ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշեմիկ կաթվածի՝ «ինսուլտի» բուժումը կդառնա անվճար. ծրագիրը կգործի առայժմ 2 հիվանդանոցում

23.01.2019 20:03 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Իշեմիկ կաթվածի՝ «ինսուլտի» բուժումը կդառնա անվճար. ծրագիրը կգործի առայժմ 2 հիվանդանոցում

Գլխուղեղի սուր եւ ենթասուր իշեմիկ կաթվածների («ինսուլտների») բուժումը այսուհետ Հայաստանում կիրականացվի պետական պատվերով: Այսինքն՝ կլինի անվճար՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: Նշենք, որ իշեմիկ կաթվածն այն տեսակն է, երբ արյան անոթների խցանումների կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյուն չի ստանում, եւ հյուսվածքները մահանում են:

Ես երբեք չեմ ասել, որ քաղցկեղի բուժումը անվճար է. Արսեն Թորոսյան

Ծրագիրը կոչվում է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիր եւ նախատեսվում է, որ այն կմեկնարկի արդեն փետրվարի 1-ից՝ ներառելով տարեկան շուրջ 250 պացիենտի:

«Հույս ունեմ, որ փետրվարի 1-ից կհասցնենք սկսել, որովհետեւ ամեն ինչ կարծես թե պատրաստ է: Այս օրերին համակարգի ներդրման վերջին շտրիխներն են արվում, բոլոր մարզերում շտապ օգնության բրիգադներն անցել են վերապատրաստում: Ճիշտ ախտորոշման եւ ժամանակին Երեւանի երկու կենտրոն հասցնելու դեպքում պետպատվերի շրջանակներում կաշխատի գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտների բուժման ծրագիրը»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ում կյանքին վտանգ է սպառնում՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Իսկ նշված երկու բուժհաստատությունները, որտեղ նման դեպքերում կարելի է դիմել, «էրեբունի» եւ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներն են:

Նախարարը պարզաբանեց, որ համապատասխան հնարավորություններ առայժմ ունեցել են այս հաստատությունները: Մյուսները նույնպես կմիանան ծրագրին, եթե բավարարեն պահանջներին:

Նշենք, որ նմանատիպ ծրագիր արդեն մի քանի տարի գործում է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, երբ պետպատվերով ստենտավորում է իրականացվում կյանքի համար առաջացող վտանգի դեպքում՝ անկախ պացիենտի սոցիալական դրությունից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА