o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գուցեեւ, մեր կողմից ոչ կոռեկտ է, բայց փորձելու ենք սատարել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»

24.06.2016 15:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գուցեեւ, մեր կողմից ոչ կոռեկտ է, բայց փորձելու ենք սատարել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»

«Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻ հետ, ով մինչ մեր հարցերին անդրադառնալը, նախ նշեց, որ Ղազախստանը նախաձեռնությամբ է հանդես եկել` դառնալով կրոնական գործիչների երկխոսության հարթակ, որի նպատակն է պայքարել ահաբեկչության դեմ եւ գործել հանուն հանդուրժողականության ու պետությունների անվտանգության:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿԱ՞ ԿԱ ՌԴ-ԱՄՆ ԿՈՄՊՐՈՄԻՍ

«ՄԵՆՔ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՓՈԽԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ»

–Պարոն դեսպան, չե՞ք կարծում, որ վերոնշյալ նախաձեռնության համատեքստում առաջին քայլը Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի Ղազախստանի կողմից:
– Թերեւս առաջին անգամ կարող եմ Ձեզ անկեղծորեն ներկայացնել Ղազախստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նախեւառաջ նշեմ, որ Ղազախստանը շատ հստակ ասել է, որ ցավում է 1915-17 թթ.-ի այն անմեղ զոհերի համար, որոնք եղան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Այս հարցն իհարկե շատ զգայուն է հայ ժողովրդի համար, եւ մենք դա գիտակցում ենք: Բայց խնդիրն այլ է, երբ բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, երեւի, առաջին հերթին ճիշտ կլինի այն հասցեավորել նրանց, ովքեր մեղադրվում են դրանում: Իսկ երկրորդ հերթին` Ղազախստանը նույնպես ունեցել է մեծ թվով զոհեր 1920-30-ական թվականներին: Ինքներդ էլ գիտեք, որ Ղազախստանում այդ թվականներին սովից մահացավ բնակչության 40 տոկոսը: Այս մասին, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ոչ միայն իմ հայ ընկերներին, այլեւ գործընկերներին: Եվ Ղազախստանում ընթանում են լայն քննարկումներ այն ցեղասպանության ճանաչման մասին, որն իրականացվել է ղազախ ժողովրդի նկատմամբ: Մինչդեռ ասեմ, որ մեր պետությունը չի շտապում այդ ուղիով գնալ, որովհետեւ ցեղասպանությունը պետք է դատապարտվի` պայքարելով մարդատյացության դեմ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եթե այս պահին մենք սկսենք նման հայտարարություններ անել, միշտ առաջ կգա երկրորդ  հարցը` ո՞վ է այդ ամենի մեղավորը: Իսկ մենք չենք ցանկանում որեւէ սխալ քայլ կատարել` արտաքին գործընթացներում հավասարկշռությունը խախտելով: Անշուշտ, սա մարդասիրական քայլ կարող է լինել, բայց միշտ չէ, որ վստահ կարող ես ասել, թե այն դրական արդյունք կունենա Ղազախստանի եւ այլ երկրների հարաբերությունների համար: Սա ընդամենը կավելացնի հավելյալ բաժանարար գծեր պետությունների միջեւ: Սակայն, համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ այս հարցի հետ կապված` ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան կգան որոշակի փոխհամաձայնության: Ուստի` ավելի քան համոզված եմ, որ պատմական գնահատականներ հարկ է տալ այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվում են համապատասխան պայմաններ: Իսկ այսօրվա իրավիճակում նման քաղաքական գնահատականը, մեր կարծիքով, չի բերի դրական արդյունքի: Այնպես որ, մենք կշարունակենք փոխգործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ` հնարավորինս նպաստելով երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կայունացմանը:

«ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆՏԱՐԲԵՐ ՄՆԱԼ»

–Իսկ Ղազախստանը` որպես ՀՀ դաշնակից ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում, չե՞ք կարծում, որ պետք է գոնե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ժամանակ հասցեական գնահատական տար:
– Նախ ասեմ, որ ԵՏՄ-ն, ինչպես Ղազախստանն է միշտ ընդգծում, զուտ տնտեսական ինտեգրացիոն համագործակցություն է, եւ յուրաքանչյուր անգամ քաղաքականացնել այն` ոչ տնտեսական մտորումներով, կարող է ծանրացնել հետագա տնտեսական ինտեգրացիան: Ուղղակի, այս դեպքում ԵՏՄ ինտեգրացիան չի տա այն ազդեցիկ արդյունքները, որոնք ակնկալում ենք տնտեսական առումով: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ընդգծեմ, որ Ղազախստանի կառավարությունը մշտապես հետեւողական է եղել իր պարտականությունների կատարմանը: Այս կառույցը ռազմաքաղաքական միավորում է, որի առաքելությունն է հակազդել արտաքին ագրեսիայի վրա եւ հնարավորինս նվազեցնել հնարավոր վտանգները: Եվ այս հարցում շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է անում ամեն մի երկիր` իր պարտականությունները կատարելու հարցում: Ապրիլյան իրադարձությունները, որն  ընդունված է անվանել քառօրյա պատերազմ, մեզ շատ է վշտացնում, որովհետեւ այդ բախումները բերեցին մարդկային զոհեր, ինչի համար ցավում ենք: Անկեղծորեն ասեմ` ցավում ենք երկու կողմերի զոհերի համար էլ: Այդպես չպետք է լինի, սա 21-րդ դարն է` խաղաղ եւ կայուն զարգացման դարը, այլ ոչ թե` նման բախումների: Իսկ գնահատական մենք պատրաստ ենք տալ, բայց, ցավոք, այնպես ստացվեց, որ Ղազախստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում չկա: Ճիշտ հասկացեք, գնահատական կարող է տալ այն երկիրը, որն  իրավասու է` լինելով այնպիսի հեղինակավոր կառույցի անդամ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է: 
– Այդուհանդերձ, ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծման ճանապարհը:
– Մենք բազմիցս ասել ենք այդ մասին, եւ այսօր էլ կվերահաստատեմ, որ Ղազախստանը բոլոր կոնֆլիկտների, այդ թվում` նաեւ ԼՂ կոնֆլիկտի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով` այս դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի ներդրած ջանքերի միջոցով: Մենք միանշանակ կողմ ենք, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի եւ, անշուշտ, Ղազախստանի իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել նաեւ ադրբեջանական գործընկերների հետ, որպեսզի նպաստենք հարցի խաղաղ կարգավորմանը: Եթե հիշում եք, 1992 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը գնացին Ստեփանակերտ, որպեսզի հարցին լուծում տային, սակայն այն տեղի չունեցավ, քանի որ այդ հարցի լուծումը տրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին: Եվ հիմա մենք իրավաբանորեն իրավունք չունենք խառնվելու այս գործընթացին, առավել եւս` գնահատական տալու: Այնուամենայնիվ, ասեմ անեղծ` մեր նախագահը պատրաստ է իր ուժերի ներածի չափով ընդգրկվել կոնֆլիկտի խաղաղ լուծման գործընթացին: Հետեւաբար, միշտ դիմում եմ խնդրանքով իմ հայ գործընկերներին, որ մեզ ճիշտ հասկանան, որովհետեւ երբեմն որոշ քաղաքական ներկայացուցիչների` ե՛ւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, դուր չեն գալիս, որ Ղազախստանը այս գործընթացի մեջ փորձում է միջամտություն ունենալ, պարզապես, ինչպես ինքներդ եք հասկանում, նման իրավիճակում մենք չենք կարող անտարբեր մնալ: Գուցեեւ մեր կողմից սա ոչ կոռեկտ է, բայց մենք փորձելու ենք սատարել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: 

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՈՉ ԹԵ ԳԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐՈՎ Է ՊԵՏՔ ԿԵՐԱԿՐԵԼ, ԱՅԼ` ԼԱՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ»

–Ինչպե՞ս կգնահատեք հայ-ղազախական հարաբերությունների ներկա իրավիճակը:
– Առաջին հերթին շատ կարեւոր է հայ-ղազախական առեւտրատնտեսական հարաբերությունները, որովհետեւ Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի շրջանառության գերազանցումը, տնտեսական հարաբերությունների ամրացումը հիմք է երկրների բարեկեցության եւ մեր ժողովուրդների սոցիալական վիճակի բարելավման: Դուք շատ լավ հասկանում եք, որ մարդուն, ոչ թե առակներով, գեղեցիկ բառերով է պետք կերակրել, այլ` լավ սոցիալ-տնտեսական վիճակ ապահովելով: Այսինքն` լավ աշխատանքով, լավ աշխատավարձով եւ բոլոր հարմարավետ պայմաններով` աշխատանքի եւ շփման համար: Այս առումով կարեւոր են տուրիզմի եւ առեւտրական ուղիների ապահովումը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ: Այդ ուղիներն, իհարկե, այսօր էլ կան, բայց մենք նոր ուղիներ կսկսենք Իրանի միջով, որի դեմ կիրառված սանկցիաները հանվել են: Մենք փորձում ենք նաեւ հնարավորություններ գտնել, որպեսզի ավիափոխադրումային կապ ստեղծենք մեր երկու մայրաքաղաքների միջեւ: Կարեւորում եմ նաեւ մշակութային, կրթական, հումանիտար փոխգործակցությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА