o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.10.2016 18:56 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԻՆ, ով ամիսներ առաջ դուռը շրխկացնելով` հայտարարել էր, որ Հայաստանից նեղացած հեռանում է, քանի որ Հայաստանն իրեն արժանի չէ, եւ ինքը վերադառնում է Ռուսաստան: Եվ ահա, զարմանալիորեն, Ռուսաստանում էլ որոշեցին «չգնահատել» Ռիվասին` նրան թույլ չեն տվել մասնակցել Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծին եւ, ըստ երգչուհու, դա թույլ չեն տալիս, քանզի նա եղել է «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ: Դե ինչ, կարծում ենք, ամեն ինչ արդար է, եւ դուռը շրխկացնողի պարագայում հենց այդպես էլ պետք է լիներ, եւ հիմա ուզած-չուզած պետք է զբաղվի իր` ՌԴ քաղաքացու եւ վերին արտի ցորենի իրավունքների պաշտպանությամբ: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա փոքր-ինչ զվարճալի մի դրվագ: Հարեւան մազութային սուլթանատի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ հայտարարել է, որ մեծահոգաբար համաձայն է Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալ: Բնականաբար, ցանկացած հայի մոտ դա ծիծաղ է առաջացնում, քանզի նույն հաջողությամբ իմ հարեւան Պողոսը կարող է համաձայնություն տալ, որ Չինաստանը Հայաստանի կազմում ինքնավարություն ստանա, առավել եւս, որ հայտնի երգիծաբանը ժամանակին կատակել էր, որ «միլիարդով բռակ ենք տվել»: Բայց, անշուշտ, աննախանձելի է մեր պաշտոնատար անձանց վիճակը, քանզի ստիպված արձագանքում են այդ մառազմին, ընդ որում` պետք է իրենց զսպեն, որ այդ պաշտոնական արձագանքն անելու պահին չփռթկան: Ինչեւէ, սույն բռնապետին  հետաքրքիր հիշեցում է արել Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը. «Եթե Ալիեւը խոսում է ինքնավարության մասին, ապա խորհուրդ կտայինք պարոն Ալիեւին, իր պետության մասին մտածի այլ տեսանկյունից, որովհետեւ նույն Ադրբեջանում կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, որոնք նույնպես ռեզերվացիայի կարգավիճակում են ապրում` ավարցիները, լեզգիները թաթերը, թալիշները եւ այլ ազգեր: Թող իրենց տա ինքնավարություն, մանավանդ որ նրանք ձգտում են իրենց ազգային ազատագրական իղձերն իրականացնել: Եթե նա հիմա դա չանի, ապա հետագայում մեծ հավանականություն կա, որ նոր հակամարտ գոտիներ կստեղծվեն Ադրբեջանում»: 

Հիշո՞ւմ եք այն «երանելի» ժամանակները, երբ կարելի էր լիտրով «ֆրանսիական օծանելիք» գնել, որն արտադրվել է քուչի ավտոտնակներից մեկում, ինչ-որ կասկածելի հումքից:  Լիտրով հիմա դրանք չկան, սակայն կասկածելի օծանելիքն ու կոսմետիկան այժմ փաթեթավորված տարածվում է ձեռքի վրա` ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ սկզբունքով, այն էլ` ֆանտաստիկ բուժիչ հատկություններ ունենալու վերաբերյալ լոլոների ուղեկցությամբ: Դե, միամիտ գնորդը կարող է «վայելել» փորձանքը` ասենք մաշկի վրա առաջացած ցանի կամ տարատեսակ ցավերի տեսքով... Սակայն, զարմանալիորեն, արդեն հերթը հասել է այդ այլանդակության քրեականացմանը ու, ինչպես ԱԺ-ում բացատրեց ԿԲ ներկայացուցիչ Արմեն Երիցյանը. «Սովորաբար իրենք ստեղծվում են զարգացած երկրներում եւ տարածվում զարգացող երկրներում: Այս իմաստով քրեականացումը թույլ կտա, որ կանխենք նման սխեմաների մուտքը մեր երկիր: Այս օրենքը թույլ է տալիս, որ իրավապահներն ունենան ֆորմալ լիազորություն` արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար»: 

Իսկ հիմա մի զարմանալի սրիկայության մասին: APLLE ֆիրման նոյեմբերի 1-ից դադարեցնելու է հին մոդելի  iPhone-ների եւ MacBook Air նոութբուքերի սպասարկումը: Ճիշտ է, այդ սարքերը թողարկվել են դեռ 6  տարի առաջ, բայց նորմալ էլ աշխատում են, ու շատերն են դա օգտագործում, սակայն ընդամենն օրեր անց սեփականատերերը չեն կարող դիմել սերտիֆիկացված ծառայություններին` սարքի փչանալու կամ ինչ-որ բան փոխելու հարցով: Բացի այդ, աջակցող ծառայությունը կդադարեցնի հին սարքի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել: Զարմանալի է, թե ինչ սրիկայության են դիմում, որպեսզի մարդկանց անընդհատ ստիպեն փող ծախսել եւ գնել ավելի նորը:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА