o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.05.2017 20:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի հետ կապված են բազում զարմանալի եւ զավեշտալի պատմություններ: Սակայն ամենաանեկդոտիկը, թերեւս, ԱՄՆ առաջին տիկնոջ` ՄԵԼԱՆՅԱ ԹՐԱՄՓԻ հայտարարությունն էր, որ Սաուդյան Արաբիայում նկատվում է առաջընթաց` կանանց իրավունքների ուղղությամբ: Թե որն է այդ առաջընթացը լրիվ միջնադարյան կանոններով ապրող այդ կրոնամոլ երկրում` մնում է միայն կռահել: Թերեւս կարելի է հիշել, որ եթե ժամանակին այդ երկրի աստվածաբանները կանանց հավասարեցնում էին տան կահկարասիի հետ, ապա հիմա այնքան են «բարիացել», որ կանանց հավասարեցնում են ընտանի կենդանիների հետ: Դե ինչ, եթե քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահը պահանջում է, ապա առաջընթաց կարելի է պեղել ցանկացած տեղ: Անգամ Ադրբեջանում:

ԶԱՐՄԱՆՔ

Շարունակելով արտաքին գործերի թեման` հարկ է նշել, որ մեր արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ Կիպրոսում իր նկատառումներն է ներկայացրել ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին: Նալբանդյանը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը` խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ: Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միջազգային հանրության հետեւողական պահանջներին` խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին: Բայց, անշուշտ, որեւէ միջազգային կառույցի վրա հույս դնելը անհույս բան է, բայց մեր զինուժի վերջին պատժիչ գործողությունները նաեւ ցույց են տվել, որ մազութային սուլթանատին պատժելու լեզուն լավ հասկանում են ոչ միայն Բաքվում, այլ, ինչքան էլ զարմանալի լինի, նաեւ միջազգային կառույցներում: Ինչպես արձանագրեց պարոն Նալբանդյանը. «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը` Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»: Դե ինչ, հուսանք, որ մեր հիմնական դաշնակիցը` բանակը, կշարունակի մեր դիվանագետներին ավելի համարձակ ու անկաշկանդ հանդես գալու հնարավորություններ տալ:

Ի՞նչ կարծիքի եք, ինչպիսի՞ կուսակցություն է ՀՅԴ-ն: Շատերը Դաշնակցության անունը լսելով` կվերհիշեն ազգային-ազատագրական պայքարը, Թեհլերյանին նվիրված` «Ընկեր ջան, գինի լից» երգը, կամ «Ստամբուլն արյան ծով» կարգախոսը: Սակայն ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ նոր խորհրդարանի առաջին իսկ նիստերում այնպիսի թունդ ֆեմինիստական ելույթներով ու հարցադրումներով հանդես եկավ, որ մի պահ մեզ զարմանալիորեն թվաց, որ, երեւի թե, այդ նորահայտ Ռոզա Լյուքսեմբուրգի խմբակցությունն ենք շփոթել, եւ նա, միգուցե, «Ելքից» է, կամ վատագույն դեպքում` ԲՀԿ-ից: Բայց, ավաղ, նա ՀՅԴ խմբակցությունից է, եւ, զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել` հարգելի դաշնակցականներ, վերջապես ե՞րբ եք դուք կողմնորոշվելու` առաջ եք տանում ազգայի՞ն արժեքները, թե` տարբեր սոցինտերններում եւ այլ միջազգային կասկածելի հարթակներում ընդունված այնպիսի վայ-արժեքները, որոնցով ավելի շատ աչքի են ընկել Ֆրանսիայի սոցիալիստները: 

Վերջապես հայտնի է, թե ավագանու քանի մանդատ որ կուսակցությանն է հասնում: Եվ, բնականաբար, հարց է ծագում, թե կհամագործակցե՞ն արդյոք «Ելքը» ու «Երկիր ծիրանին»: Ու որոշակի հարցեր մեր թղթակիցն ուղղեց «Ելքի» ներկայացուցիչ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ: Ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում  ԵԾ կուսակցությունը քննադատում էր «Ելք»-ին, համարում նրանց չկայացած ուժ, անգամ դաշինքի ծրագրային դրույթներից մեկը` ընտրակաշառքին հակադրվողներին 15.000 դրամ սոցիալական աջակցություն տալը, չէր ընդունում:  Այսքանից հետո  «Ելք»-«Երկիր Ծիրանի» կուսակցություն համագործակցությունն ինչպե՞ս է հնարավոր: «Ոչինչ, պատահում է:  Մի բան կմտածենք, այլընտրանք չունենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Դե ինչ, զարմանալիորեն հնչել է շատ տիպիկ պատասխան` մի բան կանենք, կարծես խոսքը կենցաղային մանրուքի, այլ ոչ թե քաղաքականության մասին է: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА