ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ  ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է

24.02.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ  ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է


Սեյրան Օհանյանի վերջին հայտարարություններից մեկը զարմացրեց շատերին. «Մենք միակ ուժն ենք, որը գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է` բացառապես գաղափարներից ելնելով եւ ի շահ մեր ժողովրդի»: Ձեն ձենի տված այդ դաշինքի մասին գրեթե նույնն է ասել եւ Սամվել Բաբայանը: Այսինքն` ինչպե՞ս դա հասկանալ` բոլորին հռչակում են ծախված, իսկ իրենց` միակ ընդդիմադի՞ր: ՉԿԱ Ո՛Չ ԳԱՂԱՓԱՐ, 
Ո՛Չ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀ, 
Ո՛Չ ԷԼ` ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ
Ուշագրավ է, որ բացի ՕՕ դաշինքից մյուս ընդդիմադիր ուժերը կարծես թե հասկացել են, որ սեփական բացառիկության եւ միակ ընդդիմադիր լինելու քարոզչությունը քվե ապահովող չէ: Որ ուրիշներին կոպտորեն փնովելը դեռ չի նշանակում, որ քեզ կսիրեն ու կվստահեն: Մյուսները, կարծես թե, ավելի շատ նախընտրում են գործել պոզիտիվ դաշտում: Ճիշտ է, ոսկե սարեր են խոստանում, Օստապ Բենդերի Նյու Վասյուկիից չտարբերվող ֆանտազիաներ են մատուցում, ստեր են փչում, Գյուլնազ տատի հեքիաթներ պատմում, բայց գոնե չեն ասում, թե բոլորը «քըխ» են, իսկ մենք` միակ պուպուշը: Հիմա Օհանյան-Բաբայան զույգի պնդմանը մոտենանք փոքր-ինչ սառը: Ասում եք, թե ՕՕ դաշինքը գործում է` բացառապես գաղափարներից ելնելով: Ո՞րն է, գրողը տանի, ձեր գաղափարը, ի՞նչ եք պատրաստվում անել կոնկրետ ոլորտներում ու կոնկրետ խնդիրների հետ, ինչպե՞ս է կոչվում այն գաղափարախոսությունը, որ դուք դավանում եք: Առայժմ ոչինչ չի երեւում, բացի պնդումից` թե գրավենք աթոռները, ունենանք իշխանություն, ու ամեն ինչ լավ կլինի: Իսկ դա ոչ գաղափար է, ոչ էլ, առավել եւս, ժողովրդի շահ: Դա ընդամենը սեփական բացառիկության մոլուցք է: 
Ի՞նչն  էր խանգարում նույն գեներալ Օհանյանին «լավ բաներ» անել, երբ իշխանություն ուներ, կառավարության անդամ էր: Առավել եւս, ի՞նչն էր խանգարում վերացնել բանակային կոռուպցիան, թալանը, մարտունակության եւ բարի համբավի վրա ազդող բացասական երեւույթները: Ձեռքից բռնող կա՞ր, թե` հանկարծ կոռուպցիոն սխեմաներին չդիպչեք: Ավելին, կառավարության անդամ լինելու հանգամանքը նաեւ հնարավորություն էր` բարձրացնել եւ առաջ տանել հարցեր, որոնք ոչ թե բանակին, այլ ուրիշ բնագավառների էին վերաբերում: Այդ ի՞նչ «արդարամտության» նոպա է, որ սկիզբ է առնում միմիայն պաշտոնանկությունից հետո: 
Դա, թերեւս, գալիս է հենց սեփական բացառիկության մոլուցքից: Եթե այդ հիվանդագին ընկալումը չլիներ, ապա գեներալը չէր մերժի ՀՀ նախագահի առաջարկությունները` ստանձնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, կամ այլ պատվավոր տեղեր: Հենց այդ մոլուցքը, այդ ընկալումը նաեւ կնիք է դնում ամբողջ քարոզչության վրա: Թե` բոլորը իբր թե կռվում են մեկի դեմ, թե բոլորը ծախված են, մենք ենք իսկականը, ջուրը մտնելիս թրջվելուց չենք վախենում եւ այլն... Եթե բանը հասնում է, օրինակ, Օսկանյան կրտսերի բացառապես քրեական արարքի` ժողովրդի լեզվով ասած, «թավան ստանալու» փորձի քաղաքականացմանը, ապա պարզ է, որ ինչքան է իրականությունից կտրված այդ թիմը: 
Իսկ Սամվել Բաբայանը բացի այդ թիմի բացառիկացումից, նաեւ շատ տգեղ պիտակներ կպցրեց Արցախի հանրաքվեին: Ինքը` Բաբայանը, պաշտոնապես թիմի անդամ էլ չի համարվում, բայց բավական է հիշել Վիկտոր Դալլաքյանի պատմածները` միանձնյա ցուցակը կազմելու փորձերի եւ օսկանյանական կուսակցության լոբբինգի մասին: Այսինքն` մարդն իրեն ոչ միայն բացառիկ է համարում, այլ նաեւ ձգտում է ստվերային կառավարմանը: Այդ կառավարման արձագանքներն էլ լսեցինք, որ ներսում հասել է բավականին սուր կոնֆլիկտի: Ու այնքան էլ էական չէ Վարդան Օսկանյանին ռեալ ապտակող եղե՞լ է, թե` խոսքն ընդամենը բարձր եւ կոպիտ տոնով հարաբերվելու մասին է: Ճանաչում եք չէ՞ բաբայանական ոճը` ցուցակ կազմելու մասին հրապարակավ ասել էր, թե «լավ եմ անում», մարդկանց պիտակել էր մարդ-կուսակցություն եւ քաղաքական թոշակառու: Դե, եթե հրապարակավ դա է խոսվում, կարելի է պատկերացնել, թե ինչ է խոսվում փակ դռների հետեւում: Եվ, օրինակ, 2007-ին արդյո՞ք այդ ոճի պատճառով չէր ձախողվել Սամվել Բաբայանի ստեղծած «Դաշինք» կուսակցությունը, որը հսկայական ռեսուրսի պարագայում ընդամենը 2 տոկոս քվե հավաքեց: Իսկ հիմա այդ ռեսուրսն էլ չկա, եւ, իզուր չէ, թերեւս, Վարդան Օսկանյանը տրտնջում փողի պակասից: 
Եվ քանի որ խոսվեց Օսկանյանի մասին, ապա աչքի է զարնում մի տարօրինակ հանգամանք` այդ ինչպե՞ս են երկու մարտական գեներալներ իրենց համար ընդունելի համարում նույն թիմում լինել մի մարդու հետ, ով ազատագրված տարածքները հրապարակավ անվանում էր «օկուպացված», ընդունելի եւ նույնիսկ հրաշալի տարբերակ էր համարում Արցախի` Ադրբեջանի հետ «ընդհանուր պետություն» կազմելը, որ Մեղրին փոխանակելը մերժելի չէր համարում: Հիմա ինչ, հավատա՞նք, որ երկու գեներալ ինքնուրույնաբար որոշել են այդպիսի հոռի եւ ապազգային կերպարի հետ համագործակցել: 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 
ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ
Ուշագրավ արտահոսքեր են շրջանառվում լրատվական դաշտում: Զորօրինակ, որ Վարդան Սիվիլիթասիչը հիմա իրեն այնքան ոչ կոմֆորտային է զգում, որ մտադիր է ընտրություններից հետո հրաժեշտ տալ քաղաքական ասպարեզին: Մյուս արտահոսքը վերաբերում է  Րաֆֆի Հովհաննիսյանին, սեփական կուսակցության կազմալուծման պայմաններում հանկարծ շտապ ԱՄՆ մեկնելուն: Չար լեզուներն ասում են, որ ֆինանսավորողներն են կանչել «բադասխան» տալու, թե ո՞ւր են փողերը, ինչո՞ւ կուսակցությունը հզոր քարոզչական գործունեություն չի ծավալում, այլ բոլորը, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, իրենց պատեպատ են զարկել, թե որ դաշինքում տեղավորվեն: Ու կապ չունի, թե այդ դաշինքն ինչ գաղափարական հենք ունի: 
Ինչ-որ տեղ այդ երկուսին` Վարդան Օսկանյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրելու էլ չէ, քանզի նրանց իրական հայրենիքը Ամերիկան է: Իսկ ամերիկյան միջավայրը, մեղմ ասած, չի նպաստում ազգային մտածողության եւ հոգեկերտվածքի ձեւավորմանը: Հո, Մոնթե Մելքոնյան չեն, որ բացառապես սեփական գենի հզոր կանչով անգամ այդ կոսմոպոլիտ միջավայրում դառնան ազգային գործիչ, ավելին` ազգային լեգենդ: Ու, ի դեպ, ինչ վերաբերում է չար լեզուների ասածին, ապա վերջիններս ասում են, որ այդ երկու ամերիկացիները կոնֆլիկտի մեջ են: 
Համ էլ, անգամ զուտ անձնական կարիերա փնտրելով, ո՞վ էր այդ երկու ամերիկացիներին դրդել, որ գլուխ դնեն սեփական բացառիկության մոլուցքից տառապող պաշտպանության նախկին նախարարի հետ: Դժվար թե, ինքնուրույն այդպիսի բան որոշեին, քանզի դա տարրական օգտապաշտության կանոններին է հակասում: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում, որ բավականին հաճախ իրեն թույլ է տալիս ադեկվատ մարդուն անհարիր վարքագիծ: Ի վերջո, եթե օգտապաշտությունը հերիքել է, որ ցանկացած գաղափար մի կողմ թողած հարմար դաշինք փնտրի, պետք է որ հերիքեր նաեւ բացառիկության մոլուցքով տառապողներից հեռու մնալու համար: 
Իսկ բացառիկության մոլուցքը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: 
Բայց, օրինակ, քաղաքական դաշտում կա մարդ, ով կարողացել է օգտապաշտությունից ելնելով հաղթահարել սեփական բացառիկության բարդույթը` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա մոտ էլ այդ համադրությունը` բացառիկության բարդույթ, գումարած օգտապաշտության աբսուրդի հասնող աստիճան, բերել է նրան, որ առկա է շատ ցինիկ վերաբերմունք` ե՛ւ երկրի, ե՛ւ ժողովրդի նկատմամբ: Հայաստանն ու հայերին նա ուսումնասիրում է մոտավորապես նույն մեթոդաբանությամբ, ինչ իր սիրելի մեռած լեզուները: Բայց նրա թիմակիցները էլ ավելի վերան են` այնպիսի խանդավառությամբ են լծվել Հայաստանի կապիտուլյացիայի քարոզչությանը, որ մարդ սկսում է կասկածել` սրանք բացի խիղճ չունենալուց, չունեն նաեւ խելք: 
Դե, ինչ  ասես, տարբեր մոլուցքների եւ բարդույթների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին շատ ճիշտ բան էր ասել` որ պետք է կանչել «ուրիշ մասնագետի»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА