o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՏԱ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ

25.09.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՏԱ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Թեեւ սպասվում էր, բայց միայն  երեկ պաշտոնապես հաստատվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդությամբ Նյու Յորքում տեղի կունենա հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ: Տեղեկատվությունը հաստատել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հանդիպումը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 26-ին:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ԹՐԱՄՓԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ո՞րն է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման իմաստը, այն կարո՞ղ է բանակցային գործընթացը գոնե մի փոքր առաջ տանել կամ գոնե կայունացնել: Առաջին հայացքից պատասխանը պետք է բացասական լինի: Թեկուզեւ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարությունները: Այսպես, Փաշինյանը դեռ շարունակում է խոսել առանց Ստեփանակերտի մասնակցության բանակցությունների անհեռանկարային լինելու մասին, միաժամանակ ընդգծելով, որ կողմ լինելով բանակցություններին, նաեւ պատրաստ է պատերազմի: Ալիեւը գրեթե զուգահեռ  նույնպես կրկնեց Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը: Այն է՝ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմից դուրս որեւէ կարգավիճակ ունենալ: Եվ որ դրան հասնելու համար Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմի, հայտարարվել է բազում անգամներ: Այսպիսով, կողմերի դիրքորոշումները, որոնք իրար հակասում են 180 աստիճանով, մնում են անփոփոխ, եւ այս պարագայում պետք է որ Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումից բանակցային գործընթացի առաջընթացի առումով զրոյական ակնկալիքներ լինեին: Բայց նաեւ չմոռանանք հետեւյալ փաստը: Դեռ այս ամսվա սկզբներից արցախյան հակամարտության հետ կապված լուրջ ակտիվություն է ցուցաբերում ՌԴ-ն, այն էլ՝ անձամբ նախագահ Պուտինի անմիջական մասնակցությամբ: Դրան դեռ կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ օրերս, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքում, արցախյան հակամարտության հետ կապված ուշագրավ հայտարարություն հնչեցրեց նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփը. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար...»: Նկատենք՝ Մինսկի խմբի առանցքային դերակատարներից մեկի՝ ԱՄՆ-ի ղեկավարն այն պահին, երբ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, գրեթե կանգնած է, իսկ կողմերը համառորեն ընդգծում են իրար այդքան հակասող հայտնի դիրքորոշումները, խոսում է ոչ թե բանակցային գործընթացի շարունակության, հակամարտության կարգավորման հույսերի մասին, այլ՝ վերջնական կարգավորման, ընդ որում՝ շատ կարճ ժամկետներ նշելով: Ասել, թե Թրամփը հենց այնպես՝ օդից է վերցրել առաջիկա ամիսներին բացվող հնարավորությունների գաղափարը, անլուրջ կլիներ: Նաեւ նկատի առնելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփն ինչ-որ էական հետաքրքրվածություն արցախյան հակամարտության հետ կապված չի ցուցաբերել, եւ ներկայիս իրավիճակի ու սպասելիքների մասին պետք է որ տեղեկացված լինի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի եւ պետքարտուղարության միջոցով: Իսկ դա նշանակում է, որ այդ առաջին ամիսների գաղափարն իրականում գալիս է հենց պետքարտուղարությունից, եւ այն Թրամփի համար ընդունելի է: Նկատենք նաեւ հետեւյալը. եթե պետքարտուղարությունում կա առաջիկայում հակամարտության կարգավորման գաղափարը, ապա պետք է լինի նաեւ այն մեխանիզմը, որի շրջանակներում այդ կարգավորումը սպասվում է: Ու այստեղ հիշեցնենք, որ կարգավորման մեխանիզմների մասին վերջին անգամ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Փաշինյանը. «Այն պահին, երբ որ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետեւյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Եվ ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես... Վերջին թուղթը, որը դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է»: Ճիշտ է, Փաշինյանը նաեւ հավելեց, թե՝ «Առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ», սակայն նկատենք, որ այս ընթացքում բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չի եղել, այսինքն` պետք է որ այս պահին էլ «բանակցային սեղանին» դրված լինի, Փաշինյանի ասած, այդ «վերջին թուղթը, որը դրվել է»: Իրականում այն ի՞նչ է իրենից ներկայացնում, հարցի մի կողմն է: Այս պահին պարզապես ֆիքսենք. եթե Թրամփը, ենթադրաբար՝ ՄԽ-ում ամերիկյան համանախագահի եւ նրա վերադաս պետքարտուղարության գնահատումներից ելնելով, խոսում է առաջիկա ամիսներին բացվող հնարավորությունների մասին, ապա միանգամայն տրամաբանական է թվում, որ նա այդ կարգավորումը տեսնում է նույն «բանակցային սեղանին դրված վերջին թղթի» հիման վրա, ինչքան էլ որ Հայաստանն ու Ադրբեջանը դրան կողմ կամ դեմ լինեն. այլ փաստաթուղթ այս պահին պարզապես չկա, իսկ եթե լինի, ապա դա կպահանջի երկար ժամանակ, որի պարագայում անգամ տեխնիկապես հնարավոր չի լինի «առաջիկա ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման» հասնել: Նկատենք նաեւ. Նյու Յորքում գտնվող Փաշինյանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու հնարավորություն չի ունենալու: Իսկ դա նշանակում է, որ  մասնավորապես արցախյան գործընթացի հետ կապված քննարկումներ եւ այդ հիմքի վրա՝ Թրամփի դիրքորոշման փոփոխության տարբերակն է գործնականում բացառվում:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Բայց վերադառնանք այս ամսվա ընթացքում ՄԽ մյուս համանախագահ երկրի՝ ՌԴ նախագահի անձնական ակտիվությանը՝ արցախյան խնդրի հետ կապված: Հիշեցնենք, այս ամսվա ընթացքում Պուտինը քննարկումներ ունեցավ նախ Ալիեւի հետ, ապա՝ Փաշինյանի: Դրանից զատ, ըստ մի շարք աղբյուրների, քննարկում եղավ նաեւ Սոչիում վերջերս կայացած Պուտին-Էրդողան ¥նկատենք, որ Էրդողանն էլ իր հերթին է վերջին ժամանակներս բավականին ակտիվացել արցախյան թեմայի հետ կապված¤ հանդիպման ժամանակ: Պուտին-Ալիեւ հանդիպման հետ կապված ռուսական որոշ աղբյուրներ նոր մանրամասներով են հանդես գալիս: Մասնավորապես, որ հանդիպման ժամանակ մոտ 1 ժամ նախագահները զրուցել են, այսպես ասած, «արձանագրությունից դուրս» ռեժիմով, որի ընթացքում, ըստ աղբյուրների, Պուտինն ինչ-որ առաջարկ է ներկայացրել Ալիեւին՝ կապված ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության եւ այդ համատեքստում՝ ղարաբաղյան խնդրի հետ: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, միայն ենթադրություններ կան: Բայց հաշվի առնելով, որ հենց այդ հանդիպման ժամանակ էլ եղավ պայմանավորվածություն, որ ԱՊՀ երկրների գագաթաժողովին մեկնելիս՝ Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Բաքու, նման էր այն բանին, որ Ալիեւն ինչ-որ հարցի հետ կապված պետք է մտածեր եւ վերջնական կարծիք հայտներ: Ընդ որում, որ խոսքը միանգամայն կարեւոր եւ հրատապ առաջարկի մասին է, հաշվի առնելով, որ պատասխանը տրվելու է նորից դեմ առ դեմ հանդիպման միջոցով եւ բավականին շուտ: Եվ այսպես, այսօր ՌԴ նախագահը կայցելի Ադրբեջան: Եթե հիմնական նպատակն Ալիեւից պատասխան ստանալն է, ապա ենթադրելի է, որ նախնական տրամադրվածություննեը նրա օգտին են, որ պատասխանը կլինի դրական: Հաշվի առնելով, որ ՌԴ նախագահը Բաքու է մեկնելու տնտեսական բլոկը ներկայացնող բավականին խոշոր պատվիրակությամբ, այսինքն՝ օրակարգում են նոր տնտեսական մեխանիզմների գործարկումները, ինչը ռեալ կլիներ միայն քաղաքական համապատասխան նախադրյալների պարագայում:  Որոշ վերլուծաբաններ մինչեւ իսկ կոնկրետ նշանակետերից են խոսում: Այն է՝ Ադրբեջանն իրոք ստացել է ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցելու առաջարկ, ընդ որում նաեւ, որ այդ հարցը Էրդողանի հետ եւս համաձայնեցված է Սոչիի հիշատակված հանդիպման ժամանակ: Նաեւ այն, որ այս կերպ Թուրքիան եւս Ադրբեջանի միջոցով առանց մաքսատուրքի ռեժիմի եվրասիական շուկա մուտքի հնարավորություն կստանա: Իհարկե, այս ամբողջի մեջ տրամաբանություն կարող է լինել, սակայն պետք է նաեւ մեկ հարցի պատասխան ստանալ: Թեկուզեւ ներկայիս բարդ հարաբերությունների պարագայում, սակայն Հայաստանը մնում է ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ եւ ունի վետոյի իրավունք: Այսինքն, եթե պաշտոնական Երեւանը մինչեւ վերջ պնդի իր վետոն, ինչի մասին, չմոռանանք, Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո Հայաստանը պաշտոնապես խոսեց, ապա դա Մոսկվային կդնի բարդ ընտրության առաջ: Կա՛մ՝ հանուն Ադրբեջանի հրաժարվել Հայաստանից: Այս դեպքում, իհարկե, Հայաստանը կհայտնվի միանգամայն աննախանձելի վիճակում: Սակայն ռազմավարական առումով մեծ հարված կստանա նաեւ ՌԴ-ն. այս դեպքում միանգամայն ռեալ կդառնա Սյունիք-Արցախ ուղղությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆիզիկական կապի ստեղծման տարբերակը, որը ՌԴ-ի հարավային ռազմավարությունը կախման մեջ դնելով Անկարայից, միանգամայն այլ աշխարհաքաղաքական պատկեր կստեղծի Մոսկվայի համար ծայրահեղ բարդ հեռանկարով: Կա՛մ հանուն Հայաստանի, պետք է հրաժարվել Ադրբեջանից, որը, սակայն, այլ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական վնասներ է խոստանում: Նշված «կամ-կամ»-ի ելքն էլ է տեսանելի՝ Ղարաբաղում ստեղծել գոնե միջանկյալ կարգավորման տարբերակ, որից հետո Հայաստանի վետոյի հիմքերը եւս չեն լինի: Իրականում այս սցենա՞րն է գործում, թերեւս ավելի հստակ կդառնա Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքների հիման վրա: Եթե պարզվի, որ՝ այո, ապա նաեւ այդ տեսանկյունից է բացատրվում վերջին ժամանակներս արցախյան հարցի հետ կապված Մոսկվայի ակտիվությունը: Սակայն նորից նույն հարցն է՝ եթե անգամ միջանկյալ կարգավորում, ի՞նչ սխեմայով: Հիշեցնենք, Փաշինյանի հնչեցրած տարբերակից զատ, այս պահին օրակարգում այլ մեխանիզմ չկա: Այսպիսով, կարո՞ղ ենք մտածել, որ խաղարկվում է, այսպես ասած, անորոշ ժամկետով հետաձգված հանրաքվեի սխեման, որպես երաշխիք՝ հայ-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայումով. կարծես թե հավանականությունը մեծ է: Սակայն հենց այս տարբերակին է, որ Փաշինյանը կտրուկ դեմ է: Այո, բայց ի՞նչ կլինի, եթե հանկարծ միակ այլընտրանքը լինի պատերազմը...

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

Մի խոսքով, Մնացականյանն ու Մամեդյարովը, այնուամենայնիվ, կարծես թե քննարկելու բան ունեն: Առավել եւս, որ արտաքին գործոններն այդքան ակտիվ են, անգամ՝ ճնշող:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА