ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՈՒՄ ԷՐ, ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԷՐ ՊԱԿԱՍ

09.03.2018 22:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՈՒՄ ԷՐ, ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԷՐ ՊԱԿԱՍ

Առաջիկայում Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն, այս ուղղությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ ՍԱՊԾ-ն  քայլեր է ձեռնարկում: Այդ աշխատանքն իրականացվելու է ՍԱՊԾ-ի եւ Գյուղնախարարության աշխատակիցների միջոցով, իսկ կենդանիների պիտակավորումը կիրականացնեն համայնքներում աշխատող անասնաբույժ մասնագետները:

Գեորգի Ավետիսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Ըստ ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆԻ, սա թանկարժեք ծրագիր է եւ Հայաստանի պայմաններում դրա ներդրումն այս պահին դժվար է: Ուստի նախատեսվել են մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում ծառայությունը կկարողանա ձեռք բերել դոնոր կազմակերպություններ՝ ծրագրի ֆինանսավորման համար: Ա. Մելիքյանի խոսքով՝ այս պահին ՀՀ-ում կան որոշ ֆերմերներ, որոնք իրենց միջոցներով կենդանիներին համարակալել են, բայց դրանք ներառված չեն կենդանիների հաշվառման համակարգի մեջ, դրանով  նրանք իրականացրել են զուտ  ներքին հաշվառում. «Ներկա փուլում ընտրել ենք մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, սակայն հիմնականում նախատեսված է խոշորների հաշվառում եւ համարակալում: Համարակալումն իրենից ենթադրում է կենդանիների ականջներին պիտակի ամրացում, որից հետո պիտակի համարը ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ, եւ կենդանին ստանում է, այսպես ասած, անձնագիր, որտեղ նշված են լինելու կենդանու տվյալները: Այսինքն, կենդանին որտեղ է գտնվում, նրա տիրոջ տվյալները, կենդանու պատվաստումը, որտեղ է արածել եւ այլն»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Մելիքյանը:

Նրա բնորոշմամբ,  ծրագիրը նախատեսում է նաեւ կենդանիների վերահսկողություն, այսինքն, երբ խոշոր եղջերավոր կենդանին տեղափոխվում է մեկ մարզից մեկ այլ մարզ, տեղափոխությունը պետք է իրականացվի անասնաբուժական ուղեկցվող փաստաթղթով: Դրանով նախատեսված է նաեւ անասնատիրոջ փոփոխությունը, որի տվյալները նույնպես կներբեռնվի էլեկտրոնային համակարգում. «Այսպիսով՝ հաշվառումը, համարակալումը մեզ առաջին հերթին թույլ է տալիս վերահսկել կենդանիների հիվանդությունները եւ դրանք կանխարգելել շատ արագ»,- հավելեց մեր զրուցակիցը: 

«Գրանդ Հոլդինգն» ինչ անցել է ժողովրդական շարժման կողքը, ծխախոտը թանկացրել է»

Դիտարկմանը, թե այսօր շատերը ընտանեկան նպաստից չզրկվելու համար թաքցնում են իրենց անասունների գլխաքանակը, եւ արդյոք վտանգ չկա՞, որ այստեղ մեծ խնդիրներ կառաջանան, Արթուր Մելիքյանը հավաստիացրեց, որ կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տվյալները պահվելու են խիստ գաղտնի:

Այս պարզաբանումներով հանդերձ էլ, այնուամենայնիվ, հարցականի տակ է, թե ո՞րն է այս գործընթացի իմաստը: Մի կողմից, անասունների համարակալումը քաղաքակիրթ գյուղատնտեսություն ունենալու առումով նպաստավոր քայլ է: Բայց մեծ հարց է, թե դա մեր ներկայիս գյուղատնտեսության առաջնահերթությունների թվո՞ւմ է. անկասկած՝ ոչ: Մինչդեռ այդ նպատակով նախատեսվում է մեծ փողեր ներդնել: Ընդ որում, կարեւոր չէ, թե այդ փողերը որտեղից են գալու. եթե հնարավոր է դոնոր կազմակերպություններ գտնել, ապա ավելի տեղին չէ՞ր լինի դոնորներ փնտրել ավելի կարեւոր այլ ծրագրերի համար: Օրինակ. նախատեսված է, որ կենդանիների պիտակավորումը պետք է իրականացնեն համայնքներում աշխատող անասնաբույժ մասնագետները: Մինչդեռ փաստն այն է, որ համայնքային անասնաբուժությունը այն ճգնաժամային վիճակում է, որ հարց է, թե կկարողանա՞ այդ խնդրից գլուխ հանել: Այսինքն, նախ այդ ծառայությունները ոտքի կանգնեցնելու համար է պետք դոնորներ գտնել: Ու դրանից զատ, կան հազարումի այլ անհրաժեշտություններ, որոնք շատ ավելի հրատապ օգնության կարիք ունեն, քան անասունների համարակալումը:

Վերջապես, ի՞նչ էֆեկտ են ստանալու այդ համարակալումից: Դա, միգուցե, խոշոր տնտեսությունների համար անհրաժեշտություն է՝ ողջ գլխաքանակն աչքի առաջ ունենալու համար: Բայց հայաստանյան անասնագլխաքանակի հիմնական մասը մանր՝ մի քանի անասուն ունեցող սեփականատերերի ձեռքում է: Իսկ այդ մի քանի անասունը միշտ էլ տիրոջ աչքի առաջ է, անձնագրի ու նման բաների կարիք ամենեւին էլ չկա:

Վերջապես, եթե խնդիրը համաճարակների մասին իմանալն է, ապա անձնագիրը դա էլ չի լուծելու: Ի վերջո, անասունը հիվա՞նդ է, կա՞ համաճարակի վտանգ, ապա նման հարցերի պատասխանը տալիս են մասնագետները՝ ուղղակի ուսումնասիրությունից հետո: Այսինքն, այդ տեղեկատվությունը տեղ հասցնելու հարցում համարակալումը գործնական ոչինչ չի տալիս: Եվ արդյունքում, ո՞ւմ է պետք նման համարակալումը, մնում է հանելուկ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА