o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԿՍԵԼ ԵՆ ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՑՆԵԼ

24.08.2018 22:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՑՆԵԼ

Ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, վարչապետ Փաշինյանն իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ իր վարչապետ ընտրվելուց հետո Հայաստան ավելի շատ մարդ է գալիս, քան հեռանում է, ինչը նա համարում է արտագաղթի կանխման առաջին շատ կարեւոր արդյունք: Այսպես, ըստ Փաշինյանի. «Մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած Ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 հազար 986 մարդով ավելի շատ մարդ, քան մեկնողների թիվն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6 հազարով, այս տարի եկածների թիվն ավելի է 29 հազարով: Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության,նշանակում է ներդրումային եւ զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրության աճ: Դրանցում բազմաթիվ են նաեւ մեր հայրենակիցները, եւ այն, որ անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով, փաստում է, որ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաեւ բնակարաններ են գնում Երեւանում եւ այլ քաղաքներում»:

ԵՏՄ անդամակցությունից հետո հայերի մուտքը ՌԴ հեշտացվել է

Միգուցեեւ այդպես է, անիմաստ է վիճելը: Սակայն մեկ պարզ հարց կա. որտեղի՞ց է Փաշինյանը հենց մայիսի 10-ից օգոստոսի 14-ի թվերը վերցրել, երբ Հայաստանում, ըստ գործող օրենսդրության, վիճակագրական ցուցանիշներ ներկայացնելու իրավունք ունի միայն պետական պատկան վիճակագրական կառույցը: Լավ, ենթադրենք վիճակագիրներն են 100 օրվա հետ կապված թվերը մինչ հրապարակումը ներկայացրել վարչապետին: Սակայն խնդիրն այն է, որ միգրացիոն շարժը բավականին բարդ հաշվարկներ է պահանջում, եւ պատահական չէ, որ պաշտոնական վիճակագրությունը միայն եռամսյակային տվյալներ է ներկայացնում: Կարճ ասած, չկան մայիսի 10-ից օգոստոսի 14-ի վիճակագրական տվյալներ, եւ պարզապես հնարավոր չէ ստուգել Փաշինյանի ներկայացրած թվերը: Բայց փոխարենը կան ինչպես այս տարվա առաջին եռամսյակի, այնպես էլ՝ կիսամյակային տվյալները, որոնք նաեւ Փաշինյանի ասած թվերի առումով են ուշագրավ եզրակացությունների տեղիք տալիս: Այսպես, ըստ վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում իրոք ունենք արտաքին միգրացիայի մեղմ պատկեր՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Այն է՝ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից դուրս է եկել 1 493 734 մարդ եւ մուտք գործել՝ 1 487 588 մարդ (տե՛ս աղյուսակը): Այսինքն, ունեցել ենք 6146 մարդու բացասական հաշվեկշիռ, ինչը լավ ցուցանիշ է անցած տարվա 37 625 մարդու բացասական հաշվեկշռի դիմաց: Սակայն սա բոլոր եկող գնացողների թիվն է եւ միգրացիայի առումով բան չի տալիս: Այդ առումով շատ ավելի կարեւոր է գնացող-եկող ՀՀ քաղաքացիների թիվը: Եվ այստեղ էլ առաջընթաց կա անցած տարվա համեմատ: Այսպես, այս տարվա 6 ամիսներին Հայաստանից գնացել է 839 045 ՀՀ քաղաքացի, վերադարձել՝ 788 249-ը: Բացասական հաշվեկշիռը 50 796 է, ինչը նշանակում է, որ անցած տարվա 75 625 մարդու բացասական միգրացիոն սալդոն նկատելիորեն կրճատվել է: Սա լավ է: Սակայն հարց է, թե արդյոք այդ կրճատումը նիկոլական հեղափոխության արդյո՞ւնքն է: Ուրեմն՝ ի՞նչ պատկեր էր մինչ հեղափոխությունը: Վիճակագրական տվյալները առաջին եռամսյակի կտրվածքով են, այսինքն՝ հեղափոխությունից դեռ 1,5-2 ամիս վաղեմության: Ու չնայած դրան, կրկին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատկերը միանգամայն բարելավված է: Այսպես, առաջին եռամսյակում ունեցել ենք Հայաստանից գնացած եւ եկած ՀՀ քաղաքացիների 2 695 բացասական հաշվեկշիռ՝ 2017թ. առաջին եռամսյակի 14 984 մարդ բացասական հաշվեկշռի դիմաց: Այսինքն՝ առաջին եռամսյակին արտաքին միգրացիայի բացասական սալդոն այս տարի կրճատվել է մոտ 12,5 հազար մարդով: Եթե սրան գումարենք նաեւ նախահեղափոխական ապրիլի ցուցանիշը, ապա աչքաչափով կստանանք բացասական սալդոյի մոտ 18-20 հազար մարդով կրճատում՝ կիսամյակային մոտ 25 հազարի դիմաց: Այսպիսով, նույն պաշտոնական վիճակագրական թվերն են փաստում, որ հետհեղափոխական երկու ամիսներին արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշռի կրճատումը ոչ միայն չի ակտիվացել, այլ, ընդհակառակը, մի բան էլ՝ թուլացել է: Սակայն հարցին կարելի է այս կողմից էլ նայել: Անցած տարվա առաջին կիսամյակին, ինչպես նշեցինք, Հայաստանն ունեցել է 75 625 մարդու բացասական միգրացիոն սալդո: Իսկ ահա 2016թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 91 904: Նշանակում է՝ միգրացիան կրճատվել է նաեւ անցած տարի, ճիշտ է, այս առաջին կիսամյակի մոտ 25 հազարի դիմաց՝ մոտ 15 հազարով, սակայն դրանք համադրելի թվեր են: Եվ եթե դրան ավելացնում ենք նաեւ այս տարվա առաջին 4 ամիսների ցուցանիշները, ապա ներկայիս իշխանական պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս, որ նախորդ՝ Կ.Կարապետյանի կառավարությունը գործող վարչակազմից նկատելիորեն ավելիին է հասել միգրացիայի կրճատման հարցում: Արդյունքում, եթե միգրացիոն սալդոյի կրճատումն է գործող կառավարությունը համարում իր մեծագույն ձեռքբերումներից մեկը, ապա դա ամենաքիչը տարակուսանքի տեղիք է տալիս ու այլոց ձեռքբերումները յուրացնելու փորձի տեսքի է ստանում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА