ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

28.09.2016 15:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Լրատվական դաշտը լեցուն է տեղեկատվությամբ, թե նախարարներից ով կմնա, ով կգնա, ում որտեղ կնշանակեն: Սակայն տեղեկատվության միայն մի մասն է քչից-շատից տրամաբանական, մի մասը լոբբինգ է կամ միտումնավոր ապատեղեկատվություն, իսկ, խոշոր հաշվով, հստակ որեւէ բան կարելի է ասել միայն ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրերից հետո: ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընթերցողն արդեն տեղյակ է, թե կառավարությունում ինչպիսի կառուցվածքային փոփոխություններ են առաջարկել, եւ այդ փոփոխությունների նախագիծը ներկայացված է ԱԺ արտահերթ նստաշրջանին: 
Եվ քանի որ, ինչպես մատնանշեց ՀՀ նախագահը, տեղի ունեցող փոփոխությունները ոչ թե սոսկ կադրային են, այլ` համակարգային, ապա տրամաբանական է, որ պատգամավորները նույնպես որոշակի շտկումներ են առաջարկում այն նախագծում, որը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ-ի դատին: 
Այսպես, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի առաջարկով ՀՀԿ խմբակցության նիստին ձեւավորվեց այն ընդհանուր տեսակետը, որ Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանվի Հայրենադարձության եւ Սփյուռքի նախարարություն: Անշուշտ, «նավին» ինչ անուն էլ դնես, այնպես էլ կնավարկի: Անվան մեջ հայրենադարձություն բառը մտցնելը սոսկ բառ փոխել չէ, քանզի խոսքը նյութական իրականության վրա ազդելու հատկություն ունի, եւ հայրենադարձություն բառը, թեկուզեւ ենթագիտակցական մակարդակով, կազդի համապատասխան պաշտոնյաների աշխատանքի վրա, որոշակիորեն կվերակողմնորոշի նրանց, ինչպես նաեւ հայության ընկալման մակարդակով կնպաստի հայրենադարձության մթնոլորտի ստեղծմանը: Ի դեպ, հոգեբանները կարող են վկայել, թե անցած քառորդ դարի ընթացքում ինչքան վնաս է հասցրել «այս երկիրը» բառակապակցությունը, այդ թվում եւ քաղաքական ու պետական այրերի շուրթերից: Մասնագետները կարող են նույնիսկ մոտավոր թվային արտահայտությամբ գնահատել, թե ինչքանով պակասած կլիներ արտագաղթի ցուցանիշը, եթե զանգվածային շրջանառության մեջ, առաջին հերթին` պետական, քաղաքական, հանրային գործիչների կողմից դրվեր «մեր երկիրը» բառակապակցությունը: 

Փաշինյանի առաջին նշանակումները՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ 
ՊԵՏԱԿԱՆ 
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Պատահական չէ, թե ինչու շեշտադրում արեցինք անվանումների եւ դարձվածքների վրա: Որովհետեւ դրանք ստեղծում են այս կամ այն ուղղությամբ ազդող տեղեկատվական դաշտ: Իսկ ինչպիսին է տեղեկատվական դաշտի կարեւորությունը` արդեն աշխարհում ոչ ոքի համար գաղտնիք չէ: Իզուր չէ, որ այժմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմները կարեւորվում են ոչ պակաս, քան սովորական սպառազինություններով մղվողները, ու այժմ կիբերմարտիկների պատրաստվածությունն ու քանակը ոչ պակաս կարեւոր են, քան համապատասխան մարտական միավորների քանակը: Ու նաեւ գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում շատ տարածված է այնպիսի երեւույթը, ինչպիսին է մշակութային էքսպանսիան:Ուստի միանգամայն օրինաչափ է եւ պատգամավոր Հ. Բաբուխանյանի մյուս առաջարկը` կառավարության կառուցվածքում ունենալ ստորաբաժանում, որը զբաղվելու է պետական տեղեկատվական քաղաքականությամբ, այդ թվում` Հայաստանի իմիջը ներկայացնելով, Հայաստանը օտար մշակութային էքսպանսիայից պաշտպանելով, թշնամի եւ ոչ բարեկամ պետությունների տեղեկատվական-հոգեբանական գրոհները դիմագրավելով, բնակչության տեղեկատվական գրագիտությունը բարձրացնելով: 
Օրինակ, Ռուսաստանի պայմաններում գիտնական Իլյա Պանինը տեղեկատվական գրագիտության խնդիրը համեմատում է ԽՍՀՄ-ի արշալույսին սովորական անգրագիտությունը վերացնելու` «լիկբեզի» հետ. «Ժողովրդին պետք է ուսուցանել սոցիալական կիբերտեխնոլոգիաներ, կիբերտարածքում շփման մշակույթ, բացատրել, թե ինչպես տեղեկատվական արտադրանքներն ազդում են մարդու գիտակցության եւ վարկի վրա: Ժողովրդական կիբերպաշտպանությունը լավագույն վահանն է վնասակար ազդեցությունների դեմ»:
Ի դեպ, «ժողովրդական կիբերպաշտպանության» հաջող օրինակ մենք ունեցել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն ընդամենը «տեղեկատվական տառաճանաչության» առկայությունը այդքան լավ չեզոքացրեց ադրբեջանաթուրքական տեղեկատվական-հոգեբանական գրոհները, քանզի գործ ունեինք ակնհայտ թշնամու հետ: Սակայն օտարների վնասակար ներթափանցումներն ու գրոհները ոչ միշտ են այդքան ակնհայտ: 

ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Անշուշտ, Կարեն Կարապետյանի նոր կառավարությունից հանրային պոզիտիվ սպասումներ կան, սակայն քաղաքական միջավայրում վերաբերմունքը այնքան էլ միանշանակ չէ, յուրաքանչյուրը հետապնդում է որոշակի շահեր: 
Այսպես, ԱԺ արտահերթ նիստին միանգամից ոչ այնքան դրական դիրքավորվեցին ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Քննադատության առիթն էլ նրանց համար այն էր, որ բացի կառավարության կառուցվածքի փոփոխությունից, խորհրդարանի դատին ներկայացրել էին եւս առավել քան երկու տասնյակ օրինագծեր: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մասնավորապես հայտարարեց. «Եթե կային սահմանադրական պահանջներ` կառավարության ձեւավորման հետ կապված, ապա կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, այլ ոչ թե 22 օրենք «ճխտել» այս արտահերթի մեջ, ինչը բացառում է օրենքների պատշաճ քննարկումը: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ` ներառյալ Գյումրիում եւ Վանաձորում, ինչը նշանակում է, որ կուսակցությունները զբաղված եմ այդ ընտրարշավներով: Հայաստանի իշխանավորները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ»: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գնաց ավելի հեռուն. «Սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ: Ձեւեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր քննարկել այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ քարոզարշավով»: 
ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի այդպիսի դիրքավորումը թերեւս բացատրելի է նրանով, որ նրանց համար գոյացել է բավականին մեծ քաղաքական անորոշություն: Սակայն այդ անորոշությունը միայն ընդդիմադիրների մոտ չէ, անորոշություն կա եւ ՀՀԿ-ի ներսում, ու առավել եւս անորոշություն կա դաշնակների մոտ:
Այսպես, պատահական չէր, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բավականին նյարդային էր արձագանքել վարչապետի կողմից Արծվիկ Մինասյանին ուղղված քննադատությանը: Լարվածությունը առավել մեծացավ նաեւ այն հանգամանքով, որ, ըստ ամենայնի, Արծվիկ Մինասյանը չի ղեկավարելու տնտեսության ոլորտը: Դրա առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչ է ասում ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը. «Հուշագրում նշված չեն պաշտոնների անուններ, հուշագրում մենք որեւէ նման պայմանավորվածություն չունեինք: Ունեինք պայմանավորվածություն քանակների հետ, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, եւ մենք դա պահպանում ենք եւ կպահպանենք: Իսկ մնացածը, թե ով որտեղ կլինի, համբերեք, դուք տեղյակ կլինեք»: Ավելին. «Այսօր մենք ունենք նորանշանակ վարչապետ, ձեւավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ են, նոր գործիքներ, նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով եւ ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում, հնարավոր է` նա տեղափոխվի այլ պաշտոնի»: 
Ինչեւէ, եթե նույնիսկ այս պահին, երբ դեռ նշանակումների ընդամենը մի մասն է արված, արդեն իսկ առկա է լարվածություն նոր կառավարության շուրջ, ապա քաղաքական ուժերի լարումները էլ ավելի կբարձրանան, երբ հրապարակված կլինի կառավարության ամբողջ կազմը: Բնականաբար, չենք խուսափի հայկական քաղաքական դաշտին բնորոշ այնպիսի երեւույթի տգեղ դրսեւորումներից, ինչպիսին է «աբիժնիկությունը»: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Կառավարության նիստը ուղիղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА