o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՏ ՀԱՇԻՎՆԵՐ ԽԱՌՆԵՑԻՆ

06.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՏ ՀԱՇԻՎՆԵՐ ԽԱՌՆԵՑԻՆ

Բրիտանիան հերթական անգամ դարձավ ահաբեկչության թիրախը. երրորդ հարվածը երկուսուկես ամսում: Այս անգամ կա 7 զոհ, մոտ 50 վիրավոր, 21-ը՝ ծանր:ԲՐԻՏԱՆԻԱՆ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ
Ինչո՞վ է Լոնդոնն այսքան հրապուրիչ դարձել «Իսլամական պետության» համար: Պատասխանը, թերեւս, պարզ է. հունիսի 8-ին նախատեսված արտահերթ ընտրությունները: Համեմատության համար հիշեցնենք. անցած տարի էլ Փարիզն էր դարձել ահաբեկչության հիմնական թիրախ: Արդյունքում՝ Օլանդի վարկանիշն այնքան նվազեց, որ նա անիմաստ համարեց անգամ երկրորդ ժամկետով թեկնածությունն առաջադրել: Լոնդոնում էլ, ակնհայտ է, նույն սխեման է: Միայն թե վարչապետ Թերեզա Մեյը սեփական նախաձեռնությամբ գնաց արտահերթ ընտրությունների եւ ոչ թե Օլանդի պես՝ հերթական: Արտահերթի դեպքում ժամկետները կարճ են, դժվար է թեկուզեւ պարբերական ահաբեկչության միջոցով ջախջախիչ հարված հասցնել երկրի ղեկավարի վարկանիշին: Բայց հարվածել պետք է. երկուսուկես ամսում երեք աղմկոտ ահաբեկչությունը եթե ոչ ծանր, ապա գոնե որոշակի ազդեցություն կունենա Մեյի վարկանիշի վրա:
Հասկանալի է նաեւ, որ հազիվ թե Մեյի ընտրվել-չընտրվելն էապես հետաքրքրի ԻՊ-ին. այդ խմբավորման համար, խոշոր հաշվով, ինչ տարբերություն, թե ով է Բրիտանիայում առաջին դեմքը:Ասել է, թե Մեյի հարցով հետաքրքրված են այլ ուժեր, որոնք նախ՝ ցանկություն ունեն դադարեցնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, կամ գոնե՝ էապես մեղմել այն կոշտ բաժանումը, որն առաջ է տանում ներկայիս վարչապետը: Նույն ուժերը, միաժամանակ, պետք է որ համապատասխան ազդեցության լծակներ ունենան նաեւ ԻՊ-ի վրա, որ նրանց կցեն այդ խաղին: Ու կա մեկ ուժ, որը այդ երկու դրվագներին համապատասխանում է. ԱՄՆ-ում իշխանությունը կորցրած, պայմանականորեն ասենք, սուպերլիբերալ համակարգը, որը նախ՝ կանգնած է ներկայիս տեսքով ԻՊ-ի եւ այլ նման կառույցների ծննդի ակունքներում: Երկրորդը. ԵՄ-ն համարում է վերջին պատվարի պես մի բան, այսինքն՝ Brexit-ի հետ կապված ինչ-որ բան անելը գերխնդիր է:
Իհարկե, բացի պատճառահետեւանքային այդ կապերից, կարեւոր է նաեւ բուն փաստը: Այսինքն, որ նման հարված Բրիտանիան, թերեւս, Երկրորդ աշխարհամարտից ի վեր չէր տեսել: Կարելի է նաեւ նկատել, որ սա այն ետ վերադարձած բումերանգն է, որը նույն Լոնդոնը նետեց, երբ ժամանակին մտացածին մեղադրանքներով Իրաքում պատերազմի մեջ մտնելով, մեծապես նպաստեց Մերձավոր Արեւելքն այս քաոսին բերելուն եւ ահաբեկչական շարժումների աննախադեպ ծաղկմանը: Բայց այսքանով հանդերձ էլ, օրակարգում մեկ կարեւոր հարց է մնում. այս հարվածներն ինչ իրավիճակի կարող են բերել: 
Հասկանալի է՝ նման ահաբեկչական հարվածներով հանդերձ էլ՝ Բրիտանիան եղել է եւ կմնա քանիցս աշխարհը հիմքից խառնած անգլոսաքսոնիզմի ծննդավայրն ու շարժիչ ուժը: Բայց նաեւ՝ բրիտանական քաղաքական էլիտայի համար արդեն վտանգավոր են դառնում նաեւ ահաբեկչական շարժումներին խաղարկելու հին պրակտիկան: Ի վերջո, այն, որ այդ կառույցները համապատասխան պատվերի պարագայում նաեւ Լոնդոնը թիրախավորելու հարցում արդեն ամենեւին էլ տաբուներ չունեն, հուշում է, որ նախ՝ իրենց կազմում մեծ թվով իսլամիստ-ֆանատիկոսներ ունեցող այդ բանակների նկատմամբ երբեմնի կայուն վերահսկողությունը դարձել է անհնար: Եվ դրանից բխող երկրորդ հանգամանքը, որ այդ իրավիճակում պայթյուններ կարող են լինել նաեւ այդ ֆանատիկոսների սեփական նախաձեռնությամբ կամ առաջին իսկ պատահած ֆինանսավորողի ցանկությամբ: Իսկ դա հուշում է, որ անկախ արդյունքներից, առաջիկա ընտրություններից հետո բրիտանական կառավարությունը, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի, ապա նաեւ՝ ՌԴ-ի նկատմամբ կոշտ քաղաքականությունը որոշակիորեն սրբագրելու անհրաժեշտություն է ունենալու:

Ղրղզստանում կալանք է դրվել Աթամբաևի բոլոր հաշիվների վրա

ՆԵՐԱՐԱԲԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Առավել եւս, որ Մերձավոր Արեւելքում ի հայտ եկած նոր իրողությունները հուշում են, որ անգլոսաքսոնական քաղաքականությունը, բացի Սիրիայից, բավականին խորքային այլ խնդիրներ եւս ունի: Խոսքը Քաթարի շուրջ ի հայտ եկած դիվանագիտական ճգնաժամի մասին է, որն ի հայտ բերեց տարածաշրջանում, ասենք՝ նաեւ իսլամական աշխարհում անգլոսաքսոնիզմի հիմնական հենարան հանդիսացող արաբական աշխարհում առկա ներքին բուռն հակասությունները: Այսպես՝ արաբական յոթ երկրներ, այդ թվում՝ սունի իսլամի առաջնորդներ Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը երեկ խզեցին Քաթարի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերությունները, այլ մինչեւ իսկ՝ քաղաքացիների երկկողմ տեղաշարժերը: Թե որոնք են պատճառները, մեզ համար էական չեն, մի կողմ թողնենք: Միգուցե նաեւ հնարավոր լինի այս ճգնաժամն արագորեն հաղթահարել: Սակայն մեկ-երկու հանգամանք աչքաթող չանենք: Նախ՝ ճգնաժամն այս մասշտաբին հասավ Թրամփի տարածաշրջանային այցից շատ չանցած, որի ժամանակ ԱՄՆ նախագահն առաջ էր քաշել արաբական աշխարհի հետ ՆԱՏՕ-ի տիպի ռազմական կառույցի ստեղծման գաղափար՝ ընդդեմ Իրանի: Եվ ահա, արաբական աշխարհի այս խորը ճգնաժամը եկավ եւս մեկ անգամ հուշելու, որ առնվազն ներկայումս այդ գաղափարն անիրագործելի է: Երկրորդը. Սաուդյան Արաբիան, խզելով Քաթարի հետ դիվանագիտական կապերն ու Եմենի դեմ պատերազմում կոալիցիոն կապերը, հնչեցրեց նաեւ նման բացատրություններ. Քաթարը շարունակում է ֆինանսավորել այնպիսի ծայրահեղական-ահաբեկչական կառույցներին, ինչպիսին է՝ ԻՊ-ն, Ալ-Քայիդան եւ «Մուսուլման եղբայրները»: Սա, իհարկե, նոր բան չէ: Ավելին՝ նույն կառույցների ֆինանսավորելու մեղադրանքներ բազմիցս հասցեագրվել են նաեւ նույն Սաուդյան Արաբիային: Բայց հիմա հետաքրքիր իրավիճակ է ստացվում. Սաուդյան Արաբիան պաշտոնական մեղադրանքներ է ուղղում Քաթարին, որն, ի դեպ, շատ աղբյուրների կարծիքով, այդ ֆինանսավորմանը հենց սաուդների նախաձեռնությամբ են ձեռնամուխ եղել: Ընդ որում, նաեւ այդ ֆինանսավորումն էր, որ Սիրիային հասցրեց ներկայիս վիճակին: Ու հիմա, երբ այդ երկու պետությունները սկսել են իրար կոկորդ կրծել, դա նաեւ հուշում է, որ սիրիական ահաբեկչական շարժումները հերթական խնդիրներն են ունենալու ֆինանսավորման հարցում: Եվ այն պահին, երբ նույն ուժերը Սիրիայում օր օրի ավելի ծանր վիճակում են հայտնվում: Չնայած մյուս կողմից էլ չբացառենք, որ հենց այդ հանգամանքն է արաբական աշխարհի այս խորքային ճգնաժամի պատճառներից մեկը: Սաուդյան Արաբիան սիրիական պատերազմի եւ դրա միջոցով նաեւ Իրանի թուլացմանը հասնելով` փորձում էր տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնել: Ու եթե  Ասադը հաղթի, դա միանգամայն հակառակ պատկերն է առաջ բերելու. այն է՝ տարածաշրջանի հիմնական ուժ է դառնալու Իրանը: 

ԹՐԱՄՓԸ ՆԱԵՎ ԱՐԱԲՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ
Իրավիճակը փոխելու վերջին հույսը Թրամփն էր: Բայց նրա տարածաշրջանային այցի ժամանակ, ասենք նաեւ, վերջին ամիսներին ԱՄՆ-ի գործողություններից զգացվում է, որ ահաբեկչական շարժումների վրա խաղադրույք կատարելու երբեմնի պրակտիկան Վաշինգտոնը համարում է ձախողված: Միաժամանակ նկատելի է նաեւ, որ Թրամփը հիմնական խաղադրույքը կատարում է քրդերի վրա: Իսկ արաբական աշխարհին, եթե դեռ դիտարկում է որպես դաշնակից, ապա բացառապես Վաշինգտոնի սահմանած խաղի կանոնների շրջանակներում: Այդ թվում՝ պետք է ԱՄՆ-ին տասնյակ միլիարդներ վճարեն զենքի համար. նավթագազային քաղաքականությունը կառուցեն Վաշինգտոնի թելադրած գնային պայմաններով եւ այլն: Ընդ որում, արաբական աշխարհում այդ պահանջների նկատմամբ կա տարբեր մոտեցումներ, եւ հենց դա է, որ այսքան ծանր հարվածի տակ առավ ներքին հակասությունները հնարավորինս թաքցնելու եւ գոնե արտաքին հարթակում միասնաբար հանդես գալու արաբական հին պրակտիկան:
Կհաջողվի՞ այս բոլոր հակասություններին արագացված կարգով լուծումներ տալ: Քիչ հավանական է: ԱՄՆ-ն անմիջապես փորձեց միջամտել Թիլերսոնի միջոցով: Բայց, եթե լուծումները հնարավոր լինեին, ապա պարզապես թույլ չէր տրվի, որ ներքին ճգնաժամը հասներ դիվանագիտական հարաբերությունների խզմանը եւ արաբական երկրների կողմից Քաթարի քաղաքացիների արտաքսմանը:
Ու մյուս կողմից՝ սիրիական բանակը այս օրերին բավարար հաջողությամբ երկու մասշտաբային հարձակումներ է իրականացնում: Մի կողմից ազատագրվեց ողջ Հալեպի մարզի արեւելյան հատվածը՝ մինչեւ Եփրատի արեւմտյան ափերը, եւ սիրիական ուժերը ուր որ է կմիանան քիչ ներքեւ ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքան գրոհող քրդական ուժերի բնագծերը: Մյուս կողմից՝ Պալմիրային բավական խոշոր զրահատեխնիկական ուժեր ճեղքման են դուրս եկել դեպի Դեր-Զոր, եւ այս հարձակումը եւս հաջողությամբ զարգանում է: Արդյունքում՝ գնալով մոտենում է ԻՊ-ի վերջնական ջախջախման պահը, որը նաեւ սիրիական ճգնաժամի գոնե ռազմական փուլի հանգուցալուծումը կտա: Իսկ դա, կրկնենք, նաեւ Իրանի գլխավորությամբ շիաական աշխարհի հաղթանակն է դառնալու` Սաուդյան Արաբիյաի գլխավորած սունիական աշխարհի նկատմամբ: Եվ այդ դեպքում նույնպես ներարաբական  այս ճգնաժամը ոչ թե լուծման, այլ նոր խորացման կտանի:
Ընդ որում, նման արդյունքը կնշանակի, որ լրջորեն կթուլանա տարածաշրջանում անգլոսաքսոնիզմի ավանդական դարձած սունիական հենարանը՝ առաջ մղելով այս պահին էլ ԱՄՆ-ին սատանայական երկիր համարող Իրանին: Եվ այս իրողությունները նաեւ ահաբեկչության թիրախ դարձած Բրիտանիայի նոր իշխանությունները չեն կարող հաշվի չառնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА