ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւր մնացին խոստացված ներդրումներն ու հայրենադարձները

12.06.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ո՞ւր մնացին խոստացված ներդրումներն ու հայրենադարձները

Անդրադառնալով նոր կառավարության նախորդ շաբաթ ընդունված ծրագրում առկա Հայաստան-Սփյուռք կապերին՝ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա Սիրիայի եւ սիրիահայության խնդրիների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ նախորդ կառավարության հետեւողական ջանքերով հայրենադարձվեցին ու արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Ինչո՞վ է սա պայմանավորված՝ բացթողո՞ւմ է նոր իշխանությունների կողմից, թե՞ հատուկ է արված, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

- Իհարկե, որեւէ միտում չկա: Եթե դուք նկատեցիք կառավարության ծրագրի ձեւաչափից, ծրագրային մասով շատ չէինք խորացել, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ չենք իրականացնելու ծրագրեր: Հենց նույն սիրիահայերի մասով եւ առհասարակ այն ամենն, ինչ-որ կառավարության ծրագրում մանրամասն ներկայացված չէ, շատ շուտով կարծում եմ՝ բոլոր գերատեսչություններն իրենց ոլորտով կհրապարակեն: Այդ ժամանակ դուք միանշանակ կտեսնեք ե՛ւ սիրիահայերի, ե՛ւ իրաքահայերի մասով մեր տեսլականը եւ առհասարակ՝ հայրենադարձության, սփյուռքի ներուժի օգտագործման վերաբերյալ մեր մոտեցումները: Տվյալ ձեւաչափում կառավարությունը հարմար է գտել, որ այս մանրամասները ծրագրում չներառվեն, բայց, բնականաբար, առաջիկայում կհրապարակենք եւ կտեսնեք բովանդակային, շատ խորը ու համապարփակ բոլոր ուղղություններով տարվելիք աշխատանքները:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման օրերին շատ սփյուռքահայեր ասում էին, թե փոփոխություններից հետո պատրաստ են վերադառնալ հայրենիք, ներդրումներ կատարել: Այսօր ունե՞ք տվյալներ, թե քանի՞ հոգի է վերադարձել ու քանիսը ներդրումներ կատարել:

– Հիմնականում ասեմ, որ Սփյուռքի նախարարությունն իր գործառույթներով շատ նուրբ թելով առնչվում է տարբեր գերատեսչությունների հետ՝ թե՛ կրթության եւ գիտության, թե՛ մշակույթի, ե՛ւ թե տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության: Այս իմաստով մենք հիմնականում կատարում ենք համակարգողի ֆունկցիա: Ներդրողները մեզ հետ հանդիպում են, հանդիպում են նաեւ Արծվիկ Մինասյանի հետ, եւ մենք փորձում ենք զրուցել, ֆիքսել եւ տվյալները փոխանցում ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Միայն կարող եմ ասել, որ ներդրողների թիվը չափազանց մեծ է ու ոգեւորող:

– Կոնկրետ կա՞ն թվեր՝ խոսքը տասնյակների կամ գուցե հարյուրի մասի՞ն է, եւ ի՞նչ ծավալի ներդրումներ եք ակնկալում:

– Գուցե ավելին էլ լինեն, բայց ես խոսում եմ ոչ թե կոնկրետ ներդրողների, այլ նրանց մասին, ովքեր արդեն պատրաստակամություն են հայտնել: Սակայն սա եւս երկարաժամկետ աշխատանք է, որովհետեւ կոնկրետ ներդրողն ասում է՝ ես ենթադրենք, ահա այսպիսի բիզնես գաղափար ունեմ, կարո՞ղ ենք քննարկել որոշակի արտոնություններ: Այսինքն՝ սա մի գործընթաց է, որ միայն սփյուռքի նախարարի լիազորությունների շրջանակում չէ: Սակայն, որպես սփյուռքի նախարար, կարող եմ պաշտոնապես ասել, որ գուցե մի քանի հարյուրի եւ հազարավորների մասին խոսք լինի, ովքեր բավականին խոշոր մասշտաբների հասնող ներդրումներ են պատրաստ անել՝ այս հեղափոխության պոզիտիվ ֆոնի ու այն փոխվստահության մթնոլորտում, որը նոր կառավարությունը սահմանել է: Այն է՝ ազատ մրցակցային պայմաններ, ներդրողների իրավունքների պաշտպանություն, տնտեսություն այլեւս առանց մենաշնորհների եւ այլն: Այսինքն՝ այս դրույթները, որ հրապարակվել է վարչապետի եւ նոր կառավարության կողմից, վստահության է արժանացել ներդրողների մոտ: Ընդ որում՝ խոսքը միայն սփյուռքահայերի մասին չէ: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կան, որ հիմա շատ ավելի բաց ու պատրաստակամ են ներդրումային ծրագրեր, համագործակցություն իրականացնելու համար: Պարզապես, այս պահին առաջին գործնական քայլերը եղել են այն, որ ֆիքսել ենք եւ համապատասխան գերատեսչությունների մոտ ուղղորդել այդ մարդկանց:

Ցանկանում ենք ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որ պատրաստվեն ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան

– Ձեր որոշմամբ՝ հեռացվել են Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված` «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները, որին անդրադարձել էր նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը եւ իր մտահոգությունը հայտնել, թե՞ արդյոք այդ պաստառները փոխարինվելու են նորերով:

– Տեղյակ եմ այդ հայտարարությունից, եւ ինձ նաեւ ասացին, որ պարոն Ռուբեն Մելիքյանը նույնիսկ որոշակի գնահատականներ էր տվել, առանց ինձ հետ զրուցելու, նշելով, որ աննրբանկատ եմ: Ուղղակի, կցանկանայի մինչեւ նման հարցադրումներով ինձ գնահատական տալը, նա ինձ հետ զրուցեր, որովհետեւ ես առավել քան վստահ եմ, որ այն մտահոգությունները, որն ուներ, կփարատվեին եւ կարիք չէր լինի նման գնահատականների: Ինքս, ամեն դեպքում, մինչեւ գնահատականներ տալը, մի քիչ ծանր, խոշոր, մեծ բառեր օգտագործելու փոխարեն կզրուցեի, որովհետեւ նկատեցի, որ նա պատրաստակամ է ինձ հետ խոսելու եւ հասկանալու իմ տեսակետը:

– Այժմ ինչպե՞ս եք պատրաստվում փարատել նրա եւ շատերի մտահոգություններն այս հարցի առնչությամբ:

– Հիմա օրակարգում չեմ կարծում, որ այդ հարցը կա, եւ եթե նա կցանկանա ինձ հետ զրուցել, կամ որեւէ մեկը, որը գտնում է որ աննրբանկատություն եմ դրսեւորել, պատրաստ եմ խոսել իր հետ...

– Այդուհանդերձ, «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» նախաձեռնությունը համարժեք փոխարինող տարբերակ կունենա՞, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ պաստառներով չէ, որ պետք է ցույց տանք մեր աշխատանքը, որը պետք է անենք Արցախի համար: Իմ ասածն այն էր, որ դա անելու համար առավել արդյունավետ ճանապարհներ կան, ինչն առհասարակ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի: Եվ պաստառը չէ, որ ամենաարդյունավետ միջոցն է: Իսկ ավելի կոնկրետ, կարծում եմ՝  հանրությանը կտեղեկացնենք, թե ինչ ծրագրեր ունենք նույն Արցախի մասով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА