ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՏԱՐԵՍԿԶԲԻՆ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ
Հասարակություն
Ստեփանակերտի օդանավակայանը, որն արդեն վերանորոգվել եւ պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել 2012 թվականին, դեկտեմբերի 25-ին չի վերաբացվի, ինչպես որ գրել էին մամուլում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խոսնակ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ` ընդգծելով.
- Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն ականազերծվել է, եւ այն լիովին պատրաստ է բնականոն աշխատանքի: Բայց մինչեւ 25-ը դժվար բացվի: Դեռ որոշ քննարկումներ կլինեն:
- Իսկ դեպի Երեւան չվերթեր կլինե՞ն, նախատեսվո՞ւմ է:
- Երբ շահագործվի, այդ բոլոր հարցերին կտրվի պատասխան: Ամենայն հավանականությամբ, տարեսկզբին կշահագործվի, այս պահին մանր-մունր վերջնական քննարկումներ են: Այն, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը մտնում է ՌԴ-ի առաջնային ծրագրերի մեջ, առիթ ունեցել ենք ներկայացնել զինադադարի համաձայնագրի ստորագրումից արդեն օրեր անց: Նաեւ, որ ծրագրերի մեջ է օդանավակայանի արդիականացումը եւ առաջին հերթին՝ թռիչքուղու երկարացումը, որ հնարավոր լինի ընդունել անգամ ամենածանր ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռները: Ընդ որում, այդ գործընթացը մեկնաբանվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի այն դրույթով, որը սահմանում է՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը...»:
Տարօրինակ է, սակայն արցախյան պաշտոնյաները հիմնականում խուսափում են զրուցել օդանավակայանի թեմայով: Ավելի ստույգ, Վահրամ Բալայանը միակն էր, որ գոնե այս հակիրճ տեղեկությունը տրամադրեց ներկա իրավիճակի մասին, նաեւ, որ օդանավակայանի գործարկումը չի ուշանա ¥դեկտեմբերի 25-ին, թե հունվարի սկիզբ, էական չէ¤: Թե ինչու են արցախյան պաշտոնյաները լռում, ապա, ինչպես անունը չներկայացնելու պայմանով պատմեց մեր քաջատեղյակ աղբյուրներից մեկը. «Շատերը պարզապես մտածում են, թե հայաստանյան իշխանական վերնախավում ինչպես են ընդունելու այդ փաստը: Եթե օդանավակայանը սկսի գործել, ապա այն մեկ քայլով եւս Արցախը Հայաստանից կտարանջատի, քանի որ ռուսական կողմը պարզապես կարող է իր բեռներն ուղղակիորեն առաքել Արցախ: Կա նաեւ այն տարբերակը, որ Արցախում կարող է մինչեւ իսկ ռուսական ռազմական ավիացիա տեղակայվել, որի մասին եւս նախընտրում են չխոսել: Սակայն օդանավակայանն այնպիսի բան չէ, որ կարողանա թաքուն գործել, ու ամեն ինչ այսօր-վաղը կդառնա ստույգ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ