետո «Վերնատանն» իսկապես թեւածում էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շունչը` իր երկու հայտնի պատշգամբով, որոնք  վերանորոգվել ու վերականգնվել են պատմական ճարտարապետական բոլոր դետալներով: Բնակարանի տարածքով մեկ, «Իրավունքի» համար փոքրիկ շրջայց կազմակերպելով «Վերնատան» այսօրվա «բնակիչները», մի քանի պատմական մանրամասներ փոխանցեցին, որտեղ  մթնոլորտն իսկապես վերնատանյան էր, քանի որ զրույցն ուղեկցվում էր ավանդույթները չխախտելով` թեյախմությամբ: Տանը Թումանյանի անձնական իրերից պահպանվել է միայն Թումանյանի վառարանը` բուխարին եւ հայելին, իսկ մնացած իրերը ժառանգների միջամտությամբ գտնվում է Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:

 

ԻՆՉՊԵՍ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՍՏԵՂԾԵՑԻՆ «ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՆ

Մի օր Թումանյանին հյուր է գալիս կոմպոզիտոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանը, եւ Թումանյանը նրա համար կարդում է «Փարվանան», որպեսզի Սպենդիարյանն օպերայի համար ընտրեր սցենար: «Փարվանան» շատ է դուր գալիս Սպենդիարյանին, սակայն խնդրում է մի քանի սյուժե ավելացնել, որպեսզի օպերան ավելի երկար ձգվեր: Իսկ Թումանյանը չի համաձայնվում եւ, միանգամից հասկանալով Սպենդիարյանի միտքը, կարդում է «Թմբկաբերդի առումը»: Դրանից հետո Սպենդիարյանը ցնցվում է, այն օպերան, որը պիտի ձեւավորվեր հետագայում, նրա աչքի առաջ ունեցավ այդ նախերգանքը, իշխանուհու դավաճանությունը... Մի խոսքով, նրանք որոշում են` Ալ. Սպենդիարյանը պետք է գրեր «Թմբկաբերդի առումը», եւ իշխանուհու անունով օպերան պետք է կոչվեր Գոհար, սակայն որոշ ձայնավորների պատճառով օպերան վերափոխեց «Ալմաստի»:

 

ԱՅՍ ՏԱՆՆ Է ՈՐՈՇՎԵԼ «ԱՆՈՒՇԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Սոլոլակ թաղամասը եղել է հայ մտավորականության ձեւավորման թաղամասերից մեկը: Թումանյանի տան հարեւանությամբ ապրել է կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: Հենց այս տանն է որոշվել «Անուշ» օպերայի ճակատագիրը, կամ Արմեն Տիգրանյանն է հյուր եկել Թումանյանին, կամ` հակառակը, եւ երկու մտավորականներ քննարկել են «Անուշ» օպերայի ճակատագիրը:

 

ՏՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռեւկոմի կողմից մանդատ է ձեռք բերում, որ տունը ենթակա չէ բռնագրավման, եւ որեւէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Չնայած դրան, նախորդ դարի 30-ական թվականներից սկսած, բնակարանի բռնագրավման տագնապը շարունակում է մեծանալ: 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: Ընտանիքի մտահոգված անդամները դիմում են Վրաստանի եւ Հայաստանի համապատասխան մարմիններին, եւ Ավետիք Իսահակյանի միջնորդությամբ հնարավոր է լինում պահպանել տունը: 1953 թվականին այստեղ բացվում է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 հանրային գրադարանը:

 

ՄԱՍՆԱՎՈՐԻՑ ՀԵՏ ԳՆՎԵՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Տարիներ անց գրադարանն իրեն չարդարացրեց, տունը վաճառվեց մասնավորի, որտեղ մի մասում ապրում էր Թումանյանի ծոռնուհին: Հետագայում արդեն Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, լուսահոգի Լեւոն Անանյանի, Վիրահայոց թեմի ջանքերով հետ գնեցին  բնակարանը, վերանորոգեցին, եւ տրվեց Վիրահայոց թեմին: Այստեղ հիմա գործում է Հովհաննես Թումանյանի անվան գիտամշակութային կենտրոնը, որտեղ անց է կացվում գրական քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, հարցազրույցներ:

 

ԱՅՍ «ՎԵՐՆԱՏԱՆՆ» Է ԿԵՐՏՎԵԼ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ

Չնայած` Թիֆլիսում Թումանյանը շատ բնակարաններ է վարձակալել, այս տունը եղել է իր վերջին բնակարանը, որտեղ ապրել է մինչ մահը: Իսկ սրանից առաջ Թումանյանն ապրել է նախկին Բեհրության, ներկայիս` Հասրաթյան 44 տան վերջին հարկում, որտեղ հիմնադրվել է «Վերնատուն» խմբավորումը: «Վերնատան» վեցնյակը` Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լեւոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան, դեռեւս երիտասարդ եւ անհոգ մարդիկ էին, որոնցից յուրաքանչյուրն իր հետ «Վերնատուն» է բերել իր բնաշխարհի գույներն ու նկարագիրը եւ ստեղծել հետաքրքիր գրական մթնոլորտ: Այդ հայտնի վեցնյակը գիտեր, որ դառնալու են հայ գրականության դասականները եւ ամեն շաբաթ` երկու անգամ հաղթահարելով «Վերնատան» 102 աստիճան, հավաքվում էին եւ կերտում հայ գրականության ամենանշանակալի էջերից մեկը:

 

«ՎԵՐՆԱՏԱՆ» ԿԻՆ ՀՅՈՒՐԵՐԻՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՎԵՐՆԱՆՈՒՇՆԵՐ

Թումանյանը շատ հյուրասեր մարդ էր, այնտեղ հավաքվում էր ոչ միայն հայ, այլ նաեւ վրաց եւ ռուս մտավորականությունը: Մշտական անդամներից բացի, «Վերնատան» հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաեւ բազում այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ` Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ` Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ այլք: Ի դեպ, «Վերնատան» հավաքների ժամանակ կին հյուրերին ասում էին վերնանուշներ: Իսկ հավաքների ժամանակ հիմնականում հյուրասիրում էին քիշմիշով ու լաբլաբինով, որոնց վերնահատիկ էին ասում: Սակայն, հյուրասիրությունը քիշմիշով ու լաբլաբինով չէր ավարտվում, դրանք միայն հյուրասիրության սկիզբն էր, հետո արդեն անցնում էին գինեձոնի:

 

ԱՅՍ ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԿՏՐՎՈՒՄ ԷՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ

Դեպի բակ տանող այս պատշգամբը շատ պատմական է, այս պատշգամբում Թումանյանը խալաթով նստում էր ճոճաթոռին` կտրվելով քաղաքային կյանքից եւ երկխոսության ու աղոթքի մեջ էր մտնում բնության հետ, քանի որ նրա սիրտը լեռներում էր` Լոռիում: Չնայած քաղաքային ակտիվ կյանքին ու գործունեությանը, մեկ է` Թումանյանը ձգտում էր դեպի բնությունը: Այս պատշգամբում շատ հայտնի հայ դասականներն են թեյ խմել սամավարից, զրուցել, ժամանակ անցկացրել: Նույնիսկ` այս պատշգամբ հյուր է եկել նկարիչ Մարտիրոս Սարյանը, եւ ասում են, որ այս բուսաբանական այգու տեսարանը նրան այնքան է դուր եկել, որ այստեղից  որոշ էտյուդներ է արել:

 

ԱՅՍ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉՈՎ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ

Տան փոքրիկ պատշգամբը, որը նայում է դեպի գլխավոր փողոց, պատմական է այն առումով, որ հաճախ այնտեղ եղել է Անդրանիկ Զորավարը: Ասում են` թիֆլիսյան հայությունը, երբ լսում էր, որ զորավարը եկել է Թիֆլիս` Թումանյանի տուն, հավաքվում էին պատշգամբի տակ, իսկ Անդրանիկը պատշգամբից հայրենասիրական կոչով ողջունել է հայ ժողովրդին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА