ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ  ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

28.04.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ  ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ


Վերջին շաբաթներին Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի շուրջ գերսրացումները տպավորություն էին ձեւավորել, թե նման իրավիճակում ղարաբաղյան թեման պետք է որ երկրորդ պլան մղվի: Բայց, հիշեցնենք, դեռ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ առիթ էինք ունեցել կարծիք հայտնել, որ գործընթացի ավարտվելուն պես ղարաբաղյան թեման իրեն զգացնել կտա: Ավելին, որ սիրիական այդ սրացումները միայն կարագացնեն դա:ԼԱՎՐՈՎԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ 
ԱՅՑԻՆ ՀԱՋՈՐԴԵՑ 
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ 
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախաձեռնող կողմը հենց ռուսական կողմն է, որը, ինչպես ընդգծված է նույն հաղորդագրություններում, հանդիպումը կազմակերպել է հենց ղարաբաղյան թեմայով: Թե ինչու են պաշտոնական աղբյուրները այդ երկու հանգամանքը ընդգծել, կարելի է նաեւ այս կերպ ենթադրել. Ռուսաստանը ղարաբաղյան հարցի հետ կապված կոնկրետ ասելիք ունի Հայաստանին եւ Ադրբեջանին:
Թե հանդիպումն ինչպես կընթանա եւ ինչ արդյունքներով, չշտապենք եզրակացություններ կատարել. կհանդիպեն այսօր, կխոսեն ու առանց ենթադրության էլ ամեն ինչ պարզ կդառնա: Բայց, ամեն դեպքում, որոշ հանգամանքներ թերեւս այս պահին էլ են տեսանելի:
Նախ մեկ հանգամանք հաշվի առնենք. այս օրերին իրավիճակն աշխարհում իրոք գերշիկացած է: Վերցնենք Սիրիան: Մի կողմից արդեն վաղուց հայտնի պատրեազմն է, մյուս կողմից՝ Հալեպի հյուսիսում թուրքական զորքերը, ինչպես եւ սպասվում էր, բախումների մեջ մտան ԱՄՆ-ի հովանու տակ գործող քրդական ուժերի հետ: Վերջապես նաեւ Դամասկոսի օդանավակայանին հասցրած երեկվա հարվածը ցույց է տալիս, որ Իսրայելը եւս սրում է իրավիճակը: Սրանից զատ՝ պակաս սուր չէ նաեւ իրավիճակը Կորեական թերակղզում: ԱՄՆ-ն ու Հս. Կորեան իրենց ռազմատենչ հռետորաբանության մեջ արդեն նույնիսկ միջուկային մահակը գործադրելու թեման են ներառել: Չինաստանը ԱՄՆ-ի նկատմամբ կոշտ տոնայնության մեջ կոպտության հասնող երանգներ է մտցնում: Սրանից զատ՝ օրերս որոշակիորեն թեժացավ նաեւ Ուկրաինայի շուրջ մթնոլորտը: Մի խոսքով, Լավրովը պետք է, որ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չգտներ:
Բայց ահա հետեւենք վերջին օրերին ՌԴ ԱԳ նախարարի որոշ քայլերին: Նախ՝ «մոռացած» Սիրիան, Կորեան եւ Ուկրաինան նա, չգիտես ինչու, որոշեց երկու օրով այցելել Աբխազիա: Ծովափնյա սեզոն էլ չէ, որ մտածենք, թե նախարարը փորձում է մի երկու օրով աբխազական լողափներում կտրվել այդ թվարկված խնդիրներից: Առավել եւս, որ Լավրովը Աբխազիայում էլ աչքի ընկավ հեռուն  տանող մտորումներ առաջացնող հայտարարություններով: Այդ թվում, որ Ռուսաստանը, դիվանագիտական լեզվով ասած, դեմ չէր լինի աբխազական երկաթուղու վերագործարկմանը, այսինքն՝ Ռուսաստանից Աբխազիայով դեպի Վրաստան ու Հայաստան գնացքների տեղաշարժը: Իսկ դիվանագիտական լեզվից թարգմանաբար, այդ հայտարարությունը նշանակում է, այսպես ասենք, երկաթուղին բացելու ծանրակշիռ առաջարկ: Համենայնդեպս` պատահական չէր, որ աբխազական կողմն օպերատիվորեն արձագանքեց, թե ինքը ոչ միայն դեմ չէ, այլ նույնիսկ շատ է ցանկանում դա, քանի որ այդ ծրագրի իրականացումը Աբխազիայի համար լրացուցիչ ֆինանսական հոսքեր կապահովի:
Ասենք, թեեւ ոչ այդքան թափանցիկ, բայց վրացական կողմի արձագանքը եւս դեպի դրական տոնայնության էր ձգտում: Իհարկե, Լավրովի բուն այցի հետ կապված վրացիները մի փոքր աղմկեցին, թե առանց Թբիլիսիի հետ համաձայնեցնելու Սուխումի նման այց կատարելը ոտնահարում է իրենց տարածքային ամբողջականությունը: Բայց նման հայտարարություն, իհարկե, պետք է հնչեցնեին, եւ դա սպասելի էր: Փոխարենը՝ երկաթգծի թեմայի հետ կապված վրացական տարբեր աղբյուրներ «ոտնահարված տարածքային ամբողջականության» փոխարեն սկսեցին գործնական քննարկումներ առաջ տանել: Եվ եթե հաշվի առնենք, որ դեռ այս տարեսկզբին Ռուսաստանի եւ Վրաստանի հաշտեցման հարցով պաշտոնական ներկայացուցիչները երկաթուղու հետ կապված ակնարկներ էին հնչեցնում, Լավրովի հայտարարության հետ կապված տրամաբանական օղակը փակվում է:
Ու այս խառը օրերում, աբխազական այցից անմիջապես հետո Լավրովը նաեւ ղարաբաղյան թեմայով է հանդիպում նախաձեռնում:

Ե՛վ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ն հայկական բանաձև են օրակարգ բերում Թուրքիային հարվածելու համար. Թուրքիայի ՆԳՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Այսպիսով, ի՞նչ կարելի է մտածել, որ բոլոր հրատապ թեմաներին զուգահեռ՝ Լավրովը նաեւ ակտիվորեն զբաղվում է Աբխազիա-Վրաստան-Հայաստան գծի, ավելի ճիշտ՝ հարավկովկասյան առանցքային հիմնախնդիրներով: Բայց նախ այն հարցն է, թե արդյոք այդ երկու գործընթացները պե՞տք են նույն տրամաբանության մեջ դիտարկել:
Բայց վերադառնանք Սիրիային: Այն, որ թուրքական զորքերը երկար տատանումներից հետո տանկերն ու ինքնաթիռներն ուղղեցին քրդերի դեմ, հերթական ակնարկն է, որ Էրդողանին այդպես էլ չհաջողվեց Թրամփի հետ պայմանավորվածությունների հասնել: Առավել եւս, որ ԱՄՆ-ն, ի դեմս այդ երկրի միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասի, արդեն բաց տեքստով է հայտարարում, թե ժամանակն է, որ Վաշինգտոնը վերանայի Թուրքիայի հետ «իր ռազմավարական փոխհարաբերությունները»:
Սրան էլ ավելացնենք Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունների աննախադեպ վատթարացումը: Այն, որ Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիան չարձագանքեց սովորականի պես՝ մեծ աղմուկով եւ դեսպանին ետ կանչելով, արդեն իսկ հուշում է, որ Անկարան գիտակցում է, որ Եվրոպան իր աղմուկ-աղաղակին անգամ ուշադրություն չի դարձնելու, ավելին, որ այդ աղմկելը կարող է բերել նույն հարվածի կրկնությանը: Առավել եւս, որ եվրոպական լիդեր Գերմանիան, որ եթե նախկինում փորձում էր փախստականների հայտնի խնդրի պատճառով գոնե մինչեւ վերջ չփչացնել Անկարայի հետ հարաբերությունները, հիմա գնում է ծանր հարվածների: Նման տպավորություն է թողնում թուրք-ադրբեջանական գործակալի տպավորություն ունեցող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ պայթած սկանդալն ու հրաժարականի հեռանկարը, որին էլ հաջորդեց Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կասեցնելու առաջարկով ԵԽԽՎ որոշումը: Ասենք՝ կանցլեր Մերկելն անգամ ուղղակի հարվածների է գնում, օրինակ, հայտարարելով, որ թուրքական սահմանադրական հանրաքվեն «անկասկած, լրջորեն բարդացրեց հարաբերությունները... Մենք ԵՄ-ի շրջանակում քննարկելու ենք, թե  իրադարձության զարգացման դեպքում ինչպիսի կոնկրետ պատասխան միջոցներն ենք հարմար համարում»:
Եվ այս ամենը, ինչ խոսք, Էրդողանին ավելի ու ավելի է պարտադրում՝ դեպի ռուսական աշխարհաքաղաքականություն տեղաշարժը:
Սրանից զատ՝ հրթիռային հարվածներից հետո Թրամփն ակնհայտորեն պասիվացել է Սիրիայի ուղղությամբ, ինչը եւս սպասելի էր. միաժամանակ սուր հակամարտության մեջ մտնելը սիրիական եւ կորեական ուղղություններով Թրամփի առաջ կբացեր իմպինչմենտի ամենակարճ ճանապարհը: Ու մինչեւ իսկ փաստը, որ վերջին օրերին Իսրայելը հաճախակիացրել է Սիրիային հասցնող աղմկոտ հարվածները, նորից ակնարկ է այդ խաղատախտակին Թրամփի պասիվացման մասին: Նկատի ունենք, որ նման պրովոկացիաներն այն տպավորությունն են թողնում, որ Իսրայելը փորձում է պատասխան հարվածն ստանալ եւ դրա հաշվին Թրամփին պարզապես պարտադրել՝ ռազմական ակտիվացման գնալ: Միգուցեեւ կստացվի, բայց այս պահին Թրամփը պասիվ է: Ավելին, թեեւ Կրեմլը դեռ զգուշավորություն է ցուցաբերում, սակայն խոսակցություններ կան, որ մոտ ժամանակներս Պուտին-Թրամփ  հանդիպում կարող է լինել:

ԵՎ ՆՈՐԻՑ «ՄԵՏԱՔՍԻ ՈՒՂԻՆ»
Այսպիսով՝ այն իրավիճակը, որը ձեւավորվել է Մերձավոր Արեւելքում, Մոսկվային հնարավորություն է տալիս գործնական տեսանկյունից մոտենալ հարվկովկասյան կոմունիկացիաների վերագործարկման, այսինքն՝ հարավային տնտեսական ռազմավարության մեկնարկի մասին: Ճիշտ է, դրա նախապայմաններից մեկը հանդիսացող Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը, թերեւս Իսլամական Հանրապետությունում ընթացող նախագահական ընտրությունների պատճառով դեռ ստորագրված չէ: Սակայն Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները Թրամփն այնքան է վատթարացրել, որ ով էլ լինի Իրանի հաջորդ նախագահը, հազիվ թե փոխի այդ երկրի աշխարհաքաղաքականությունը, այսինքն՝ ընտրություններից հետո այդ պայմանագիրը պետք է, որ ստորագրվի: Չմոռանանք նաեւ Հնդկաստանի փոխնախագահի հայաստանյան այցի մասին: Նկատի ունենք, որ հիշատակված գլոբալ առեւտրային ուղիները, ըստ ծրագրվածի, Իրանից շարունակվելու են Չինաստանի եւ Հնդկաստանի ուղղությամբ, եւ այդ փաստը հնդիկ բարձրաստիճան պաշտոնյայի այցի տրամաբանության հետ պետք է, որ էական կապեր ունենար:
Մյուս կողմից էլ, Թրամփը թեեւ ծայրահեղ շիկացած մթնոլորտ է ստեղծել Հս.Կորեայի շուրջ, բայց ի վերջո որոշում կայացվեց՝ առաջ գնալ ոչ թե ռազմական հարվածի, այլ՝ Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների խորացման միջոցով: Սա նույնիսկ զավեշտանման է. տեսնես էլ ի՞նչ նոր պատժամիջոց կարող է Վաշինգտոնը կիրառել Հս.Կորեայի նկատմամբ, երբ հազար ու մի տեսակի պատժամիջոց արդեն սահմանել է: Ամեն դեպքում` փաստը, որ Վաշինգտոնը խոսում է նոր պատժամիջոցներից, ակնարկ է, որ ռազմական լուծում այդպես էլ չգտավ: 
Կարճ ասած, Սպիտակ տունը փորձեց ռազմական մկաններ ցուցադրելով` նախ ռուսներին Սիրիայում, Չինաստանին՝ Հս.Կորեայում վախեցնել, ու բան չի ստացվում: Մնում է՝ դեմքը փրկելով՝ ետ քաշվել: Բայց դա էլ միանգամայն գործնական օրակարգ է բերում «Մետաքսի ճանապարհը»:
Այսպիսով, իրանական ընտրություններից եւ մայիսի կեսերին Չինաստանում սպասվող «Մետաքսի ճանապարհի» թեմայով մեծ գագաթաժողովից հետո այդ կոմունիկացիոն ծրագրերը պետք է, որ գործնական հուն մտնեն: Այսինքն, լուծման կարիք ունեն նաեւ հարավկովկասյան հատվածով այդ ուղիների անցման խնդիրը: Ու դա կարող է բացատրել, թե այս ծանր օրերին ինչու է Լավրովն այդքան ժամանակ հատկացնում աբխազական եւ ղարաբաղյան թեմաներին:
Բայց թե կոնկրետ Ղարաբաղի մասով ինչ կստացվի, ժամանակից առաջ չընկնենք: Ղարաբաղյան խնդիրն այս մոտ երեք տասնամյակներին միշտ էլ աչքի է ընկել կտրուկ շրջադարձերով, այսինքն՝ ցանկացած նման նոր շրջադարձ միշտ էլ հնարավոր է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ․ ԱԼԻԵՎԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА