ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

11.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԶԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Թեեւ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորվել է Բաղրամյան 26-ում, սակայն նրա մասին կատակով ասում են, որ նրա իրական նստավայրը Ֆեյսբուքն է, քանզի նա այդ սոցիալական ցանցի միջոցով է հրապարակում իր որոշումները եւ ուղիղ եթեր մտնում զինակիցներին եւ քաղաքացիներին դիմելու համար: Ի դեպ, նա իրավացիորեն արդեն քննադատության է ենթարկվել, քանզի ուղիղ հեռարձակում է արել ե՛ւ իր աշխատասենյակից, ե՛ւ ուղղաթիռից` Արցախ ուղեւորվելիս: Տեղյակ մարդիկ ասում են, որ դա խիստ անցանկալի է` անվտանգության նկատառումներից ելնելով:

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

 

ՀՀԿ-Ն ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՒԺԱՅԻՆ ԲԼՈԿԸ

Բավականին շատ էին հնչում կանխատեսումներ, իբր ՀՀԿ-ն տրոհվելու է, բայց ՀՀԿ խմբակցությունը կորցրեց ընդամենը 5 պատգամավոր: Թեեւ շատերն ակնկալում էին, որ այս գործընթացի արդյունքում Հանրապետականը կտրոհվի, իսկ Հանրապետականի հետ դաշինք ստեղծած կուսակցությունները` ՍԻՄ-ը, ԱՄ-ն եւ Քրիստոնեա-դեմոկրատները դուրս կգան այդ դաշինքից, այդ կանխատեսումները չիրականացան: Հանրապետականը իշխանական կարգավիճակից ընդդիմադիր կարգավիճակին անցավ ընդամենը հինգ պատգամավորի կորստով, դրանք են` Ֆելիքս Ցոլակյանը, Գրիգոր Ավալյանը, իսկ մայիսի 8-ին  ցուցակը լրացրին Կարեն Կարապետյանը, Շիրակ Թորոսյանը եւ Միհրան Պողոսյանը: Չի բացառվում, որ հետագայում ՀՀԿ-ից դուրս գան ֆրակցիայի որոշմամբ կողմ քվեարկած բիզնեսմեն պատգամավորները: Սակայն նույնիսկ այդ դեպքում Հանրապետականը կպահպանի բավականին կուռ ու բացառապես քաղաքական թիմ` 43 պատգամավորից, որը կլինի էլի ամենամեծը ԱԺ-ում, թեեւ չի ունենա բացարձակ մեծամասնություն: Հավանաբար կպահպանվի նաեւ ՀՀԿ-ի վերոնշյալ կուսակցությունների դաշինքը: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խմբակցության մայիսի 10-ի նիստին էլ նշվեց, որ թեեւ ՀՀԿ-ն չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեւավորմանը,  սակայն իր ներկայացուցիչներին չի արգելում այդ կառավարության կազմում ընդգրկվել: Եթե բացենք փակագծերը, ապա տեղի է ունեցել ոլորտների այսպիսի բաշխում: Ուժային կառույցները վերահսկելու են Սերժ Սարգսյանի կադրերը, արտաքին քաղաքականությունը դառնում է նախագահ Արմեն Սարգսյանի «կալվածքը», իսկ մնացյալը տնօրինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, եթե դիտարկենք նշանակումները, ապա նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ նոր տնօրեն Արթուր Վանեցյանը այդ համակարգերի ներկայացուցիչներն են: Պաշտպանության նոր նախարարը նույնպես նշանակվելու է այդ սկզբունքից ելնելով, իսկ մինչեւ նոր նախարարի նշանակումը, Վիգեն Սարգսյանը կատարելու է պաշտոնակատարի դերը: Ի դեպ, թեեւ խոսակցություններ կային, որ վարչապետը ցանկանում է Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման շարունակությունը, սակայն պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ նախարարը ոչ թե վարձու աշխատող է, այլ քաղաքական պաշտոն, կոնկրետ քաղաքական թիմի  ներկայացուցիչ: Եվ նա գերադասելի եւ միակ ընդունելին համարեց մնալ իր թիմի` ՀՀԿ-ի հետ: Ինչեւէ, ՀՀԿ-ի ձեռքում փաստորեն մնացին կարեւորագույն լծակները` ԱԺ մեծամասնությունը, առանց որի համաձայնության,  գործադիրը չի կարող որեւէ էական գործողություն անել, եւ փաստացի ուժային բլոկը: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ եւ չորդեգրել կառավարության քայլերի տորպեդահարման գիծ, զորակցել բոլոր դրական քայլերին եւ արգելակել միայն այն, ինչն ակնհայտորեն բացասական կգնահատի:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

 

ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՍՈՎԸ

Առաջին նշանակումը, որը Նիկոլ Փաշինյանն իրականացրեց, ելնելով վարչապետի լիազորություններից, դա իր աշխատակազմի ղեկավարի նշանակումն էր: Անշուշտ, աշխատակազմի ղեկավարը պետության ղեկավարի ամենավստահելի դեմքը պետք է լինի,  եւ այդ պաշտոնում նշանակվեց Էդվարդ Աղաջանյանը: Նա Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է, 30 տարեկան է, սակայն մայրաքաղաքում ավելի շուտ հայտնի է որպես 4B փաբի սեփականատեր DJ ED WARD: Ի դեպ, նշանակումից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում նա ջնջեց ֆեյսբուքյան իր էջը: Թեեւ հանրության ամենալայն շրջանակների բուռն քննարկման առարկա է դարձել դիջեին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելը, սակայն տեղյակ շրջանակները պնդում են, որ դա ՔՊ կուսակցության թերեւս առավել խելքը գլխին ներկայացուցիչն է: Ստացվում է, որ սեփական շրջապատում վարչապետը փաստացի կառավարական նշանակումների համար կադրեր չունի: Այսինքն` ուզած, թե չուզած պետք է կողքից ներգրավի: Ըստ ամենայնի, տնտեսական բլոկի նախարարներին նա կբերի ԲՀԿ-ից, եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանի միտքը չծռվի, եւ վերջինս չգերադասի չստանձնել պատասխանատվություն ու պաշտոնապես համարվել ընդդիմություն: Նույնը վերաբերում է եւ ՀՅԴ-ին, սակայն եթե հետեւենք այդ կուսակցության վերջին երկու տասնամյակի վարքագծին, ապա ենթադրելի է, որ նրանք պաշտոնները ձեռքից բաց թողնող չեն:

 

ԻՆՉ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԿՆԿԱԼԵԼ

Ինչ տեղի է ունեցել այն, ինչը Նիկոլ Փաշինյանն անվանել է թավշյա հեղափոխություն, իսկ ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կոչում է իշխանության թավշյա փոխանցում, անպոչ գդալի պես ասպարեզում է  հայտնվել եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սկզբում նա լացում էր մանդատները վայր դնող պատգամավորների համար, շեշտելով, թե դա միջազգային չափանիշներով ապալեգիտիմացնում է իշխանությունը: Դե պարզ է, որ 1998-ից ի վեր դա ԼՏՊ-ի սիրելի զբաղմունքն է` ամեն ինչ ոչ լեգիտիմ հանել, սակայն հիմա նա ավելացնում է դրան հորդորը, ինչքան հնարավոր է շուտ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեւի թե, դրանում Լեւոն Ակոպիչը տեսնում է շանս` քչից-շատից ռեւանշ վերցնելու` 2017-ի ԱԺ ընտրություններում կրած իր խայտառակ պարտության համար: Բայց իրողությունները փոքր-ինչ այլ են: Ըստ էության, շուտափույթ խորհրդարանական ընտրությունները շահեկան պայման կարող են ստեղծել թերեւս միայն Գագիկ Ծառուկյանի համար: Իսկ չշտապելը բխում է, ինչքան էլ դա պարադոքսալ հնչի, միաժամանակ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի թիմի շահերից: Իսկ, խոշոր հաշվով, Ընտրական  օրենսգրքի փոփոխությունները կարող են դառնալ ներխորհրդարանական ամենաբուռն վեճերի առարկան: Յուրաքանչյուրը կցանկանա այնպիսի փոփոխություններ անել,  որոնք առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն հենց իր թիմի համար: Այսինքն` այդտեղ պետք է սպասել շատ երկարատեւ համաձայնեցումների եւ փոխզիջումների, կամ աղմկալի բանավեճերի: Եվ չպետք է բացառել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործն այդպես էլ չհասնի:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԻՍԿ ՈՐՏԵՂԻ՞Ց ԹԱՎՇԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ

Դեռեւս հեղափոխական գործողությունների գագաթնակետին` մայիսի 2-ին, Երեւանի փողոցներում կարելի էր լսել երիտասարդ ցուցարարների զրույցները, թե որտեղի՞ց այդքան փող` այդպիսի մասշտաբային եւ երկարատեւ գործողությունների համար, եւ այդ փող տվողը ի՞նչ է ուզելու դրա դիմաց: Այն  թվերը, որոնք հրապարակվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, մեղմ ասած, համոզիչ չեն, ու դա առավել քան անբավարար գումար էր հեղափոխության համար: Ուստի ավելորդ չէ անդրադառնալ այն գումարներին, որոնց մասին գերադասում են չխոսել: Խոսքը օլիգարխների տրամադրած միջոցների եւ դրամաշնորհների (գրանտների) մասին է: Սկսենք NED անունով ամերիկյան հիմնադրամի տրամադրած միջոցներից: Ընդհանրապես 2014-2017թթ. ժամանակահատվածում  այդտեղից Հայաստան մուտք է գործել գրեթե 5 միլիոն դոլար: Խոշորագույն դրամաշնորհին` 1,340,071 դոլար, որ ստացել էր Ստյոպիկ Սաֆարյանը, մենք արդեն հասցրել էինք անդրադառնալ «Զարմանք» խորագրի ներքո: Եվ, ի դեպ,  Սաֆարյանը հեղափոխության ընթացքում հրապարակավ գրեթե չի արտահայտվել: Նրա փոխարեն շատ ակտիվ էր նրա AIISA անունը կրող ինստիտուտի կադրը` Դավիթ Սանասարյանը, որի գործունեությանը մանրամասն կանդրադառնանք ապագայում: Իսկ անձամբ հեղափոխության առաջնորդը` Նիկոլ Փաշինյանը, 2014-20177թթ. «Հայկական ժամանակ» թերթի անունով NED-ից ստացել է 118,375 դոլար: Ինչեւէ, հաջորդիվ ներկայացնելու ենք հեղափոխության այլ ակտիվ դերակատարների ստացած գումարները` դրանց աղբյուրներով հանդերձ: Սպասեք նոր բացահայտումների, որոնք համացանցի դարում բավականին դյուրին են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА