o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԸ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՉ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

18.10.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽԸ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՆՑ ԻՐԵՆՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՉ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Ուշագրավ տեղեկություն տրամադրեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալասանյանը` կապված օրերս տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի հանդիպման հետ: Այսպես, անդրադառնալով հարցին, թե հանդիպման ժամանակ ինչու էր բացակայում ԱՀ դրոշը, պարոն Բալասանյանը տեղեկացրեց, որ ինքը եւս այդ հարցով հետաքրքրվել է, եւ կառավարությունից բացատրել են, որ հանդիպումը պլանավորված չի եղել. «Բացատրում են, որ պատահական է ստացվել այդ հանդիպումը, եւ որ հապճեպության արդյունքում է, որ Արցախի դրոշը չի տեղադրվել...»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

 

Ո՞ՐՆ ԷՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ «ՀԱՊՃԵՊ» ԵՐԵՎԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ

Ասպիսով, ո՞րն էր Փաշինյան-Սահակյան նման «պատահական», ավելին՝ «հապճեպ» հանդիպման իմաստը: Այն էլ այն նույն օրը` հոկտեմբերի 15-ին, երբ երկուսն էլ ծայրահեղ զբաղված պետք է լինեին. Փաշինյանը նոր էր հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին, եւ Հայաստանում էր նաեւ Վրաստանի վարչապետը: Իսկ ահա Սահակյանը պատրաստվում էր հաջորդ օրը ընդունել համանախագահներին, եւ դրա նախօրեին չպլանավորված «հապճեպ» այց կատարել Հայաստան, սովորական պայմաններում անտրամաբանական տեսք կունենար: Անգամ եթե կար համանախագահների հետ հանդիպումը Փաշինյան-Սահակյան ձեւաչափով քննարկելու խնդիր. ավելի լավ չէ՞ր լինի, որ երկուսն էլ հանդիպեին, ապա նոր ամբողջաման պատկերն իրար հետ քննարկեին: Բայց չէ, այս անգամ առաջացավ «հապճեպություն», ինչը խելքին մոտ մեկ բացատրություն կարող է ունենալ: Որ համանախագահների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ի հայտ են եկել այնպիսի կարեւոր նյուանսներ, որոնք պետք է ոչ թե պարզապես արագորեն փոխանցվեին Սահակյանին (դրա համար պարտադիր չէր անձնական հանդիպումը), այլ դա արվեր ցուցադրաբար, դեռ այդ պահին Երեւանում գտնվող համանախագահների աչքի առաջ:Ի դեպ, մեկ հետաքրքիր հանգամանք եւս. համանախագահները Երեւանում էին հոկտեմբերի 14-ին, եւ այդ օրն էլ հանդիպեցին ԱԳ նախարաար Մնացականյանի հետ: Հաջորդ օրը տեղի ունեցավ Փաշինյանի հետ հանդիպումը, եւ միայն հոկտեմբերի 16-ին նրանք մեկնեցին Ստեփանակերտ: Այսինքն, Երեւանում էին երկու օր՝ ունենալով ընդամենը երկու հանդիպում: Եվ ինչո՞վ էին զբաղված մնացած ժամանակ: Կան կցկտուր խոսակցություններ, որ նրանք Երեւանում սպասում էին որոշ պարզաբանումների, որոնք կարող էին տրվել Սահակյանի հետ Փաշինյանի կողմից ինչ-որ հարցեր ճշտելուց հետո: Ըստ նույն այդ լուրերի` Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպումից եւ Վրաստանի վարչապետի հետ պաշտոնական ընթրիքից հետո եւս մեկ՝ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել համանախագահների հետ՝ կապված այդ ճշգրտումների հետ: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, աղբյուրը դժվարացավ մանրամասնել: Սակայն Սահակյանի հետ համանախագահների հանդիպումը որոշ մտորումներ առաջացնում է: Այսպես, այդ հանդիպման հետ կապված եղավ նման հակիրճ տեղեկատվություն. «Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը»: Այսինքն, պաշտոնական Ստեփանակերտը մինչեւ վերջ պնդում է, որ առանց իր մասնակցության, չի կարող հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ լինել, ավելի ճիշտ՝ իր համար ընդունելի լինել:

Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին դրոշի օրվա առթիվ ու նշել, որ «մի օր բարձրացված դրոշը երբեք չի խոնարհվի»

 

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎՍ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ

Եվ ահա այստեղ նկատենք` «պատահաբար» հենց այդ չարաբաստիկ հոկտեմբերի 15-ին որոշեց ասուլիսով հանդես գալ Վիտալի Բալասանյանը` ներկայացնելով որոշ ուշագրավ բացահայտումներ: Ընդ որում, դեռ մայիսին նա, Դուշանբեի հետ կապված, այն միտքն էր հայտնել, որ այնտեղի պայմանավորվածությունները Ստեփանակերտի համար գաղտնի են. «Այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ` ինչի մասին էին, չգիտեմ` ի՞նչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»: Դա ակնարկ էր, որ Փաշինյանը գործում է՝ Ստեփանակերտին շրջանցելով: Իսկ ահա ասուլիսից օրեր առաջ Բալասանյանը հանդես եկավ նաեւ հայտնի աղմկոտ հարցազրույցով՝ Դուշանբերի «վերելակային» գործընթացի հետ կապված նշելով. «Վերելակում ինչ-որ մութ հարցերի շուրջ խոսակցություն է եղել: Ընդհուպ կան խոսակցություններ, որ Իլհամ Ալիեւը ինչ-որ փաստաթուղթ կամ թղթեր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին»: Նման էր ակնարկի. ինչ-որ բան ասում է` մինչեւ վերջ չբացելով փակագծերը: Եվ ահա համանախագահների հետ հանդիպման օրը Բալասանյանի տոնը դարձավ շատ ավելի սպառնալից: Նախ` նա այս միտքն առաջ քաշեց. «Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը... Լեւոն Տեր Պետրոսյանի քաղաքականությունը հետեւյալն էր, տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում: Մինչ օրս Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ մտքից ու այդ ծրագրից... Այնպես չէ, որ Փաշինյանը տեսլական է ներկայացնում, չկա տեսլական, տեսլականը այն փաստաթղթերն են, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերն են, որոնք նա ժամանակ առ ժամանակ դնում է շրջանառության մեջ»: Եվ Փաշինյանի արցախյան քաղաքականությունն ուղղակիորեն կապելով Տեր-Պետրոսյանի հետ` Բալասանյանն անցավ նաեւ «վերելակին». «Մենք իհարկե գիտեինք, թե ինչի մասին են այդ բանակցությունները, մենք հենց այնպես չէ, որ պիտի լսենք իրենց: Մենք էլ ունենք մեր հետախույզները, գիտենք, թե ում հետ ինչի մասին է խոսել վարչապետը, բայց չենք հրապարակելու, սպասելու ենք այնքան, որ ՀՀ վարչապետը ինքը խոսի, ներկայացնի, թե ինչի մասին է խոսել վերելակում կամ մյուս հանդիպումների ընթացքում»:

Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

Սա արդեն նույնիսկ ակնարկ չես համարի, սա ամեն ինչ բացահայտելու սպառնալիք է: Եվ հաշվի առնելով, որ մինչ պաշտոնանկությունը Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր, պետք է ենթադրել, որ այդ սպառնալիքներն օդից չեն գալիս: Եվ հաշվի առնելով, որ այդ ամենը հնչեցվեցին ՄԽ-ի այս բավականին տարօրինակ այցին զուգահեռ, ենթադրելի է դառնում, որ Դուշանբեի «վերելակի» մանրամասների բացահայտման մասին ակնարկները պետք է, որ սերտորեն կապված լինեին համանախագահների հետ Փաշինյանի համաձայնության գալ-չգալու հետ կապված Արցախում առկա սպասելիքների հետ: Այլ հարց է, Սահակյանը կանգնա՞ծ է Բալասանյանի այս բոլոր ակնարկ-սպառնալիքների թիկունքին: Միգուցե, նրա հետ այդ «հապճեպ» հանդիպման նպատակը հենց դա պարզելու իմաստով էր, միգուցե, պետք էր հասկանալ՝ որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Բալասանյանը, եւ միգուցե, պաշտոնական Ստեփանակերտը, ապա նոր համանախագահներին վերջնական պատասխան տար: Առավել եւս, որ դեռ հարց է, թե ինչ պատասխան է ցանկալի Արցախի համար: Այսինքն, եթե Բալասանյանն այն միտքն է առաջ տանում, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի ծրագիրն է առաջ տանում, ապա նկատենք, որ այն շատ ավելի համահունչ է Բոլթոնի հայտնի «Հողեր՝ խաղաղության դիմաց» բանաձեւին: Ընդ որում, նկատենք, որ իր ասուլիսում Բալասանյանը հիշեց նաեւ Բոլթոնի ծրագրի մասին՝ այն համարելով արեւմտյան ծրագիր, բայց նաեւ չպնդելով, որ դրա թիկունքին Թրամփն է կանգնած: Ակնարկը հասկանալի է. խոսքը հայտնի ուլտրալիբերալ նկրտումների մասին է, պարզապես Բալասանյանից եկած ակնարկն այն մասին էր, որ Փաշինյանը հակված է այդ ուղղությանը: Իսկ ահա ՄԽ-ի պաշտոնական քաղաքականությունը եւ հայտնի վեցկետանոց առաջարկը միանգամայն այլ է եւ այլ հարթությունում: Այսինքն, Բալասանյանի խոսքից այն տպավորությունն է առաջանում, որ Փաշինյանը նաեւ ՄԽ-ի հետ է խաղում: Հենց այստեղ է, որ էլ ավելի է կարեւորվում Բալասանյանի թիկունքի պաշտոնական Ստեփանակերտի կանգնած լինել-չլինելու հարցը: Նկատենք, որ համանախագահների հետ Սահակյանի հետ հանդիպումը եկավ հուշելու, որ Արցախը պարզապես չի կատարի առանց իր համաձայնության ձեռք բերված եւ ոչ մի պայմանավորվածություն, ովքեր էլ, որ դրանք ձեռք բերած լինեն: Հենց դա էլ, ի դեպ, դրված էր Բալասանյանի ողջ խոսքի տակ: Այսինքն, այն տպավորությունն է, որ Արցախում մտածում են այնպես, ինչը հրապարակային դաշտ է բերվում «ապստամբ» գեներալի շուրթերով: Ի դեպ, այստեղ նաեւ չմոռանանք, որ մի շարք կրիտիկական պահերին հանկարծ պարզվեց, որ Սահակյանը Մոսկվայում է: Եվ ահա Բալասանյանն էլ իր հերթին, Փաշինյանի քաղաքականությունը կապելով Տեր-Պետրոսյաանի եւ «Բոլթոնի ծրագրի» հետ, բացահայտ դեմ է հանդես գալիս դրան, մինչդեռ չմոռանանք, որ այդ ուղղությունը Մոսկվայում եւս համարում են իրենց դեմ ուղղված աշխարհաքաղաքական դիվերսիա: Ընդ որում, այս օրերին նաեւ Մոսկվայի անհանգստությունն է պարզ զգացվում: Վերջապես, եթե դեռ մայիսին Բալասանյանն ասում էր, թե Ստեփանակերտին Փաշինյանը տեղեկատվություն չի տվել «վերելակի» մասին, իսկ հիմա էլ, թե Արցախում ամեն ինչ գիտեն, հարց է ծագում նաեւ, թե որտեղի՞ց այդ հստակ ինֆորմացիան: Իսկ ահա Մոսկվայում, անշուշտ, այդ ողջ տեղեկատվությանը տիրապետում էին: Մնում է միայն Բալասանյանի թիկունքը պահել, ու ուլտրալիբերալիզմի այս մի վերջին նկրտումն էլ կչեզոքանա: Առավել եւս Սիրիայից հետո, որը փոխում է ողջ աշխարհաքաղաքական ֆոնը:

Ադրբեջանը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА