ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ,  ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ

30.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ,  ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ

 

Անցած շաբաթվա վերջերին Իտալիայում՝ Սիցիլիայի Տաորմինա քաղաքում տեղի ունեցած Մեծ յոթնյակի երկրների՝ G7 գագաթաժողովը, ի տարբերություն նախորդ տարիների նույն միջոցառումների, այս անգամ ինչ-որ առանձնահատուկ հետաքրքրություն չներկայացրեց: Այդ մտքին են նաեւ եվրոպական եւ ամերիկյան մի շարք հեղինակավոր աղբյուրներ: Եվ նույնիսկ նման տեսակետ էին  շրջանառության մեջ դրել. «G7-ը այլեւս առաջվա ազդեցությունն ու էֆեկտիվությունը չունի»:G7-Ը ՎԵՐԱԾՎԵՑ 
ԱՆԻՄԱՍՏ ՀԱՎԱՔԻ
Ինչո՞ւ է Մեծ յոթնյակի, այն է՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի առաջնորդների ազդեցիկ տեսքն այս աստիճան նվազել: Մեկնաբանությունները, որոնք միանգամայն տրամաբանական են հնչում, մի քանի հիմնական պատճառ են մատնանշում: Առաջինը, որ G7-ում ամենեւին էլ համաշխարհային յոթ առաջատար երկրները չէ, որ ներգրավված են: Այսինքն՝ միայն այն փաստը, որ այնտեղ չկան ՌԴ-ն, Չինաստանը եւ Հնդկաստանը արդեն իսկ հուշում է, որ մեծ փոփոխությունների ենթարկված ներկայիս աշխարհում G7-ի որոշումները երբեմնի «պեչատի» ազդեցությունն այլեւս չունեն: Այսինքն՝ այդ յոթ երկրները կարող են համաշխարհային տարբեր հարցերի հետ կապված այս կամ այն որոշումներն ընդունելու հայտարարություններն անել, բայց մեծ հարց է, թե դրանք իրական կյանքում կիրականանա՞ն: ժամանակին դրությունը մի փոքր փոխվեց, երբ G7-ում, այսինքն՝ այն ժամանակ G8-ում էր նաեւ Ռուսաստանը: Բայց 2014թ.-ից Օբաման որոշեց Մոսկվային դուրս թողնել այդ գագաթաժողովներից, ու դրանից հետո գործնականում չի եղել G7-ի կողմից ընդունված որեւէ գլոբալ որոշում, որը էֆեկտիվ եւ ավարտուն տեսք կունենար:
Սրան ավելացել է եւս մեկ խնդիր. Թրամփի ընտրվելով` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ էականորեն սրվեցին նաեւ ներքին հակասությունները: Ու նկատենք՝ այս G7-ի շեմին տեղի ունեցավ նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Երկու դեպքում էլ ընդունվեցին ինչ-որ հայտարարություններ, որոնք, սակայն, ավելի շուտ նման էին այն բանին, որ ընդունվել են կոսմետիկ տեսք տալու համար այն բանին, թե այդ կառույցներում ամեն ինչ նորմալ է: Բայց իրականում, երբ նայում ես գոնե այդ միջոցառումների ամփոփիչ հռչակագրերին, ապա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնի եւ Բեռլինի ներքին ու միգուցե անլուծելի հակասությունները միանգամից աչք են ծակում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թրամփը ողջ շեշտը դրել էր կազմակերպության եվրոպական անդամների կողմից ֆինանսական ներդրումները ավելացնելու գաղափարի վրա: Եվրոպացիները խսում էին, թե լավ բան է՝ պետք է ՆԱՏՕ-ն ուժեղացնել, բայց նաեւ ակնհայտ էր, որ որեւէ մեկը ավելորդ մեկ ցենտ անգամ չի պատրաստվում վճարել: Եվրոպացիներն էլ իրենց հերթին փորձում էին Թրամփին համոզել՝ էլ ավելի մեծացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Արեւելյան Եվրոպայում՝ «ռուսական ագրեսիայի» դեմն առնելու համար: Սակայն Թրամփը չհամաձայնեց անգամ այդ թեման օրակարգ մտցնել, իսկ «տակից» ոչ թե նույնիսկ քաղաքական, այլ բիզնես բնագավառին ավելի յուրահատուկ այս միտքն էր առաջ տանում. դուք չեք ուզում վճարել, ու ես իմ հաշվին գամ ձե՞զ պաշտպանելու, առավել եւս, երբ ինչ-որ արտառոց պաշտպանելու հարց էլ չկա: Ու մյուս կողմից, երբ Թրամփը ՆԱՏՕ-ին, այսինքն՝ այդ կառույցի եվրոպական անդամներին կոչ արեց մեծացնել իրենց մասնակցությունը ԻՊ-ի դեմ պատերազմում, իհարկե, բոլորն էլ «համերաշխորեն» համաձայնվեցին: Բայց վերջում պարզվեց, որ ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը մի քանի մանր տեխնիկական հարցերից այն կողմ չի անցնելու, այսինքն՝ գործնականում նման ներգրավվածություն չի լինելու:
Նույն հակասությունն էր նաեւ G7-ում: Ճիշտ է, համերաշխության «կոսմետիկ տեսքի» համար մասնակիցները հռչակեցին, թե պետք եղավ հակառուսական պատժամիջոցները կխստացնեն, բացի այդ, որ Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի ու ահաբեկչության, այսինքն՝ Սիրիա-Իրաքի խնդրի հետ կապված մնում են իրենց հին դիրքորոշմանը: Բայց նույն հռչակագրում, մի քանի տող այն կողմ նույնպիսի համերաշխությամբ շարադրել էին, թե առանց ռուսների մասնակցության որեւէ գլոբալ հարց չի լուծվում, ուստիեւ` պետք է Մոսկվայի հետ բոլոր հարցերում համագործակցել:
Կարճ ասած, միայն այն հայտարարությունը, որը G-7-ից հետո արեց կանցլեր Մերկելը, արդեն իսկ հիմնավորում է, թե այս հանդիպումներից հետո էլ ինչքան խորն են մնացել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հակասությունները. «Մենք` եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք: Ժամանակները, երբ մենք կարող էինք մեր հույսը դնել ուրիշների վրա, անցել են»: Իսկ թե այս ներքին  այդ բզկտումների պարագայում ինչ ապագա է սպասվում G7-ին, ասենք նաեւ՝ ՆԱՏՕ-ին, դժվար է ասել: 

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում

ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԸ 
ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ
Բայց մեկ բան արդեն հաստատ կարելի է ասել. այս երկու երբեմնի ամենազոր կառույցների՝ G7-ի ու ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովները հուշեցին, որ Արեւմուտքը, անկախ պատճառներից, արդեն գործնականում ի զորու չէ համաշխարհային կառավարման հարցում անբեկանելի որոշումներ կայացնել: Այսինքն, այն միաբեւեռ աշխարհը, որի տարրերը դեռ անցած տարի էլ կարելի էր նկատել, արդեն գործնականում գոյություն չունի: Հաշվի առնելով, որ նախ՝ Թրամփն իր առաջին արտաքին շրջագայությունից տուն վերադարձավ, երբ նրա հեղինակությունն ԱՄՆ-ում ռեկորդային ցածր՝ 42 տոկոս շեմից էլ էր նվազել՝ հասնելով 38-ի: Եվ ապա, որ Եվրոպայի հետ նման ոչ հուսալի դաշինքի պարագայում ԱՄՆ-ն իր սեփական հնարավորություններով գործնականում ի զորու չէ մնալ համաշխարհային թիվ 1 թելադրողի դերում: Բերենք մեկ պարզ օրինակ. թե ինչ աղմուկ սարքեց Վաշինգտոնը՝ կապված Հս.Կորեայի հրթիռային փորձարկումների հետ, վերջին ժամանակներս տեսանք: Մինչեւ իսկ օրակարգում էին խոսակցությունները, թե Վաշինգտոնն իր համար ցանկալի լուծումն ուժային ճանապարհով կարող է պարտադրել: Բայց ահա փաստը. այդ մեծ աղմուկից հետո, վերջին ոչ լրիվ երեք շաբաթներին Փհենյանը երեք նոր փորձարկում իրականացրեց ¥վերջինը՝ երեկ¤: Վաշինգտոնից, ճիշտ է, դեռ ապառնալիքներ լսվում են: Բայց այն փաստը, որ գոռալու հետ մեկտեղ, «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորած նավախումբը նախօրեին հեռացավ կորեական ափերից՝ ճանապարհ բռնելով դեպի տուն, արդեն իսկ հուշում է, որ արդ հրթիռային փորձարկումներին, բացի աղմկելուց, Վաշինգտոնն այլ՝ գործնական պատասխան չի էլ պատրաստվում տալ: Ինչո՞ւ. պատասխանն ակնհայտ է: Նման գործնական պատասխանը չի կարող շրջանցել Չինաստանին, ասենք՝ նաեւ ՌԴ-ին, ու Վաշինգտոնը նախընտրեց նահանջել: Բայց այստեղ կա նաեւ հարցի մյուս կողմը. Հս.Կորեայի այդ փորձարկումներից անհանգստացած Ճապոնիան եւ Հարավային Կորեան, որ իրենց ապահով էին զգում՝ թիկունքին ունենալով ԱՄՆ-ի երբեմնի միանշանակ աջակցությունը, Վաշինգտոնի այս նահանջից հետո չե՞ն մտածի նաեւ Մոսկվայի եւ Պեկինի հետ հարաբերություններն առաջ տանելու միջոցով՝ անվտանգության հավելյալ երաշխիքների մասին: Այսինքն՝ Տոկիոն ու Սեուլը կմնա՞ն Վաշինգտոնի երբեմնի գերհավատարիմ դաշնակիցների թվում: Չէ՞ որ կա նաեւ «վարակիչ օրինակը». Վաշինգտոնի երբեմնի նույնքան գերհավատարիմ դաշնակից եւ խաղաղ Ասիա-Խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանում հիմնական հենակետերից մեկը հանդիսացող Ֆիլիպինների նախագահը օրերս Մոսկվայում էր ու Կրեմլից էր զենք խնդրում:
Նույն օրինակը կարելի է տեսնել նաեւ Մերձավոր Արեւելքում, ընդ որում, ոչ միայն Սիրիա-Իրաք խաղատախտակին: Իր այս մեծ շրջագայության ժամանակ Թրամփը նաեւ Սաուդյան Արաբիայում էր: Այցի իմաստն էլ ամերիկյան լրատվամիջոցները նկարագրում էին այս ընդհանրական տեսքով՝ Սպիտակ տունը փորձում էր այդ տարածաշրջանում արաբական աշխարհի հետ ՆԱՏՕ-ին նմանվող ինչ-որ դաշինք ստեղծել: Սակայն փաստն այն է, որ հազիվ էր Թրամփը հեռացել, որ նույն Սաուդյան Արաբիան Մոսկվայի հետ ձեռք բերեց մի այնպիսի կարեւորագույն պայմանավորվածություն, ինչպիսին է նավթի արդյունահանման ծավալները եւս 9 ամսով սառեցնելը:
Վերջապես մեկ այլ մասշտաբային հակամարտության՝ ուկրաինական խնդրի հետ կապված էլ «The Washington Post»-ը երեկ շրջանառության մեջ դրեց այն միտքը, որ պետքարտուղար Թիլերսոնն արդեն իսկ Մոսկվայի հետ խնդրի կարգավորման բոլորովին նոր մոտեցումներով բանակցային գործընթաց է սկսել:
Արդյունքում, այն տպավորությունն է, որ համաշխարհային հիմնական հակամարտությունների հետ կապված, որտեղ ԱՄՆ-ը տարիներով միլիարդավոր եւ տրիլիոնավոր դոլարներ էր ծախսում, ունենալով այս փաստացի իրողությունները, հիմա Վաշինգտոնը սկսում է քիչ-քիչ ետ քաշվել: Բայց ասել, թե դա խուճապահար նահանջ է, էլի սխալ կլիներ: ԱՄՆ-ն, որքան էլ թուլացած, բայց էլի մնում է համաշխարհային թիվ 1 ուժը: Բայց եթե այդ բոլոր հակամարտությունները միայն հավելյալ ծախսեր են պահանջում, չտալով ոչ մի էֆեկտ, ուրեմն ո՞րն է այդ դիրքերում մնալու իմաստը: Ուրեմն ավելի լավ չէ՞ այդ ոչ հեռանկարային ուղղություններում ետ քաշվել եւ փորձել դրա հաշվին պայմանավորվել ու ստանալ ավելի  էֆեկտիվ ուղղություններում զիջումներ: Այսինքն այն, ինչի մասին Թրամփը խոսում էր դեռ մինչ ընտրվելը:
Շատ նման է, որ հենց այս վերջին մեխանիզմն էլ ներկայումս գործում է: Այսինքն, ընթացող վերախմբավորումներից հետո սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ կողմերը կփորձեն որոշակի պայմանավորվածությունների գալ՝ առկա իրողություններից ելնելով: Իհարկե՝ դա գլոբալ պայքարի վերջակետը չէ: Բայց նաեւ այդ պայմանավորվածություններն ի զորու են նկատելիորեն թուլացնել ներկայիս ծայրահեղ լարվածությունը, ինչը ողջ աշխարհին թեկուզեւ մի փոքր ավելի ազատ շնչելու հնարավորություն կտա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրանի նավթի նախարարը հնարավոր է համարել ՕՊԵԿ-ի փլուզումը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА