Ովքե՞ր էին ոչմիթիզականները եւ առավելապաշտները (Տեսանյութ)
ՆերքաղաքականԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին ոգեւորել էր այն, որ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հաստատել էր, թե 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը, այսինքն` ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները: Իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը, ըստ Ռուբինյանի, պիտի թողնվեր անորոշ ապագային: Վերոնշյալին «Իրավունք TV»-ն անդրադարձել է ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ զրույցում:
- Պարոն Բաղդասարյան, Ռուբինյանին հուզում է, թե «ինչո՞ւ էին Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անելե:
– Եթե Փաշինյանը նմանատիպ փաստաթուղթ ստորագրեր, կարող էր նման արձագանքներ չլինել: Պարզապես, անսպասելի էր, որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նոյեմբերի 9-ի` լույսի 10-ի գիշերը կարող էր դավադիր ձեւով նման փաստաթուղթ ստորագրվել: Ս© Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետի ակնկալիք չունի, բայց իր պաշտոնավարման երկարաձգման հիմնական պատճառը որոշվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Բոլորիս կարծիքով` այդ ընթացքում բանակցող փոխելը լուրջ վտանգ է ղարաբաղյան խնդրի հետագա զարգացման համար: Արդեն իսկ սեղանին դրված էր ԼՂ ինքնորոշման հարցի լուծման երկու տարբերակները` 7 շրջանի եւ 5 շրջանի, բայց այն ստորագրել, առանց հանրային մեծ քննարկման, հնարավոր չէր: Ուստի` պայմանավորվածությունը եղել է հետեւյալը` Սերժ Սարգսյանը պետք է որոշակի հանդիպումներ ունենա եւ որոշակի հստակեցումներից հետո` պետք է թիմի հետ հանդիպի, ապա Արցախի ղեկավարության հետ: Դրանից հետո նաեւ հանրային քննարկման արդյունքում պետք է որոշում կայացվեր, որպեսզի սա չթողնեինք հաջորդ սերունդներին: Մեր ռեսուրսները չէին բավարարում, որ եւս 30 տարի էլ նման դանդաղ պատերազմը շարունակվեր, կհյուծվեինք: Այսինքն` կունենայինք չհայտարարված պատերազմ, բայց դե ֆակտո պատերազմ, որն ընթանում էր: Ս© Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ մեկը պետք է համարձակություն ունենա եւ այս խնդիրը կարգավորի: Նա բազմիցս ասել է, որ երբեք չի եղել ոչմիթիզական: Եվ շատ կարեւոր միտք կար իր հարցազրույցում, ասում է` մենք չենք բանակցել, թե ինչ ենք հանձնելու, այլ բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու: Կարեւորագույն խնդիր է, որ առանց փոխզիջումների եւ փոխադարձ համաձայնության` նմանատիպ հարցերը չեն լուծվում: Իսկ այդ ոչմիթիզականները բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում` առանց գնահատելու մեր ռեսուրսները, թե ում թիկունքին ով է կանգնած: Այո՛, մենք ունեցել ենք բավականին լուրջ դաշնակից եւ ունենք` ի դեմս ՌԴ-ի, բայց վերջին 2«5 տարվա ընթացքում, պարզապես, մսխվեցին այդ հարաբերությունները: Իհարկե, եթե գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանար, կարող էր նորից քարկոծեին 3-րդ նախագահին, թե հող տվեց եւ այլն, բայց հետագայում, ինչպես ինքն ասաց, եթե հնարավոր լիներ այս իրավիճակը տեսնել եւ պատմության անիվը հետ տալ, մարդիկ կհամաձայնեին: Նա պատրաստ էր գնալ այդ քայլին, բայց մարդկանց հետ խոսելու միջոցով: Եվ եթե չլինեին 2«5 տարի առաջվա իրադարձությունները, այդ բանակցությունը հանրության հետ անպայման տեղի պետք է ունենար:
– Ըստ Ձեզ` Ձեր ղեկավարած խմբակցության պատգամավորները պատրաստ կլինեի՞ն ընդունել այդպիսի որոշումը եւ համակերպվել:
– Իհարկե, սա կլիներ բավականին լուրջ քննարկման առարկա, բայց մենք որեւէ անգամ չենք կասկածել մեր ղեկավարի հեռատեսության վրա: Ինձ թվում է` Սերժ Սարգսյանը պարզ տեքստով կխոսեր այնպես, որ, վերջիվերջո, ճնշող մեծամասնությամբ` համաձայնություն ձեռք կբերվեր: Հիմնականում ազատամարտիկներն էին հնչեցնում այն թեզը, որ արյունով ազատագրված հողերն առանց արյան հետ չեն վերադարձնում եւ այլն: Բայց կարելի էր ամեն ինչ բացատրել, այդ թվում եւ հանրությանը, որ սա է լուծումը` մեր սերունդների համար խաղաղ ապագա ստեղծելու: Այս խնդրի վերջնական լուծումը պետք է տրվեր, բայց բանը դրան չհասավ: Այսօր Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, թե հող հանձնելու կամ փոխզիջման հետ կապված որեւէ բանակցություն, որեւէ մտադրություն չի ունեցել, բայց շատ անկեղծ ասաց, որ կար այս տարբերակները, որոնք լավագույն լուծումները կլինեին` մեր երկու հանրապետությունների հետագա զարգացման համար:
– Ո՞ւմ նկատի ուներ ՀՀ 3-րդ նախագահն` ասելով ոչմիթիզականներ, առավելապաշտներ...
– Պետք չէ անվանական որեւէ մեկի ուղղությամբ սլաքներն ուղղել: Նրանց մեջ կային նաեւ ՀՀԿ-ականներ: Լավ հասկանում եմ նրանց, որովհետեւ պատերազմի թոհուբոհով անցած, կորուստներ ունեցող մարդիկ էին, օրինակ` պատերազմում 2-3 զոհ տված ընտանիք: Եվ այդ ընտանիքի անդամները մտածում են, որ մենք զոհ ենք տվել այս հողերի ազատագրման համար, իսկ դուք տալիս եք... Բայց սա սիրողական մակարդակի մոտեցում է, որովհետեւ պետք է մտածել երկրի պետական շահերից ելնելով: Իհարկե, կար նաեւ ռիսկայնություն` իմիջի հետ կապված, բայց ՀՀ 3-րդ նախագահը եւ մեր թիմը պատրաստ էր գնալ այդ քայլին, որ տարիներ հետո ունենայինք խաղաղ, զարգացող երկիր: Թեկուզ վարկաբեկեին այդ ժամանակ, դրանից հետո իշխանափոխություն լիներ այլ ձեւով, պատրաստ էինք: Որեւէ իշխանություն կարող էր պատրաստ չլինել դրան, ինչպես պատրաստ չէին այսօրվա դրածոները: Եթե իրենք այդ համարձակությունն ունենային, 4-5-րդ օրն այս պատերազմը կկանգնեցվեր: Բայց ասում են` բա որ կանգնեցնեինք, կասեին` դավաճան... Իսկ հիմա ի՞նչ են ասում: Մինչդեռ մենք դողացել ենք ամեն մի զոհի վրա, չէ որ կարելի էր ընդամենը 500-600 զոհ ունենալ այս պատերազմում, բայց եղան 5000 եւ ավելի զոհեր, 10 հազարից ավելի վիրավորներ, այդքան գերեվարվածներ: Երկրի նորմալ առաջնորդը չգիտեմ, թե հիմա ինչ կարգավիճակում պետք է հայտնվեր այսքանից հետո: Ես չեմ տեսել աշխարհի պատմության մեջ նմանատիպ երկրորդ դեպք, բայց պարզվում է` իրենց համար աթոռն է քաղցր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում: