o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԱՌՎԵԼ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆՈՒՄ. ՀԾԿՀ-Ն ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀՈԴԱԲԱՇԽ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

26.04.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԱՌՎԵԼ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆՈՒՄ. ՀԾԿՀ-Ն ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀՈԴԱԲԱՇԽ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ

«Իրավունքի» նախորդ համարներում առիթ ունեցել ենք անդրադառնալ բնական գազի գործող սակագնի խնդրին: Այսինքն, որքանո՞վ է այն արդար: Ամեն դեպքում, սակագնի հիմքում դրված են մի շարք ֆինանսական հոդվածներ, որոնք միշտ էլ խնդիր են առաջացրել: Օրինակ ներդրումները. ինչո՞ւ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներդրումները համարում սակագնի վրա ազդող գործոն եւ ներառում սակագնային հաշվարկներում: Այն դեպքում, երբ (ոչ միայն գազի) դա նկատելիորեն ազդում է գնագոյացման վրա: Մինչդեռ կան ներդրումները ետ ստանալու այլ քաղաքակիրթ ձեւեր: Այդ թվում, ցանկացած ընկերության ներդրումները, առավել եւս՝ ընկերության ընդլայնմանը միտված ներդրումները ազդում են ընկերության կապիտալիզացիայի մակարդակի վրա: Կարճ ասած, ընկերության արժեքը դարձնում են ավելի բարձր: Առավել եւս, որ մասնավորապես «Գազպրոմ Արմենիայի» պարագայում կան ներդրումներ, որոնք ուղղակի կապ չունեն շարքային սպառողի հետ: Օրինակ, Իրան-Հայաստան գազատարի կառուցման վրա մեծ ներդրումներ են արվել, եւ հարց է՝ դրանք եւս սակագնի մե՞ջ են, եթե այո, ինչո՞ւ, երբ դա ընկերության համար բիզնեսի ուղղություն է, որը եկամուտներ է բերում: Անցած տարի այդ գազատարով տեղափոխվել է 523.8 մլն խմ գազ, որը համարժեք է բնակչության սպառած գազին: Մինչդեռ իրանական գազը, ըստ ծրագրվածի, պետք է վերածվեր էլեկտրաէներգիայի եւ ետ ուղարկվեր Իրան: Ուրեմն, շարքային սպառողին դա հետաքրքի՞ր է. իհարկե՝ ո՛չ: Իսկ Հրազդանի ՋԷԿ-ում իրականացված ներդրումնե՞րը: Կամ, օրինակ, «Տրանսպորտային միջոցների (այդ թվում` «Հրազդան 5» հիմնարկիտեխնիկական սպասարկման եւ վերանորոգման  աշխատանքների, այդ թվում` չափաբաժին 1.  Kia, Nissan, Ford, Liaz, chevrolet Niva, Gaz, lexus եւ այլ մակնիշի ավտոմեքենաների» նպատակով այս տարի պետք է ծախսվի մոտ 48.4 միլիոն դրամ: Ընկերության ինչ-որ ղեկավարի lexus-ի համար նույնպե՞ս սպառողը պետք է վճարի:

Այս հարցերի հետ կապված դիմել էինք ՀԾԿՀ, եւ ահա ստացանք այս գրավոր պատասխանը.

- Ձեր կողմից 18.04.2019թ. բարձրացված հարցերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հայտնում է հետեւյալը.

1-ին հարցի մասով հայտնում ենք, որ ՀՀ գազամատակարարման համակարգը բաղկացած է գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերից, որոնցում իրականացվող ցանկացած ներդրումային ծրագիր ուղղված է հանձնաժողովի 14.07.2010թ. N365Ն որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգով նախատեսված հիմնախնդիրների լուծմանը` նպատակ ունենալով սպառողներին ապահովել անխափան ու անվտանգ գազամատակարարմամբ: Ընդ որում, ներդրումային ծրագրերը նախքան դրանց իրականացումը համաձայնեցվում են հանձնաժողովի հետ, դրանց իրականացումից հետո կատարված ծախսերը մանրամասն ուսումնասիրվում եւ վերլուծվում են Հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում սակագների հաշվարկում ներառվում են միայն ընկերության լիցենզավորված գործունեությանն առնչվող հիմնավորված ծախսերը:

2-րդ հարցի մասով հայտնում ենք, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցմանն ուղղված ներդրումները ներառված են վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկում, քանի որ այդ գազատարով իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքից ստացվող օգուտները նույնպես ուղղվում են ներքին շուկայի սպառողի սակագները մեղմելուն: Մասնավորապես, Իրանից ներկրվող բնական գազի փոխադրումից ստացվող հասույթը, որպես նվազեցվող գործոն, հաշվի է առնվում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներում:

3-րդ հարցի մասով հայտնում ենք, որ Իրանի հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում 2018 թ.-ին ներկրված բնական գազի դիմաց նույն տարում Իրան է արտահանվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան չափով էլեկտրական էներգիա (1539,6 կՎտժ): Ինչպես արդեն նշվեց, այդ գործարքից ստացված օգուտներն ուղղվում են ներքին շուկայի սպառողի (ինչպես գազամատակարարման, այնպես էլ էլեկտրաէներգետիկական համակարգի) համար սահմանվող սակագների մեղմանը:

Ինչ վերաբերվում է սակագներում ներառվող ինչպես ներդրումային, այնպես էլ՝ շահագործման ծախսերին (այդ թվում` տրանսպորտային միջոցների հետ կապված), ապա դրանք Հանձնաժողովի կողմից մանրամասն ուսումնասիրում եւ վերլուծվում են, ինչի արդյունքում, համաձայն գործող մեթոդիկաների, սակագների հաշվարկում ներառվում են միայն ընկերությունների լիցենզավորված գործունեությանն առնչվող հիմնավորված ծախսերը: Սակագների վերանայման գործընթացն անցնում է բաց, թափանցիկ ընթացակարգով` ներկայացնելով հանրության քննարկմանը: Մասնավորապես, սակագների հայտերը այնուհետ հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները նախապես տեղադրվում են հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով ցանկացած շահագրգիռ անձի (այդ թվում` սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին) ծանոթանալու դրանց, ներկայացնելու իրենց առաջարկները ստանալու պարզաբանումներ:

Այն, որ պատասխանն ընդհանրական բնույթի է, առանց ռեալ կոնկրետացումների, դժվար չէ կռահել: Սակայն որոշ հետաքրքիր դրվագներ կան: Իրան-Հայաստան գազատարը, թեեւ միայն օրինակ էր, բայց լավ է, որ պարզաբանեցին, թե դա էլ է սակագնի մեջ հաշվարկված: Եվ ի՞նչ, այդ գազատարից ստացվող եկամուտները ե՞ւս ներառվել են սակագնի մեջ՝ որպես նվազեցնող գործոն: Այսինքն, 150 դոլարով (հաստատված սակագնի մեջ այդ ցուցանիշն է) գազ ենք ստանում, որը շարքային սպառողի համար վերածվում է մոտավորապես կրկնակի բարձր սակագնի: Ու դրանից հետո դեռ պարզվում է, որ Իրան-Հայաստան գազատարը չլիներ, սակագինը էլ ավելի բա՞րձր էր լինելու: Դա էլ մի կողմ: Ասենք, ժողովրդի գրպանի հաշվին Իրան-Հայաստան գազատարի գինը 100 տոկոսով փոխհատուցվեց: Դրանից հետո ի՞նչ է, այդ գազատարը պետք է նորից մնա «Գազպրոմ Արմենիայի» սեփականությո՞ւնը: Բայց չէ՞ որ, այսպես ասենք, մեր ժողովուրդը կարող էր վարկ վերցնել, սակագնի մեջ ներառված արժեքի չափով կամաց-կամաց այն մարեր, եւ վերջում իրեն կմնար գազատարը: Իսկ հիմա, ըստ էության, գազատարի ծախսը փոխվում է ժողովրդի գրպանից, վերջում տերը էլի «Գազպրոմն» է մնալու: Էլ չասած, որ այդ գազատարն էլ գլխից է համապատասխան չափով ազդել ընկերության կապիտալիզացիայի վրա:

Կրկնենք, սա օրինակ է, եւ կան մի շարք նման այլ օրինակներ: Եվ ամբողջ խնդիրն այն է, թե այդ ո՞վ եւ ինչո՞ւ է այս «շուստրի» մեթոդիկան մշակել: Այն է՝ ինչո՞ւ են ներդրումները դրված սակագնի մեջ: Ասում ենք «անխափան ու անվտանգ գազամատակարարում»: Բայց չէ՞ որ հենց ընկերության շահից է բխում «անխափան ու անվտանգ գազամատակարարումը». չմատակարարի, պարզապես բիզնես չի ունենա: Շուկա է, քաղաքացիներն էլ՝ գնորդներ: Ողջ աշխարհում ամեն մի գնորդի համար ընկերությունները քյալլա են տալիս, իսկ մեզ մոտ «անխափան ու անվտանգ գազամատակարարումը» լավություն են համարում, որի դիմաց գնորդը պետք է դեռ մի բան էլ վճարի՞...

Մի խոսքով, տարօրինակությունները, եթե մինչ այս պատասխանը կային, հիմա պարզապես կրկնապատկվեցին, եւ կփորձենք հանձնաժողովից շատ ավելի մանրամասն բացատրություններ ստանալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА