ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արագացված տեմպերով քարոզարշավ ինչ-որ PR-ի համար չի կարելի սկսել»

11.07.2018 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արագացված տեմպերով քարոզարշավ ինչ-որ PR-ի համար չի կարելի սկսել»

Շուտով կլրանա 10-րդ օրը «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպից, որտեղ ներկա են եղել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա թիմակիցները: Հիշեցնենք, որ մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Հարությունովի հայրը` ազատամարտիկ Վյաչեսլավ Հարությունովը: Նա նախ բողոքել, ապա հերքել էր, որ ծեծի հետեւանքով է հայտնվել հիվանդանոցում: Սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով, նույն օրը գիշերը ձերբակալվեց Գ. Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը` անկախ նրանից, որ նրա դեմ բողոքներ չկային: Ավելին` հենց նույն օրը տուժողի կինը` Լիլիթ Հակոբյանը հայտարարեց, թե բողոք չունեն Ծառուկյանի դեմ, նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ են, ու ոչ ոք իր ամուսնուն չի ծեծել, ընդամենը ջուր է թափված եղել գետնին, ամուսնու ոտքը սայթաքել, ընկել է, ինչի հետեւանքով էլ նման վնասվածք է ստացել: Այսքանից հետո, եթե ամեն ինչ այսքան պարզ է, ի՞նչն է խնդիրը, որ Է. Բաբայանը շարունակում է գտնվել անազատության մեջ, եւ արդյոք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ սա չի խոսում այն մասին, որ նոր իշխանությունները փորձում են «Ծառուկյան» դաշինքի ոտքը տրորել, որպեսզի մեծ հավակնություններ չունենան, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեսակետը:

Դանիել Իոաննիսյանն ու իր մայրը «մեծ» շնորհակալություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին (արխիվային տեսանյութ)

«ԳՈՐԾԸ ԴԵՌ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ Է, ԵՎ ՉԿԱ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ»

– Տիկին Սարգսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ձերբակալված է Էդուարդ Բաբայանը: Չե՞ք կարծում, որ այս ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:

– Չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ վստահ եմ, որ իրավապահները վերջում կտան իրենց արդար եզրակացությունը: Սպասենք եւ տեսնենք, թե ինչպիսի ընթացք կունենա այս ամենը:

– «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից շատերը նշել էին, որ պատրաստ են երաշխավորագիր ստորագրել, որպեսզի Է. Բաբայանին ազատ արձակեն: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

– Երբ իրավապահները որոշում կկայացնեն, իհարկե, պատգամավորներս պատրաստ ենք ստորագրություն տալ:

– Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում վերջին շրջանում տեղի ունեցած աղմկոտ ձերբակալություններին, որոնք հիմնականում այս կամ այն կերպ կապվում են քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի հետ:

– Սրանք ինչ-որ գործընթացներ են, որոնք կատարվում են, բայց վերջնական երբ կլինի գործընթացի ավարտ, այն ժամանակ նոր կարելի է որեւէ իրադարձության վերաբերյալ կարծիք արտահայտել: Բայց քանի որ այս եւ մյուս գործերը դեռ իրավապահների նախաքննության տիրույթում են, եւ չկա վերջնական որոշում, դրա վերաբերյալ դրական կամ բացասական ինչ-որ բան ասել հիմա չեմ կարող:

ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆՔ ՕՐԵՆՔԻՑ ԵՎ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ, ԻՍԿ ԱՅՆՏԵՂ ԴԵՌ ՉԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

– Այս ամենին զուգահեռ տեսնո՞ւմ եք նախընտրական տրամադրություններ հայաստանյան քաղաքական դաշտում: Կա՞ որոշակի լարվածություն, մրցակցություն այս փուլում:

– Ինձ թվում է` դեռ վաղ է նախընտրական պայքարի մասին խոսելը, որովհետեւ, ինչպես տեսնում եք, շատ ինտենսիվ քննարկվում է ընտրական օրենսգիրքը: Մենք մեր կարծիքը եւ առաջարկությունները տվել ենք, եւ գործընթացը շարունակվում է թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանական  մակարդակով: Կարծում եմ` երբ օրենսգիրքը արդեն պատրաստ լինի, նոր միայն կարելի է խոսել խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների ու նախընտրական քարոզարշավի մասին:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը երկրի հարավ եւ հրապարակում ելույթ ունենալը տպավորություն էր, թե սկսվել է նախընտրական քարոզարշավը: Ի՞նչ կասեք այս մասին:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկար Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և այն որակել՝ պատմական

– Գտնում եմ, որ նախընտրական քարոզարավը դեռ ոչ մի տեսքով չի կարելի դիտարկել: Իսկ վարչապետի այցերը դիտարկում եմ, որպես երկրի վարչապետի աշխատանք, որը կատարում է: Քարոզարշավ, ինձ թվում է, ուղղակի, արագացված տեմպերով ինչ-որ PR-ի համար չի կարելի սկսել: Եթե ուզում ենք իրոք հասնել ճիշտ եւ արդար ընտրությունների, պետք է սկսենք օրենքից եւ օրենսգրքից: Իսկ մինչ այս պահն այնտեղ դեռ չկան բարեփոխումներ, եւ չկա Ընտրական նոր օրենսգիրք` նոր օրենքներով, այսինքն` այն, ինչին մենք ձգտում էինք:

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ` ԱՅՍ ԱՄԵՆԸ ՃԻՇՏ ԵՎ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻՆ ՎԱՅԵԼ ՁԵՎՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ»

– Այս օրերին բավականին լարված իրավիճակ էր Մայր Աթոռի շուրջ եւ միայն երեկ ոստիկանությունը միջամտեց եւ Վեհարանից դուրս հանեց շուրջօրյա ցույցեր անող եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին մերժող խմբին: Քաղաքական գործիչների գրեթե մեծ մասը լռեց այս խնդրի մասին, ինչո՞ւ:

– Երեւի, բոլորն էլ վերապահումներ ունեն, որովհետեւ մենք գտնում ենք, որ եկեղեցին մի այլ տիրույթ է: Երկրի համար դժվարին պահերին իր վերջնական եւ հաշտեցնող խոսքը պետք է հենց եկեղեցականներն ասեն, ուստի` ցանկալի չէ, որ հոգեւորականների շրջանում լինի այսպիսի իրավիճակ, որ հետո էլ ոստիկանությունը խառնվի: Հույս ունեմ, որ այս ամենը ճիշտ եւ հայ քրիստոնյանին վայել ձեւով կավարտվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА