ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

20.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախօրեին ԱՄՆ-ում հրապարակվեց պետական անվտանգության նոր ռազմավարությունը: Ելնելով այդ փաստաթղթից` փորձագետներից շատերը չհապաղեցին ենթադրել, որ այն նոր սրության կհասցնի ԱՄՆ-ի հակամարտությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:Բայց իրո՞ք պետք է նոր լարումների սպասել...
ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ + ԱՃՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
Այսպես, համաձայն փաստաթղթի, ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգներն են հենց ՌԴ-ն եւ Չինաստանը: Դրանից զատ, վտանգ է սպասվում նաեւ Իրանից, Հյուսիսային Կորեայից: Նախագահ Թրամփը, խոսելով նոր ռազմավարությունից, փորձեց երանգները մի քիչ թուլացնել՝ երկու երկրներին անվանելով «մրցակիցներ» եւ ոչ թե՝ հակառակորդներ կամ թշնամիներ: Միաժամանակ, Թրամփը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է երկուսի հետ էլ համագործակցել: Եվ չբացառենք, որ ԱՄՆ նախագահը իրականում էլ նման տրամադրություններ ունի: Համենայնդեպս, այս օրերին տեսանելի դարձան ԱՄՆ-ՌԴ համագործակցության որոշ դրվագներ: Այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում այս Ամանորին ահաբեկչական հարձակում կազմակերպող խմբավորմանը հնարավոր է եղել հայտնաբերել ԱՄՆ-ից ստացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Պուտինը դրվատանքի խոսքեր ասաց ներամերիկյան տնտեսական քաղաքականության հասցեին, որն ակնհայտորեն այնքան էր ուրախացրել Սպիտակ տանը, որ Թրամփը չհապաղեց զանգահարել Կրեմլ եւ շնորհակալություն հայտնել: Սրանք կարող էին սովորական սիրալիրությունների փոխանակման տպավորություն թողնել, եթե առանձնապես չգովազդվող համագործակցության հետքեր չնշմարվեին նաեւ ներկայիս ամենասուր՝ հյուսիսկորեական ճգնաժամի հետ կապված. այս ուղղությամբ դեռ միայն վերջերս Թրամփը կանգնած էր պատերազմ սկսելու կամ, հակառակ դեպքում, խայտառակ կերպով հետ քաշվելու երկընտրանքի առաջ: Բայց ահա Մոսկվան սկսեց միջնորդավորված բանակցությունների նմանվող ինչ-որ գործընթաց: Այն, թեեւ, հազիվ թե հակամարտության վերջնական հանգուցալուծման հասցնի, սակայն հնարավորություն տվեց Սպիտակ տանը՝ հիմնվել այդ գործընթացի վրա եւ դուրս գալ պատերազմել-չպատերազմելու նշված փակուղուց:
Այս փաստերը, իհարկե, վկայում են ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժերի մասին, եւ Թրամփն էլ, թերեւս, միանգամայն տեղին է հայտարարում, թե դրանք «ներքին կետից» դուրս են եկել: Բայց մյուս կողմից էլ, աչքի առաջ է նաեւ մյուս փաստը, որն ամեն մի հայտարարությունից կամ ենթադրությունից շատ ավելի պերճախոս է: Նկատի ունենք օրերս նույն Թրամփի ստորագրած 2018թ. ռազմական բյուջեն: Այն այս տարվա համեմատ կավելանա մոտ 54 միլիարդ դոլարով եւ կհասնի 700 միլիարդի: Համեմատության համար նշենք, որ եթե Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական ծախսերն իրար գումաարենք, էլի 200 միլիարդից պակաս կստացվի, այսինքն՝ ամերիկյան ռազմական բյուջեից մոտ 3,5 անգամ պակաս: Եվ էական չէ նաեւ այն փաստը, որ Սպիտակ տունն ավելի համեստ ռազմական բյուջե էր ակնկալում, եւ ծախսերի ավելացման նախաձեռնությունը գալիս է Սենատից: Միեւնույնն է, դա բուն փաստը չի փոխում. ԱՄՆ-ն էականորեն ավելացնում է ռազմական ծախսերը, ինչը չի կարող պատահական լինել:
ՄԻՆՉ ԱՅՍ ԷԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՓՈՔՐ ՉԷՐ
Այսպիսով, մի կողմից՝ ԱՄՆ-ն շարունակում է ՌԴ-ին եւ Չինաստանին դիտարկել, որպես հակառակորդ. մեղմացնող «մրցակից» տերմինը բան չի փոխում: Մյուս կողմից՝ ռազմական ծախսերի ավելացումն ակնարկում է, որ ամերիկյան քաղաքականությունն էլ ավելի ագրեսիվ կդառնա: Ի վերջո, Թրամփն այդ մասին ուղղակիորեն հայտարարեց. «ԱՄՆ-ը թիրախավորվել է խաղաղության՝ ուժի միջոցով»: Եվ նույն գաղափարին է տանում նաեւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հայտարարությունը. «Ունենալով աշխարհում ամենահզոր ռազմական ուժը` ԱՄՆ-ն հնարավորություն է տալիս իր դիվանագետներին՝ միշտ խոսել ուժի դիրքերից...»: Իսկ թե ինչին է ուղղվել այդ ուժը, Թրամփը չի էլ թաքցնում. «Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են մարտահրավեր նետել ամերիկյան ազդեցիկությանը...»: Եվ դա ՌԴ-ում ընկալվում է այս կերպ. ինչպես հայտարարեց Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունն ուղղված է ամերիկյան հեգեմոնիայի պահպանմանը եւ միաբեւեռ աշխարհի կառուցմանը: Կարճ ասած, որ ԱՄՆ-ը կձգտի վերջին տարիների եւ հատկապես՝ այս տարվա ձախողումների համար հասնել ռեվանշի:
Բայց այլ հարց է, թե անգամ ռազմական ծախսերն ավելացնելով, Վաշինգտոնն ի զորու կլինի՞ ներկայիս հայտնի քաղաքական գործընթացներն իր օգտին շրջել: Փաստն այն է, որ ռազմական ծախսերի մեծությունը ժամանակակից աշխարհում կարող է ամենեւին էլ սպասված էֆեկտին չհանգեցնել: Ի վերջո, ամերիկյան ռազմական բյուջեի այդ ահռելի առավելությունը ռուս-չինական բյուջեների համեմատ միշտ էլ եղել է: Մինչդեռ անգամ այդ իրողության պարագայում ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական պարտությունների պակաս վերջին ժամանակներս չունի: 
ԿԼԻՆԵ՞Ն ՍՐԱՑՈՒՄՆԵՐ
Մյուս կողմից, ռազմական բյուջեի մեծությունից զատ կա նաեւ այն հարցը, թե ինչպես են այդ միջոցները ծախսվում: Այս օրերին ռազմական մի շարք փորձագետներ մի քանի պարզ ցուցանիշներ ներկայացրին: Այդ թվում, օրինակ, ԱՄՆ-ն ամենավերջին նմուշի մեկ F-35 ինքնաթիռի համար վճարում է մոտ 160 միլիոն դոլար, այն դեպքում, երբ դրա համարժեք ռուսական Սու-35-ն արժե 31 միլիոն: Կամ, ամերիկյան «Աբրամս» տանկի արժեքը 8,5 միլիոն է, բրիտանական «Չելենջերինը»՝ 8,6 միլիոն, իսկ գերմանական «Լեոպարդինը»՝ 7: Փոխարենը դրանց բոլորին շատ բանով գերազանցող ?-90-ն արժե ընդամենը 1,5 միլիոն դոլար, եւ դրանց բոլորին էապես գերազանցող, սերիական արտադրության պատրաստվող «Արմատայի» գինը, առկա տվյալներով, 2 միլիոնից չի անցնի: Ընդ որում, եթե սպառազինության համար ծախսերը ռուսական ռազմական բյուջեի մոտ կեսն է, ապա ԱՄՆ-ում՝ 15-20 տոկոսը: Այսինքն, ամերիկյան ռազմական ծախսերի առյուծի բաժինը այլ ուղղությամբ է ¥աշխատավարձեր, սոցիալական խնդիրներ եւ այլն¤, ապա՝ արտաքին բազաների պահպանման, տարբեր պատերազմների եւ այլն:
Վերջապես, գլոբալ ռազմական բալանսը պահպանում է ոչ թե մեծ կամ փոքր բյուջեները, այլ փաստացի առկա միջուկային սպառազինությունը: Պատահական չէ, որ նույն անվտանգության ռազմավարությամբ ԱՄՆ-ի համար հիմնական վտանգը հենց ռուսական միջուկահրթիռային ուժերն են համարվում, եւ այս ուղղությամբ, չնայած համեստ ռազմական բյուջեին, ՌԴ-ն շարունակում է ակտիվորեն առաջ գնալ: Այդ թվում, օրակարգում է հիպերձայնային հրթիռի ստեղծման ծրագիրը, որի պարագայում միջուկային հավասարակշռությունը դեռ երկար տարիներ կպահպանվի: Եթե ռուսականին ավելացնենք նաեւ Չինաստանի ռազմական պոտենցիալը, ապա ամերիկյան 700 միլիարդանոց բյուջեն աշխարհաքաղաքական տեսանկյունից հազիվ թե էական փոփոխություն առաջ բերի: Համենայնդեպս, ասել, որ ԱՄՆ-ի վերջին բոլոր ձախողումները կապված էին ֆինանսական սղության հետ, միամտություն կլիներ: Օրինակ, եթե հյուսիսկորեական խնդիրն ԱՄՆ-ին չհաջողվեց լուծել 650 միլիարդանոց բյուջեով, ապա դրանում ի՞նչ փոփոխություն կարող է առաջ բերել 700 միլիարդանոց բյուջեն եւ նոր անվտանգության ռազմավարությունը: Ի վերջո, իրավիճակը պարզ է. այդ երկրին, անկախ ուժերի քանակից եւ բյուջեի մեծությունից, եթե հարվածես, մեկ է՝ բոլորի համար էլ նույն կատաստրոֆիկ հետեւանքներն են լինելու:
Ընդ որում, ԱՄՆ-ի խնդիրը միայն ՌԴ-ն ու Չինաստանը չեն, որը ֆիքսել են անվտանգության ռազմավարությունում: Այդ փաստաթղթում Եվրոպան դեռ դիտարկվում է` որպես դաշնակից: Մինչդեռ այս ուղղությամբ եւս ԱՄՆ-ն խնդիրների պակաս չունի: Եվ դրանք դեռ աճի միտում են ցուցաբերում, հաշվի առնելով, որ Եվրոպան սկսում է ավելի ու ավելի բարձրաձայն խոսել արդի աշխարհակարգը նաեւ իր պատկերացումներով փոխելու մասին: Մասնավորապես, այն ճգնաժամը, որ առաջացել է Գերմանիայում վերջին ընտրություններից հետո եւ թույլ չի տալիս նոր կառավարություն ձեւավորել, նոր շրջադարձ է ստացել: Կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի համար կառավարության ձեւավորման վերջին շանսը գերմանական սոցիալ-դեմոկրատների հետ համաձայնության գալն է: Եվ ահա այդ կառույցի ոչ անհայտ լիդեր Մարտին Շուլցն առաջ է քաշել հստակ նախապայման՝ Գերմանիայի նոր կառավարությունը պարտավորվում է ակտիվորեն աշխատել Եվրոպայի Միացյան Նահանգներ աշխատանքային անունը կրող համաեվրոպական միասնական պետության ստեղծման գաղափարի ուղղությամբ: Համաեվրոպական պետության գաղափարը, իհարկե, մինչ այս էլ էր օրակարգային՝ ընդհանուր բանակի, ընդհանուր բանկային վերահսկողության եւ նման այլ մեխանիզմների ձեւավորման տեսքով, որոնք ակտիվ ընթացքի մեջ են: Կարճ ասած` այն, որ կա՛մ ԵՄ-ն փլուզվելու է, կա՛մ Եվրոպան գնալու է միասնական պետության, ավելի ու ավելի մեծ թվով հեղինակավոր փորձագետներ են պնդում: Կստացվի՞ միասնական պետության տարբերակը, թերեւս միայն գալիք տարի ինչ-որ բան պարզ կդառնա: Բայց բուն փաստը, որ կա նման ծրագիր, որը մեծ հավանականությամբ կդառնա Գերմանիայի արտաքին քաղաքականության առանցքներից մեկը, արդեն իսկ ցույց է տալիս, թե աշխարհաքաղաքական առումով ԱՄՆ-ից տարանջատվելը Եվրոպայում ինչ ծանրակշիռ հիմքեր է ստացել: Եվ եթե նույն ամերիկյան ռազմական բյուջեով հսկայական հավելյալ գումարներ են ուղղվում եվրոպական հարթակ՝ «ռուսական ագրեսիայի դեմն առնելու համար» պաշտոնական բացատրությամբ, դեռ հարց է, թե իրականում այդ գումարները Եվրոպայի վերահսկողությունից դուրս գալն արգելակելուն չե՞ն ծառայելու:
Այսպիսով, Վաշինգտոնի առաջ նույն գլոբալ խնդիրները մնում են, իսկ նոր անվտանգության ռազմավարությունը եւ անգամ՝ ավելացված ռազմական բյուջեն իրավիճակը փոխելու ռեալ, համենայնդեպս՝ տեսանելի ուղիներ չեն մատնանշում: Եվ ինչքան էլ ամերիկյան տարբեր փորձագետներ վերջին ժամանակներս խոսում են 2018-ին հնարավոր Երրորդ աշխարհամարտից եւ մատնանշում են դրա հնարավոր պատճառները, թերեւս իրավիճակն այս տարվա համեմատ հազիվ թե ավելի բարդ դառնա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանում սպասում են ռուսական նոր սպառազինությունների


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА