ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

13.03.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Թեեւ օրացույցային գարունն արդեն մոտ կես ամիս իր իրավունքների մեջ է, սակայն ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչները շարունակում են մնալ մրցասպարեզում: Այդ թվում, Փհենչհանում ընթանում են ձմեռային պարալիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Ստասիկ Նազարյանը:

Alpenews. Դե Բիազին կգլխավորի Հայաստանի հավաքականը

Իսկ ահա մեր լավագույն գեղասահորդները պատրաստվում են մարտի 19-25-ը Միլանում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը: Տարվա գլխավոր ստուգատեսներից մեկին Հայաստանը կներկայանա հետեւյալ կազմով՝ մենասահորդ Սլավիկ Հայրապետյան եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգ: Մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանի անունը եւս նշված է հայտացուցակում: Ներկայումս Սլավիկ Հայրապետյանը մարզիչ Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ մարզվում է Ադլերում: Մինչ Աշխարհի առաջնությունը, Սլավիկը հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք «Coupe de Printemps» միջազգային մրցաշարում: Թինան եւ Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել: Նրանք մարզվում են Կանադայում՝ իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ:

Բայց եթե Աշխարհի առաջնությանը հայաստանյան մարզիկներից առանձնապես հույսեր չկան, ապա նույնը չի կարելի է ասել մեր մեկ այլ հայրենակցի մասին: Աշխարհի առաջնությանը կմասնակցի նաեւ հայազգի մարզուհի, Աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան: Փհենչհան-2018-ի գեղասահքի մրցաշարի կանանց մենասահքում Մեդվեդեւան զիջեց միայն իր թիմակից 15-ամյա Ալինա Զագիտովային, ինչից հետո ռուսական մամուլը արհեստական լարվածություն մտցրեց մարզուհիների հարաբերությունների մեջ՝ հրապարակելով տարբեր հոդվածներ հայազգի մարզուհու ու մրցակցուհու վատ հարաբերությունների, նախկինում մնացած ընկերության եւ այլնի մասին: Նշում էր նաեւ, որ Մեդվեդեւան դադարեցնում է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ, ինչի կապակցությամբ մարզուհին հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի լրագրողներ, հանգստացեք: Նորությունը, որն այսօր ես տեսա ինտերնետում, ապշեցրեց ինձ: Մի հորինեք այն, ինչ չկա, զբաղվեք գործով: Հանգիստ թողեք ինձ եւ մարզիչիս: Մենք շարունակում ենք աշխատել»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА