o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՄՏԱԾՈՒՄ»

20.07.2016 16:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՄՏԱԾՈՒՄ»

   Ձախից Բենիամին Դովլաթյանն է:


«Ապրիլյան պատերազմական գործողություններին մասնակցած ոչ մի զինվորի հիշողությունից երբեք չի ջնջվի այդ օրերը, երբ մեր աչքի առաջ զոհվում էին մեր ընկերները»: Այսպես սկսեց մեզ հետ զրույցը  քառօրյա պատերազմին մասնակցած եւ հունիսին զորացրված Հադրութի N զորամասի արդեն նախկին զինծառայող, կրտսեր սերժանտ ԲԵՆԻԱՄԻՆ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ: Վերհիշելով, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում մարտադաշտում, Բենիամինը շարունակեց իր պատմությունը. «ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ 
ՈՉ ՈՔ ՉԷՐ ՄՏԱԾՈՒՄ»
-Պատերազմը սկսվեց միանգամից, հանկարծակի: Մենք ժամանակ չունեինք մտածելու, որովհետեւ վայրկյանների ընթացքում խաղաղ վիճակից հայտնվեցինք մարտադաշտում, ուր կրակում էին ամեն կողմից: Բայց մեր տղաներից եւ ոչ մեկը չերկնչեց, չհանձնվեց: Ու, թեեւ շատ դժվարին, բարդ իրավիճակների առաջ էինք հայտնվել, բայց շնորհիվ մեր բանակի պատրաստվածության, ոչնչի առաջ չընկրկեցինք: Հետաքրքիրն այն էր, որ անգամ այն նորեկ զինվորները, որ մինչ այդ երբեմն նույնիսկ վախենում էին պատերազմի սկսվելուց, մարտերը սկսվելուն պես բոլորին հավասար առաջին շարքերում էին: Ասենք՝ բոլորիս միջից վախ կոչվածը վայրկենապես դուրս մղվեց, քանի որ մեզ համար այդ օրերին առաջինը հայրենիքն էր եւ մեզ սպասող հարազատները: 
- Բայց չէ՞ որ ամեն պահի վտանգն աչքի առաջ էր:
- Մահվան մասին ոչ ոք չէր մտածում: Հակառակորդը կրակում էր, եւ հասկանում էինք, որ այդ գնդակներից մեկը կարող է յուրաքանչյուրիս էլ դիպչել: Բայց էլի ոչ ոք մահվան մասին չէր մտածում:
- Ուզում ես ասել, որ թշնամու հարձակումը ոչ միայն չընկճեց, այլ հոգեբանական բոլորովին այլ վիճակի՞ հասցրեց մեր զինվորներին:
- Պատերազմական օրերին բոլոր զինվորների մոտ մի ակնթարթում զարմանալիորեն ի հայտ եկան այնպիսի հատկանիշներ, որոնք մինչ այդ չէին նկատվում: Դրանք են` միասնությունը, մեկը մյուսի նկատմամբ ավելի ջերմ, եղբայրական, բարեկամական վերաբերմունքը: Այդ օրերին մոռացվել էր սպա-զինվոր հարաբերությունները. բոլորս հավասար էինք դարձել: Քանի որ բոլորիս միայն մի բան էր մտահոգում` անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: 
Մեր ստորաբաժանումը մասնակցել է պատերազմական գործողություններին բոլոր առումներով` ե՛ւ կրակել ենք, ե՛ւ թշնամուն կորուստներ պատճառել: Եվ փառք Աստծո, ոչ մի զոհ կամ վիրավոր մեր ստորաբաժանումը չտվեց: 

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

«ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՈԳԻՆ ՄԵԶ ՀԱՍՑՐԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ»
-Այստեղ՝ թիկունքում շատ էր խոսվում, թե կա զենքի պակաս: Առաջնագծում նման բան տեսա՞ք: Զենքի առումով հակառակորդին զիջո՞ւմ էիք:
- Թշնամին որքան էլ, որ ամենուր հպարտանա իր նոր զինտեխնիկաներով, միեւնույնն է, դա նրան ոչինչ չի տա եւ չտվեց նաեւ այս պատերազմում: Որքան էլ նոր, հզոր զինտեխնիկա ունենան, առոչինչ է, որովհետեւ գերժամանակակից զինտեխնիկային նաեւ ճիշտ տիրապետել է պետք: Մենք էլ, հասկանալի է, դատարկ ձեռքով չէ, որ կռվում էինք: Եվ կարեւորն այն է, որ այն, ինչ մենք ունենք, մենք կարողանում ենք շատ լավ, վարժ եւ հմուտ օգտագործել. դա ապացուցեց մեր հաղթանակը, եւ մեկ անգամ եւս փաստեց, որ թշնամին, այո, գուցեեւ ունի մի փոքր ավել զինտեխնիկա, բայց դրան տիրապետել առհասարակ չի կարողանում: Եվ դա էր փաստում նրանց զինտեխնիկայի անիմաստ կորուստները: Մեր հաղթանակը նաեւ ապացուցեց, որ նրանց բանակը, ի տարբերություն մեր բանակի, մարտունակ չէ: Եթե թշնամու բանակից մեկը զոհվում կամ վիրավորվում էր, մյուսները զենք-զինամթերքը թողնում, փախչում էին: Իսկ մենք` հայերս, ընդհակառակը, եթե տեսնում էինք, թե ինչպես են մեր ընկերները վիրավորվում կամ զոհվում, սկսում էինք մարտնչել նաեւ ընկածի փոխարեն, չէինք նահանջում ոչ մի պարագայում: Եվ պատահական չէ, որ պատերազմական օրերին ցանկացած զինվորի մոտ արթնացել էր մեր հերոսների ոգին, որ մեզ թույլ չէր տալիս ընկրկել, եւ հենց այդ ոգին մեզ հասցրեց հաղթանակի: 

«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԽԵԼՔԻՆ ԵՎ ՈՒԺԻՆ»
-Իսկ թիկունքի աջակցությունը զգո՞ւմ էիք:
- Իմ եւ ծառայակիցներիցս շատերի մոտ հատկապես տպավորվել է թե՛ Ղարաբաղի, եւ թե՛ ՀՀ դպրոցների սաների նամակները: Հավատացեք, յուրաքանչյուր զինվոր` կարդալով դպրոցականների` իրենց ուղղված նամակները, ոգեշնչվում էր, հպարտանում, որ մեզ, մեր ուժերին հավատում են բոլորը: Ինքս էլ շատ ոգեւորվեցի, կրկնակի ուժ ու եռանդ ստացա, երբ կարդացի Հադրութի դպրոցի երեխաների նամակները: Իսկ դա պարտավորեցնող էր ու միեւնույն ժամանակ՝ աննկարագրելի հպարտության առիթ էր տալիս մեզ: Երբեք չեմ մոռանա Հադրութի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի 11-ամյա աշակերտուհիներից մեկի նամակում տեղ գտած միտքը՝ ուղղված հայրենիքի պաշտպաններին. «Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված, հայի արյունը տեսած հողի վրա, որովհետեւ ես հավատում եմ հայ զինվորի խելքին եւ ուժին, ես հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին»:
Նշենք, որ Բենիամին Դովլաթյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած արիության, խիզախության եւ բարձր մարտունակության համար արժանացել է հրամանատարության շնորհակալագրի եւ պատվոգրի: Առանձին շնորհակալագիր է ստացել նաեւ Դովլաթյան ընտանիքը` հայրենիքին արժանի զինվոր մեծացնելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА