ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՊ ՈՒՆԵ՞Ն ՀՐԱՏԱՊ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ

03.10.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱՊ ՈՒՆԵ՞Ն ՀՐԱՏԱՊ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ

Թեեւ «հեղափոխության» օրերին էլ էր վարչապետ Փաշինյանը խոսում խորհրդարանական արտահերթ ընտրություններից, սակայն իշխանության գալուն պես այդ խոսակցությունները դարձան բավականին անորոշ: Այսպես, մայիսի կեսերին Փաշինյանը, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա. «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»: Բայց փոխարենը՝ կառավարության ծրագրում ընդգրկվեց «մեկ տարվա ընթացքում» անորոշ եզրույթը, որը կարելի էր ներկայացնել ե՛ւ մեկ ամսից, ե՛ւ մեկ տարուց: Հուլիսի վերջերին Փաշինյանը համեմատաբար որոշակիացրեց իր մոտեցումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ամենաուշը 2019 թվականի մայիսին: Իսկ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տվեց այս մեկնաբանությունը՝ եթե քաղաքական իրավիճակը չփոխվի, ապա ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի:

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱՓ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

 

ԵՎ ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ

Բայց ահա Նյու Յորք կատարած այցի ժամանակ անառարկելի տոնով հայտարարեց՝ ընտրություններ կլինեն հնարավորինս շուտ, այս տարի: Ինչո՞ւ հենց Նյու Յորքից, եւ այդ ի՞նչ քաղաքական իրավիճակ է փոխվել վերջին մեկ-մեկուկես ամիսներին, որ Փաշինյանի համար ներհայաստանյան ընտրությունները դարձան այսքան հրատապ: Բայց մինչ հիշատակված հարցերին հասնելը` նկատենք նաեւ, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հետ կապված տալիս է ամենատարբեր բացատրությունները, սկսած ստանդարտից, թե ժողովուրդն է պահանջում, վերջացրած նրանով, որ Հայաստանում տնտեսական զարգացում չի լինի, քանի դեռ կա գործող ԱԺ-ն: Այդ բոլոր պատճառաբանություններն էլ, հասկանալի է, առնվազն խոցելի են, սակայն որոշակի տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է տեսնել եւ, մասնավորապես՝ տնտեսական զարգացման առումով: Այսինքն, քանի դեռ կա գործող ԱԺ-ն, ապա հայաստանյան իշխանական համակարգում, բացի կուսակցականից, պահպանվում է նաեւ, այսպես ասենք, արտաքին քաղաքականության առումով որոշակի բալանս: Այսինքն, որքան էլ Փաշինյանը գնալով աճող ջերմեռանդությամբ խոսի հայ-ռուսական հարաբերություններից, իրողությունն այն է, որ նրա ներիշխանական թիմը, միգուցե չնչին բացառություններով, բաղկացած է ծայրահեղ արեւմտամետներից: Փոխարենը, հայաստանյան իշխանական համակարգում ռուսամետ հայացքներով ուժեր մնացել են միայն ԱԺ-ում: Քանի դեռ կա այս բալանսը, Փաշինյանը հազիվ թե արեւմտյան ֆինանսավորման հույսեր ունենա, եւ չբացառենք, որ նաեւ Նյու Յորքում է նա եւս մեկ անգամ դրանում համոզվել, կամ նրան հերթական անգամ հուշել են ինչ-որ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Իսկ ի՞նչ պատկեր կունենանք ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում. եթե Փաշինյանին հաջողվի վերցնել մեծամասնություն, ապա արտաքին քաղաքականության տեսանկյունից կունենանք մոտավորապես կառավարության տիպի ԱԺ: Կարդարանա՞ն դրանից հետո արեւմտյան ֆինանսական հոսքերի երազանքները, դա այլ հարց է: Հիմնական փաստն այդ իրավիճակում կդառնա այն, որ հայաստանյան ողջ իշխանական համակարգը կանցնի արեւմտամետներին` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Իհարկե, անգամ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության հարցը պարզապես կպարտադրի՝ ռուսական ուղղության հետ կապը չխզել: Համենայնդեպս, քանի դեռ կա արցախյան խնդիրը...

Վերջապես, մեկ հանգամանք չմոռանանք. ընտրություն կլինի, թե՝ ոչ, Հայաստանի տնտեսական խնդիրը դա չէ: Հայաստանն ամեն դեպքում համարվում է ռիսկային, ցածր ներդրումային եկամտաբերությամբ գոտի: Եվ ներդրողներն էլ ներդրումներ են կատարում հենց այս հանգամանքից ելնելով:

«Ես ասացի նրան». Նիկոլ Փաշինյանը եւ Լուկաշենկոն վիճել են

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ

Այստեղ մի փոքր թեմայից շեղվելով` արժե հիշեցնել մեկ ուշագրավ հանգամանք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեռ 1990-ականների պատկերացումները՝ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին: Այն է՝ ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծում եւ Ադրբեջան-Թուրքիա առանցքով արեւմտյան ուղղության, այդ թվում՝ տնտեսական համակարգի մեջ ներգրավվածություն: Չնայած, մինչեւ հիմա էլ այդ մոտեցումը չի փոխվել: Համենայնդեպս, հիշեցնենք արցախյան թեքումով այն ընտրարշավը, որն անցած ԱԺ ընտրություններում առաջ էր տանում Տեր-Պետրոսյանը: Թերեւս, կարելի է հիշեցնել նաեւ դրա հետ կապված արձագանքները: Օրինակ, ընտրարշավի ընթացքում ՀՅԴ-ն ներկայացնող Բագրատ Եսայանի այս միտքը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստորագրել ԼՂՀ հակամարտության լուծում առաջարկող բոլոր տեսակի փաստաթղթերի տակ՝ միայն ազատվի Ղարաբաղի խնդրի բեռից, սա է իրականությունը, իսկ Ղարաբաղը հանձնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ ցանկությունն ի հայտ է եկել դեռեւս 1997թ. Ժելեզնովոդսկից»:

Սակայն 1997թ.-ին Տեր-Պետրոսյանի առաջարկած կարգավորման ծրագիրը (որն այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտվեց) հասցրեց նրա պաշտոնանկությանը մեկ պարզ պատճառով՝ Հայաստանում գոյություն ուներ համապատասխան հնարավորություններ ունեցող հակակշիռ ուժ: Կլինի՞ նման ուժ Հայաստանում, եթե կառավարությունից զատ Փաշինյանը վերցնի նաեւ ԱԺ-ն. միանշանակ՝ ոչ: Մի կողմ թողնելով ենթադրությունները, թե արցախյան ուղղությամբ ինչ քաղաքականություն կվարի՝ ողջ ներհայաստանյան իշխանությունը ձեռքում ունենալով, եւ պարզապես փաստենք հետեւյալը. նա կկարողանա ցանկացած քաղաքականություն մինչեւ վերջ առաջ տանել՝ նման իշխանություն ունենալով: Կարճ ասած, այն թույլ կողմը, որ ժամանակին ուներ Տեր-Պետրոսյանը, արտահերթ ԱԺ ընտրություններից հետո չի ունենա Փաշինյանը: Նաեւ հաշվի առնելով, որ արցախյան պատերազմը հաղթած ազատամարտիկները եւս, ըստ էության, վերածվել են չկազմակերպված մարդկանցից բաղկացած համակարգի, որը նույնպես չի կարող ռեալ հակակշիռ դառնալ, եթե Արցախի հետ կապված պետական քաղաքականությունը ոչ այն ընթացքն ունենա:

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՍԻՐԵԼՈՒ ՔԱՐՈԶԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԼԻՆԵԼ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ»

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԵՏԱՁԳԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվս մեկ հարցադրում. իսկ պատահակա՞ն էր, որ ԱԺ-ի հետ կապված այս պատմությանը զուգահեռ, կտրուկ ակտիվացում նկատվեց նաեւ ղարաբաղյան բանակցությունների շուրջ: Ընդ որում, ադրբեջանական կողմը պնդում է, որ ակտիվացման նախաձեռնությունը գալիս է Հայաստանից: Այդ թվում, Ալիեւի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիկմետ Գաջիեւի հավաստմամբ, ոչ միայն Դուշանբեում երկու ղեկավարների հայտնի հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ, այլ նաեւ ԱԳ նախարարների հանդիպումները: Պաշտոնական Երեւանից գոնե երեկվա առաջին կեսի դրությամբ հերքում չկար, եւ եթե չլինի, ապա առաջ է գալու այս հարցը՝ իսկ Հայաստանի ինչի՞ն է պետք այս խառը օրերին ակտիվացնել արցախյան թեման: Իհարկե, չբացառենք, որ այդ կերպ հայկական դիվանագիտությունը պարզապես արձագանքում է բանակցությունները վերսկսելու հետ կապված արտաքին ազդակներին, ցույց տալով, որ դրան ոչ միայն պատրաստ է, այլ նույնիսկ կարող է առաջ ընկնել: Բայց այս դեպքում ինչպե՞ս հասկանանք շուտափույթ ընտրությունների հարցը: Ի վերջո, ընտրական գործընթացը մեկ բան է նշանակում՝ Հայաստանում իշխանական նոր համակարգի ձեւավորման առնվազն մի քանի ամիս տեւող գործընթաց, որի ընթացքում, բնական է, ոչ մի բանակցություն էլ չի կարող լինել: Այսինքն, մի կողմից, սկսելով բանակցել Ալիեւի հետ, բոլոր կողմերին ցույց է տալիս, թե պատրաստ է գնալ բանակցությունների վերսկսման, իսկ մյուս կողմից, արտահերթ ընտրություններով ակնարկում է, որ դեռ էական բանակցություններ սպասել պետք չէ՞: Սա լուրջ հակասություն է, եւ Ալիեւը եւս պետք է որ այս փաստն աչքաթող չանի. ի վերջո, եթե Ադրբեջանը ցանկանում է օր առաջ վերսկսել բանակցությունները (ինչի մասին քանիցս հայտարարել է), քանի դեռ Հայաստանում վիճակը խառն է, ապա հայաստանյան ընտրություններից հետո, եթե վիճակը կայունանա, կկորցնի իր այդ առավելությունը եւ միգուցե նորից ստիպված լինի մտնել ոչինչ չտվող բանակցային երկարատեւ փուլ: Սակայն, չնայած տեղյակ լինելով ընտրությունների մասին, նաեւ, որ դրանք անպայմանորեն հետաձգելու են բանակցությունները, Ալիեւը գնաց Փաշինյանի հետ ինչ-որ պայմանավորվածությունների: Ինչո՞ւ: Հնարավոր է, որ նա էլ է մտածում, որ ընտրությունները, թեեւ մի քանի ամսով կհետաձգեն բանակցությունները, բայց դրանից հետո, եթե Հայաստանում ձեւավորվի արեւմտամետների ամբողջական իշխանական համակարգ, դա անխուսափելիորեն կտանի ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սրացման, որի դեպքում Բաքվի ակնկալիքները շատ ավելի կմեծանան: Հնարավոր է, բայց չէ՞ որ կարող է այդպես չլինել. անկախ նրանից, թե Հայաստանում ինչ հայացքներ ունեցող իշխանավորներ են, եթե անվտանգության խնդիրը պարտադրի, ռուսական ուղղությունից որեւէ դեպքում չեն հրաժարվի: Կամ միգուցե Ալիեւը սպասում է, որ տնտեսական իրողությունները Փաշինյանին կպարտադրեն՝ գնալ 1997թ.-ին Տեր-Պետրոսյանի նախընտրած ուղղությա՞մբ: Բայց այս տարբերակի դեպքում էլ, եթե հանկարծ սկսի ուրվագծվել արեւմտյան թեքմամբ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա այս պահին ֆանտաստիկ թվացող առանցքի թեկուզեւ աննշան հեռանկար, դա միանգամից սուր հակասություն կառաջացնի Մոսկվայի հետ, եւ ով իմանա, թե դրանից ինչ կստացվի, հաշվի առնելով, թե նման առանցքն ինչ լուրջ ռազմավարական սպառնալիք է հենց ՌԴ-ի համար: Չէ, կարծես թե ՌԴ-ի թիկունքում Փաշինյան-Ալիեւ սեպարատ պայմանավորման վարկածը որեւէ ռեալ քաղաքական հաշվարկի տրամաբանության մեջ չի տեղավորվում, այդ թվում՝ իր պայմանավորվածություններն էլ Մոսկվայի համար անսպասելի չէին: Բայց այդ դեպքում էլ, եթե Դուշանբեի հանդիպումը Մոսկվայի համար սպասելի էր, եւ ինչպես ՌԴ ԱԳՆ-ն ակնարկեց, ողջունելի էր բանակցային գործընթացն առաջ տանելու առումով, այդ դեպքում պետք է որ հայաստանյան ԱԺ ընտրություններն անցանկալի լինեն արդեն երկու տեսանկյունից. նախ, որ Հայաստանում առաջ է գալիս արեւմտյան հայացքներով անձանցից կազմված միասնական իշխանական համակարգի ստեղծման հեռանկարը, եւ որ ընտրությունները կկասեցնեն բանակցությունների ընթացքը, եւ ով իմանա, երբ հնարավոր լինի շարունակել, ինչ նոր իրավիճակ կլինի: Բայց այս տարբերակի դեպքում էլ՝ մինչ Դուշանբե մեկնելն, ընտրությունների մասին հայտարարած Փաշինյանը պետք է որ այնտեղ նաեւ բացատրեր, թե սկսելով Ալիեւի հետ խոսել, ինչո՞ւ է փորձում ընտրությունների միջոցով այդ գործընթացը դադարեցնել: Իհարկե, սրա պատասխանը տալը հեշտ է՝ պետք է Հայաստանի իշխանական համակարգը վերահսկելի լինի, որ հնարավոր դառնա ռեալ բանակցությունները շարունակել: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում՝ իսկ այդ ի՞նչ ընթացք է օրակարգում, որի համար ներկայիս ԱԺ-ն կարող է խոչընդոտ դառնալ:

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՎ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА