ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ն՝ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալության մասին

22.04.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ՀՔԾ-ն՝ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալության մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

«Փոփոխության քամին» այստեղ է. Էլթոն Ջոնը՝ Հայաստանի մասին

Այսպես, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված անձինք, անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից նշված օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող անօրինական հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` հավաքի մասնակիցները շարունակել են իրենց անօրինական գործողությունները. պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ: Նշված զանգվածային անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից 24-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 22-ի դրությամբ ձերբակալվածներից երեքն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:

Մեղադրյալներից Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:

«Որպես ոչ ՀՀ քաղաքացի, իրավունք չունեմ խառնվելու». Ռուբեն Վարդանյան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА