ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՈՒ ԲՈԼԹՈՆԻ ԱՅՑԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՏԱԼԻՍ

16.10.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՈՒ ԲՈԼԹՈՆԻ ԱՅՑԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւս պաշտոնապես հաստատեց, որ պատրաստվում է այցելել ՌԴ եւ հարավկովկասյան տարածաշրջան: «Թվիթերի» իր միկրոբլոգում Բոլթոնը նաեւ ներկայացրել է այցի նպատակը, հասկանալի է՝ ընդհանուր գծով. «Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»:

ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

 

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՇԱՀԸ

Այն, որ ամերիկյան գործող վարչակազմի ամենաազդեցիկ գործիչներից մեկի համարում ունեցող Բոլթոնի հիմնական բան ու գործը հենց նրա նշածն է՝ ամերիկյան շահերը անվտանգության հարցերում առաջ տանելը, այլ կերպ չէր էլ կարող լինել, դա նրա աշխատանքային հիմնական պարտականությունն է: Այդ առումով, ինչ-որ տեղ նաեւ անտրամաբանական է, որ այդ կերպ է Բոլթոնը փորձում ներկայացնել իրեն սպասվող այցը. բա ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվեր նա առավել եւս՝ ՌԴ այցելելով, եթե ոչ ամերիկյան շահերով: Ուստիեւ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է նա այդ մասին հիշեցնում: Գրել է հենց այնպես, պարզապես գրելու համա՞ր. չէ, Բոլտոնն այն կարգի ֆիգուր չէ, որ հենց այնպես ինչ-որ միամիտ բաներ գրի:  Այդ դեպքում, ինչո՞ւ...

Հարցին փորձենք այլ կողմից մոտենալ. այս պահին ամերիկյան անվտանգության հետ կապված այդ ի՞նչ շահեր է Բոլտոնը տեսնում նախ՝ ՌԴ-ում, ապա՝ հարավկովկասյան երկրներում: Այս մասին ենթադրություններ կային այն պահից, երբ դեռ նոր էր ոչ պաշտոնապես հայտնի դարձել, որ Թրամփի խորհրդականը նման այցի է պատրաստվում: ՌԴ ապա Հարավային Կովկաս համաժամանակյա այցը միանգամից առաջին պլան է մղում այն ենթադրությունը, որ խոսքը Իրանի մասին է: Հենց այս ուղղությամբ է, որ ներկայումս առավելագույնս կենտրոնացած է Վաշինգտոնը, ավելի կոնկրետ, Իրանի նավթի արտահանման վրա սահմանած հայտնի պատժամիջոցներին: Բացի այդ փաստը, որ հենց Բոլթոնն է այս ուղղությամբ գործող ամերիկյան առանցքային ֆիգուրանտներից մեկը, ավելորդ անգամ հաստատում է, որ այցի հիմնական նպատակը հենց դա է: Ուրեմն, ո՞րն է այդտեղ ԱՄՆ-ի անվտանգության հետ կապված շահը: Այստեղ նախ նկատենք, որ իրանական նավթի նկատմամբ հայտարարված ամերիկյան վերջին պատժամիջոցները հերթական անգամ լրջագույն հակասություններ առաջ բերեցին ոչ միայն ՌԴ-ի եւ Իրանի, այլ նաեւ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում: Եվրոպան ցուցադրաբար հրաժարվում է միանալ պատժամիջոցներին, ինչը Վաշինգտոնի համար, ի թիվս այլ հարցերի, նաեւ հեղինակության հետ կապված է լուրջ խնդիր առաջացնում: Եվ պատահական չէր, որ նույն Բոլթոնն օրերս հասավ մինչեւ այս կարգի բացահայտ սպառնալիքների. «Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որպեսզի Եվրոպան կամ որեւէ այլ երկիր շրջանցի մեր պատժամիջոցները»: Եվ պարզ է, գլոբալ առումով ԱՄՆ-ը կարող է բախվել մի այնպիսի վտանգի, որին չհասնելու համար պետք է որ բոլոր ջանքերն ու միջոցները գործադրվի: Նկատի ունենք, որ Իրանի նավթային պատժամիջոցները մի կողմից միանգամայն իրատեսական են դարձնում ոչ միայն իրանական, նաեւ ռուսական նավթի վաճառքը թեկուզեւ մասնակիորեն եվրոյի տեղափոխելու շուրջ ՌԴ-Եվրոպա դաշինքի հեռանկարը: Իսկ ավելի ընդհանրական առումով, ՌԴ-ում խոսակցություններ սկսվեցին առհասարակ տնտեսության դոլարիզացիայից լիովին հրաժարվելու մասին, ինչին ակտիվորեն աջակցեց նաեւ Չինաստանը: Այսպիսով, իրանական նավթի շուրջ աղմուկը ԱՄՆ-ին սպառնում է դոլարին ուղղված հարվածով, եւ ով իմանա, թե դա ինչ հետեւանքների կտանի: Իհարկե, բոլորն են հասկանում, որ բուն ՌԴ-ին ուղղված ամերիկյան տնտեսական պատժամիջոցները լուրջ խնդիր են՝ դոլարից հրաժարվելու հարցում: Բայց մյուս կողմից, վերջին ժամանակներս նավթի համաշխարհային գները մտել են թռիչքի փուլ՝ գերազանցելով մեկ բարիելի հաշվով 80 դոլարի մակարդակը, մինչդեռ ժամանակին 40-ից էլ ներքեւ էր: Դա ՌԴ-ին, ասենք նաեւ Իրանին, հնարավորություն է տալիս շատ ավելի ակտիվորեն դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին: Թրամփը, ճիշտ է, փորձում է նավթի գների հետագա աճը կանգնեցնել՝ սովորականի նման փորձելով օգտագործել Սաուդյան Արաբիային: Սաուդները հրաժարվեցին այդ խաղի մեջ մտնել, թերեւս հիշելով, թե գների անցած գերանկումներն ինչ ծանր հարված էին ոչ միայն ՌԴ-ի, այլ հենց իրենց համար: Եվ այն, որ այս պահին ի հայտ եկավ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման ¥իբր, թե նա մտել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն եւ այնտեղից դուրս չի եկել¤   հետ կապված՝ Սաուդյան Արագիային լրագրողի սպանության մեջ մեղադրելու պատմությունը, հազիվ թե պատահական էր: Համենայնդեպս այն, որ Թրամփը անմիջապես հայտարարեց, թե պատրաստ է գնալ սաուդների դեմ տնտեսական պատժամիջոցների, գալիս է հուշելու, որ իրականում ամեն ինչ պետք է հենց նավթի գների հետ կապել: Բայց գոնե այս փուլում անգամ այդ սպառնալիքները Սաուդյան Արաբիային չեն վախեցնում. եղավ նաեւ պատասխան սպառնալիքը, որ կպատասխանեն «ավելի լուրջ միջոցներով», ինչը Վաշինգտոնը հազիվ թե կարողանա ուշադրությունից դուրս թողնել: Փորձագետներն այն կարծիքին են, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է մինչեւ իսկ իր հսկայական ներդրումներրը դուրս բերել ամերիկյան տնտեսությունից, որը Վաշինգտոնի համար մղձավանջից էլ վատ սցենար կդառնա: Մի խոսքով, նավթի բարձր գների համար համառ պայքարը շարունակվում է, եւ եթե այս իրավիճակում ԱՄՆ-ին հաջողվի նաեւ իրականում կյանքի կոչել իրենց իսկ սահմանած իրանական նավթի պատժամիջոցների ծրագիրը, դա նավթի գների աճը կարող է դուրս բերել ամեն մի տրամաբանությունից: Չկարողանան լուծել Իրանի խնդիրը, դա էլ կհանգեցնի այնպիսի հեղինակության հարվածի, որից Թրամփի վարչակազմը դեռ երկար ժամանակ ուշքի չի գա: Եվ դա այն դեպքում, երբ ուր որ է, պետք է տեղի ունենան ամերիկյան կոնգրեսի ընտրությունները:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՈՐՈՇ Է»

 

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Այսպիսով, այն տպավորությունն է, որ Թրամփի վարչակազմը հերթական անգամ ինքն իրեն ցուկցվանգի վիճակի է հասցրել: Այս տեսանկյունից, թերեւս ենթադրելի է նաեւ Բոլթոնի սպասվող այցի իմաստը: Հարավային Կովկասում Թրամփի խորհրդականը, ըստ ամենայնի, նախ կփորձի սեփական աչքով տեսնել՝ հնարավո՞ր է այս տարածաշրջանի միջոցով  արգելափակել ՌԴ-Իրան կոմունիկացիոն կապը: Երկրորդը, իրատեսակա՞ն է տարածաշրջանը վերածել պլացդարմի, եթե անհրաժեշտություն առաջանա  Իրանի դեմ ռազմական հարված կիրառել՝ միաժամանակ ՌԴ-ից օժանդակությունը չեզոքացնելով: Ընդգծեցինք այս ծայրահեղ խնդիրները, հաշվի առնելով, որ եթե դրանք տան բացասական պատասխաններ, ապա մնացած բոլոր միջոցներն անիմաստ կլինեն՝ իրանական ճգնաժամին Վաշինգտոնի համար ցանկալի լուծում տալու համար: Անգամ նավթային էմբարգոն է դառնում անհնար, հաշվի առնելով, որ շատ աղբյուրներ անթաքույց են խոսում իրանական նավթը Կասպից ծովով ՌԴ հասցնելու եւ այնտեղի շուկա դուրս բերելու համար: Նկատենք նաեւ. ինչ արդյունքներ կստանա Բոլթոնը Հայաստանում եւ Վրաստանում, գլխավորը չէ հիմնական խնդիրը լուծելու համար: Եթե ՌԴ-Իրան կոմունիկացիոն ուղիները Ադրբեջանով եւ Կասպից ծովով են, թերեւս Բոլթոնի հիմնական թիրախը հենց Բաքուն է լինելու: Սակայն արդյունավետությունը քիչ հավանական է: Նախ, վերջերս կնքված Կասպից ծովի մասին պայմանագիրը Բաքվի անգամ ցանկության դեպքում թույլ չի տալիս խզել ՌԴ-Իրան կապը: Երկրորդը, օրերս ռուսական նավատորմը Կասպից ծովում հերթական հրթիռային ուսումնական արձակումներն իրականացրեց, որոնք Բաքվի համար ավելորդ հիշեցում էին, որ ավելորդ քայլերից պետք է հեռու մնալ: Վերջապես, Բաքուն ռուս-իրանական կոմունիկացիաների հաշվին մեծ փողեր վաստակելու ծրագրեր ունի, իսկ նավթի բարձր գները նաեւ իր համար է գերշահավետ:

 

ՀԻՆ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Բայց նաեւ չմոռանանք, որ հարավկովկասյան տարածաշրջանում Բոլթոնը նաեւ ունի ղարաբաղյաան խաղաքարտը խաղարկելու հնարավորություն: Չնայած, դա էլ հազիվ թե արդյունավետ լինի: Եթե, ասենք, ենթադրենք, թե Բաքվին կհրապուրի Արցախի հարցում նրա օգտին քայլեր կատարելու հեռանկարով, ապա մեկ է, Ալիեւը հազիվ թե հաշվի չառնի ամենապարզ հարցը՝ ՌԴ-ն գտնվում է տարածաշրջանի հարեւանությամբ, իսկ ԱՄՆ-ը՝ օվկիանոսից այն կողմ: Նույն խոստումը, եթե տա Հայաստանին, դա էլ աշխարհագրությունը չի փոխի: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ տարածաշրջան Բոլթոնի այցը հավանաբար կընդունի ճանաչողա-ուսումնասիրական բնույթ, ու նա, թերեւս, կփորձի Մոսկվայում պարզապես Իրանի հարցի շուրջ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել: Հայաստանում եւ Ադրբեջանում, թերեւս, Բոլթոնը որոշ ճնշումներ կգործադրի, սակայն ավելի շուտ տրամադրությունների ստուգման համար, եւ արդյունքում, հազիվ թե հարավկովկասյան իրողություններն այս այցից ինչ-որ էական փոփոխություններ ունենան: Մյուս կողմից, օրերս ավարտվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը եւս ինչ-որ էական բան չտվեց: Մի քիչ պարեցին, եռագույն նասկիներ տվեցին-առան, Երեւանով շրջագայեցին, գեղեցիկ խոսքեր հնչեցրին, սակայն թե դրանից ինչ առարկայական օգուտ եղավ, տեսանելի չէ: Ավելին, Երեւանում քաղցր խոսքեր շռայլող Մակրոնը պատրաստվում է Բաքու գնալ, որտեղ ցանկանում է 400-500 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ նավեր վաճառել: Իսկ դա շատ ավելի առարկայական գործոն է, քան Երեւանում պարելը: Ոգեւորված էր նաեւ Կանադայի վարչապետ Թրյուդոն: Բայց դե Կանադան էլ հարավկովկասյան քաղաքական եւ տնտեսական կյանքից այնքան հեռու է, որ Թրյուդոյից էլ էական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Հետո չմոռանանք, կանցլեր Մերկելը եւս հավոսով զբոսնում էր Երեւանի փողոցներով: Բայց որ դրանից որեւէ առարկայական օգուտ չստացանք, ակնհայտ փաստ է: Այսինքն, ո՛չ Ֆրանկոֆոնիան, ո՛չ էլ Բոլթոնի սպասվող այցը հազիվ թե որեւէ տեսանելի տեղաշարժեր առաջ բերեն: Իսկ դա նշանակում է, որ մնում ենք նույն տարածաշրջանային իրողությունների առաջ, այդ թվում՝ կապված արցախյան խնդրի մտահոգիչ ընթացքի հետ:

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՎ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА