o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները». Կարո Վարդանյայն

27.05.2020 18:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները». Կարո Վարդանյայն

Երեկ` մայիսի 25-ին, լրացավ անվանի բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110-ամյակը: Այդ առիթով, ամիսներ առաջ, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ վերահրատարակել է Դաշտենցի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված` «Կորուսյալ երկրի բանասացը»  մենագրությունը: Այն առաջին անգամ լույս է տեսել 20 տարի առաջ` «Սասուն աշխարհի բանասացը» վերնագրով, որը մինչ օրս Խ. Դաշտենցին նվիրված միակ ամփոփ ուսումնասիրությունն է: «Իրավունքի» հետ զրույցում Կ. Վարդանյանը ափսոսանք հայտնեց, որ այս ընթացքում, Դաշտենցին նվիրված այլ ուսումնասիրություններ չեն եղել, իսկ Դաշտենցի «Խոդեդանի» կամ «Ռանչպարների կանչի» այս ու այն կերպարներում շատերն են իրենց նախնուն փնտրում:

«ՀՈՒԶԱՆՔ ՈՒ ԶԱՆԳ» ՇԵՓՈՐՈՂՆԵՐԻՑ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ

- Գրքի շարադրանքը երկար չի տեւել, ընդամենը մի քանի ամիս: Երկար է եղել նյութի ուսումնասիրությունը, քանի որ նպատակս Դաշտենցի կյանքն ու ողջ ստեղծագործական ուղին ընդգրկող մենագրություն ստեղծելն էր: Իսկ նրա ստեղծագործության ժանրային ներկապնակը հարուստ է ու գունագեղ. բանաստեղծություն, քառյակ, պոեմ, դրամա, գեղարվեստական թարգմանություն, վեպ: Նաեւ գիտական ուսումնասիրություն` նվիրված Ջորջ Բայրոնի կյանքի հայկական շրջանին, որի համար 1965-ին Դաշտենցին շնորհվեց բանասիրության թեկնածուի գիտական աստիճան: Գիրքը, առաջին անգամ լույս տեսավ 2000 թվականին` «Սասուն աշխարհի բնասացը» վերնագրով:

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

- Պարոն Վարդանյան, մենագրության 2-րդ հրատարակությունն ինչո՞ւ որոշեցիք վերահրատարակել 20 տարի անց եւ այլ վերնագրով:

- Ցավոք, այս տասնամյակների ընթացքում Խ. Դաշտենցին նվիրված այլ ուսումնասիրություն չի հրատարակվել, այդ իսկ պատճառով որոշեցի գրողի ծննդյան 110-ամյակի առթիվ վերահրատարակել: Ներկա հրատարակության վերնագրի փոփոխությունն ունի որոշակի պատճառաբանություն: Առաջին գրքի տպաքանակը շատ արագ սպառվեց` վերստին ապացուցելով, որ Դաշտենցը սիրված հեղինակ է մեր հանրության լայն շրջանակներում: Ընթերցողների հետ եղել են բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ ու քննարկումներ: Նրանք հիմնականում արեւմտահայ գաղթականների ժառանգներ էին, որոնք ինձ էին վստահում իրենց գերդաստանների պատմությունը, իսկ շատերն էլ հպարտությամբ նշում էին, որ Դաշտենցի «Խոդեդանի» կամ «Ռանչպարների կանչի» այս ու այն կերպարն իրենց նախնին է: Այդ զրույցների ընթացքում մշեցիների, վանեցիների եւ արեւմտահայ այլ շրջանների գաղթականների ժառանգների կողմից եղան նաեւ տրտունջներ, թե ինչու է գրքի վերնագրում շեշտված Սասունը, չէ՞ որ Խ. Դաշտենցը ողջ Արեւմտահայաստանի բանասացն է: Ճիշտ է, «Սասուն աշխարհի բանասացը» ասելով, ընդամենը նկատի էի ունեցել, որ Դաշտենցը ծնունդով Սասունից էր` Խութ-Բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղից, այնուամենայնիվ, ընթերցողներիս այդ դիտարկումը երբեք չմոռացա եւ այս հրատարակությունը կոչեցի «Կորուսյալ երկրի բանասացը»:

Ինչպես Ազնավուրի մանուկ հասակի բեմական շապիկը հայտնվեց Գրականության եւ արվեստի թանգարանում

«ԴԱՇՏԵՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԿՏԵՂՎԱԾ ԵՆ ՄԵԿ ՆՊԱՏԱԿԻ ՇՈՒՐՋ. ԴՈՒՐՍ ՔՇԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ ՊԱՊԵՆԱԿԱՆ ՕՋԱԽԻՑ»

- Ինչո՞ւ Ձեր ընտրությունը կանգ առավ հենց Դաշտենցի վրա, ժամանակի հրամայականը՞ ստիպեց հիշեցնել հայրենասեր Դաշտենցին, թե` որպես քիչ ուսումնասիրված բանաստեղծ լինելը:

- Խ. Դաշտենցի ստեղծագործության նկատմամբ իմ հետաքրքրության պատճառը «Ռանչպարների կանչն» էր: Այդ վիպասքը դեռ դպրոցական տարիներից իմ առաջ բացեց մի զարմանահրաշ աշխարհ` լի հպարտությամբ, խրոխտությամբ ու նաեւ ողբերգությամբ: Այն նաեւ պատճառ դարձավ, որ 20-րդ դարասկզբի մեր ազատագրական պայքարն ու այդ պայքարի ողնաշարը` Զորավար Անդրանիկը, ինձ համար դառնան մշտական ուսումնասիրության ասպարեզ: Այդ շրջանի մասին ծովածավալ գրականություն կա ու այնքան իրարամերժ ու հակասական, որ կարելի է այդ ծովում խոտորվել ու խճճվել: Տարիների ընթացքում որքան շատ աղբյուրներ ուսումնասիրեցի, այնքան ավելի գնահատեցի վիպասքը: Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները, իսկ դրանք տասնյակից ավելի են: Բացահայտել եմ ու հիացել այս վեպի անսովոր արվեստով: Դաշտենցը տուրք չի տվել որեւէ քաղաքական-կուսակցական դիրքորոշման, շատերի նման չի դիմել ուշացած մարգարեությունների: Նրա պատկերած շարժումը ժողովրդի ընտրյալների շարժումն է, նրա հերոսները մեկտեղված են մեկ ընդհանուր նպատակի շուրջը. դուրս քշել թշնամուն պապենական օջախից, անաղարտ պահել հայրենին ու հայրենականը: Իսկ երբ ինձ համար մեկը մյուսի հետեւից բացահայտեցի Դաշտենցի բազմաժանր ստեղծագործության այլ դրսեւորումները` տեսա, որ վերը ասվածը նրա համար սեւեռուն գաղափար է բոլոր ստեղծագործություններում: Այո, Խ. Դաշտենցի ստեղծագործությունը թեմատիկ առումով կուռ է ու համահավաք: Նրա թեման հայրենիքն է ու հայրենականը, իսկ հերոսը` հայրենասեր հայորդին: Այդ հերոսը, եթե սիրում է` սիրում է հայրենիքը, եթե մարտնչում է` հանուն հայրենիքի, եթե երազում է` երազում է թշնամիներից մաքրված հզոր հայրենիք, եթե սովորում է` սովորում է նախնյաց ավանդները եւ այլն, եւ այլն...

«Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը վաճառողները» (Տեսանյութ)

- Փաստենք, որ նրա գլխավոր գիրքը` «Ռանչպարների կանչը», հայրենիքում աննախադեպ խանդավառությամբ ընդունվեց, իսկ Սփյուռքում` որոշ վերապահումներով:

- Թերեւս նկատի ունեք «Ռանչպարների կանչի» առաջին հրատարակությունից(1979թ.) հետո Սփյուռքում հնչած ինչ-ինչ կամայական ու անհիմն գնահատականները: Դրանց պատճառն այն էր, որ որոշ կուսակցական-քաղաքական շրջանակներ վիպասքի հիմքում նկատեցին դաշնակցական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» բազմահատոր հուշագրությունը: Ցավոք, միայն դա նկատեցին: Այո, Դաշտենցը լիուլի օգտվել է Ռուբենի հուշագրությունից, բայց ինչպե՞ս կարելի է «Ռանչպարների կանչը» դիտարկել միայն այդ տեսանկյունից եւ փորձել ստվերել համաժողովրդական խանդավառ ընդունելության արժանացած գրքի արժեքը: Ռուբենը Դաշտենցի համար նպատակ չի եղել, եղել է միայն միջոց եւ այն էլ` մի շարք միջոցներից մեկը: Դաշտենցի նպատակը 20-րդ դարասկզբի ազատագրական շարժումն ու հերոսական սերնդին ներկայացնելն է եղել, ինչը նա իրագործել է գերազանց, բարձր ու անսովոր արվեստով: Եկեք մտածենք` ինչպե՞ս կարող էր Դաշտենցը կերտել նորօրյա Սասունցի Դավթի` Անդրանիկի կերպարը` հենվելով Ռուբենի աշխատության վրա, երբ այդ աշխատության մեջ միտումնավոր կերպով ստվերված է լեգենդար ֆիդայապետի ու զորավարի ահռելի դերակատարումը: Կամ, ինչպե՞ս պիտի կերտեր Անդրանիկի աջ ձեռքը հանդիսացած Մախլուտոյի (Սմբատ Բորոյան) կերպարը, որի անունից է շարադրել վիպասքը, երբ Ռուբենի յոթ հատորներում Մախլուտոն գրեթե չի երեւում: Պատճառները քաղաքական են, եւ այստեղ փակագծեր չեմ բացի: Ասեմ միայն, որ իմ գրքի համապատասխան գլխում Ռուբենի հուշագրությունից զատ փաստերով բացահայտել եմ տասնյակի չափ այլ ուշագրավ աղբյուրներ, որոնցում ե՛ւ Անդրանիկը, ե՛ւ Մախլուտոն արժանի բարձրության վրա են: Այնուամենայնիվ, դրանք «Ռանչպարների կանչի» միայն տեղեկատվական հենքն են: Վիպասքի բուն արժեքն ու արժանիքը էպոսային պատումի մեջ է. Դաշտենցը կերտել է մեր նորօրյա էպոսը, որի հմայքը միշտ հիացնելու է ընթերցողին:

Շուշին հայ գրականությանը տվել է մի շարք նշանավոր դեմքեր

- Բայց առաջին վեպը` «Խոդեդանն» էլ պակաս ընդունելության չարժանացավ:

Այո, «Խոդեդանը» եւս կոթողային գործ է, մանավանդ, երբ հաշվի ենք առնում ստեղծման ժամանակաշրջանը: Հիշենք, որ դրա առաջին հրատարակությունը 1950 թվականին էր, երբ դեռ ողջ էր «ժողովուրդների հայրը», եւ դեռ մոլեգնում էր անհատի պաշտամունքը: Այդ հրատարակությունը մի փոքրածավալ վիպակ էր, բայց այնպիսի բուռն ընդունելություն գտավ, որ Դաշտենցը հետագայում մշակեց, ամբողջացրեց այն ե՛ւ 1956-ին, ե՛ւ 1960-ին ու  հրատարակեց որպես ծավալուն վեպ:

Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում

ԴԱՇՏԵՆՑԻ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԽՄԲԱԳՐԵԼ Է ՉԱՐԵՆՑԸ

- Ուսումնասիրության ընթացքում, հանրության համար կենսագրական ի՞նչ անհայտ մանրամասներ եք բացահայտել:

- Անհայտ կամ քչերին հայտնի մանրամասներով հագեցած են Դաշտենցի ե՛ւ բովանդակալից կենսագրությունը, ե՛ւ ստեղծագործական գործունեությունը: Օրինակ, մի՞թե շատերը գիտեն, որ երիտասարդ Խաչիկը շատ էր ուզում Չարենցի ծածկանվան նման գրական ծածկանուն ունենալ, եւ «Դաշտենց» ծածկանունը նրան հուշել է Սողոմոն Տարոնցին` լսելով, որ Խաչիկը ծնունդով Սասունի Դաշտադեմ գյուղից է: Կամ այսօր ո՞վ է հիշում, որ Դաշտենցի բանաստեղծական առաջին ժողովածուներից մեկը` «Գարնանային երգերը», (1932թ.) խմբագրել է նրա պաշտելի ուսուցիչը` Եղիշե Չարենցը: Ավելին, Դաշտենցի արխիվում պահպանվել են Չարենցի երկու գրությունները, որոնցով մեծանուն պոետը խնդրում էր Պետհրատի տնօրեն Էդվարդ Չոփուրյանին եւ գլխավոր նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, որպեսզի ապահովեն նշյալ ժողովածուի պատշաճ ձեւավորումն ու որակյալ տպագրությունը: Հիշեմ էլի մի շատ ուշագրավ իրողություն: Արդեն ասել եմ, որ Դաշտենցի ողջ կյանքի ու ստեղծագործության սեւեռուն գաղափարը կորուսյալ հայրենիքն է ու հայրենասիրությունը: Պատկերացրեք, որ դա արտացոլված է նաեւ նրա թարգմանական գործունեության մեջ: Պահպանվել է նրա մի զեկուցումը, որ կարդացել է 1964թ.-ին` Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի առթիվ Մոսկվայում անցկացված միջազգային գիտաժողովում: Ահա մի շատ խոսուն հատված այդ զեկուցումից. «Եթե ինձ հարցնեն, թե Շեքսպիր թարգմանելիս ես ամենից շատ ինչի մասին եմ մտածում, անկեղծորեն կասեմ` իմ ծննդավայրի, Սասունի եւ Հայկական Տավրոսի մասին, այն երկրի մասին, որտեղ ապրել են իմ պապերը, մեր ամբողջ ժողովուրդը Բաթմանա ջրից մինչեւ Անիի ավերակները...»: Մի՞թե ապշելու չէ. սովետների մայրաքաղաքում, տարբեր երկրներ ներկայացնող շեքսպիրագետների ներկայությամբ Դաշտենցը հնչեցրել է Հայ դատը եւ այն էլ` 1964 թվականին: Ինչեւէ, հիշարժան մանրամասներով հագեցած են գրքի բոլոր վեց գլուխները:

28 տարի առաջ ազատագրվեց Շուշին. հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն

«ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻՆ ՇԱՏԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒՍԱՊԱՐԿՈՒՄ ՈՒՆԵԻՆ «ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ»»

- Իսկ Դաշտենցի թարգմանություններն այդ մենագրության մեջ ինչ տեղ ունեն:

- Գրքի գլուխներից մեկը նվիրված է Դաշտենցի թարգմանություններին եւ առավել հանգամանորեն` Շեքսպիրից կատարված թարգմանություններին: Շեքսպիրի նկատմամբ սերը Դաշտենցին 1934 թվականին հասցրել էր Մոսկվա, դարձրել տեղի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժնի ուսանող, որտեղ նա իր ազատ ժամանակի մեծ մասը նվիրում էր անգլիալեզու բանաստեղծների գործերի թարգմանություններին: Այդ գլխում քննարկվում են Դաշտենցի թարգմանական արվեստի առանձնահատկությունները, որոնք այնքան տարբերվում են նրա ականավոր նախորդի` Հովհաննես Խան-Մասեհյանի արվեստից: Դաշտենցը շեքսպիրյան թարգմանությունների վրա աշխատեց շուրջ 35 տարի, մինչեւ կյանքի վերջը` սեփական ստեղծագործություններին զուգահեռ թարգմանելով տասնինը պիես: Թարգմանության ասպարեզում Դաշտենցի հաջորդ խոշոր ավանդը Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմի թարգմանությունն է, որն ընթերցողին գերում է ամերիկյան հնդկացիների բանահյուսության գրավչություններով: Հայկական ֆոլկլորի գերազանց զգացողությունը Դաշտենցին մեծապես օգնել է հնդկացիների խիստ ինքնատիպ բանահյուսությունը բարձր արվեստով «հայացնելուն»: Այս ամենից զատ Դաշտենցը թարգմանել է նաեւ «Ռոբին Հուդը», Ռոբերտ Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», պիեսներ Վիլյամ Սարոյանից եւ այլն:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ` ՎԱՐՊԵՏԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

- Իսկ Դաշտենցի ստեղծագործության բանահյուսական, ազգագրական ուղղվածության մասին ի՞նչ կասեք:

- Դաշտենցի ողջ ստեղծագործության հիմքում, եւ մանավանդ վեպերում, գերիշխողը բանահյուսությունն է, ժողովրդական հյութեղ բառ ու բանը: Դաշտենցը երկար տարիներ է անցկացրել իր համերկրացիների` սասունցիների ու մշեցիների միջավայրում, ուսումնասիրել նրանց նիստուկացը, նվիրական զրույցները, խաղերը, ազգագրությունը: Այդ ամենը հեղինակը միահյուսել է իր վաղ մանկության հիշողություններին եւ կերտել Սասուն-Տարոնի գեղաքանդակ կոթողը: Այն, որ Դաշտենցի ստեղծագործությունների մեծ մասի ազդակները գալիս են բանահյուսությունից` շատ հաճախ վկայել է հենց ինքը` հեղինակը: Ասվածը շոշափելի ներկայացնելու համար ուզում եմ բերել մի հատված Դաշտենցի «Ծուռ խութեցին» պոեմի (1962) վերջերգից, որի նյութը եւս քաղված է սասունցի շինականների զրույցներից.

«Գեղեցիկը կփրկի աշխարհը». Աշնանը Երևանում կանցկացվի «Ներառական արվեստի փառատոն»

... Այս զրույցը խիստ իրական

Պատմեցին ինձ նվիրական

Մեր սասունցիք, ես էլ գրի

Առա չափով,

Տարբեր հանգով` ցաք ու ցրիվ,

Ինչպես Խութա լեռները հով,

Մեկը բարձր, մեկը ցածըր,

Այս կողմ, այն կողմ,

Որ դուք կարդաք եւ հավիտյան

Հաղորդեք այն բերնե բերան,

Որ իմանա ամեն սերունդ

Հայաստանում,

Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան՝  երևանյան «Գեղարվեստական տպագրության 2-րդ միջազգային բիենալեի» մասին

Թե ինչ մարդիկ կային մի օր

Խութ-Բռնաշեն գավառակում,

Որոնք անցել, հուշ են դարձել

Սրտաճմլիկ...  

- Վերջին տարիներին դպրոցական եւ բուհական ծրագրերում ինչո՞ւ Դաշտենցը գրեթե ներկայացված չէ:

- Գրականության ծրագրերը միշտ էլ բանավեճերի առարկա են: Դրանք կազմում է որեւէ գրականագետ կամ գրականագետների խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները: Եվ եթե այս կամ այն հեղինակի մատուցման ժամաքանակն ավելացվում է` դա արվում է այլ հեղինակների հաշվին: Խնդիրն առավել բարդ է խորհրդային շրջանի պարագայում, երբ մեր գրականությունն աննախադեպ ծաղկում ապրեց, եւ Դաշտենցի կողքին ունեցանք տասնյակ ու տասնյակ արժանավոր անուններ, որոնցից գործող ծրագրերում ընդամենը մի քանիսն են շահեկան վիճակում: Ինչեւէ, Խաչիկ Դաշտենցի գրական ժառանգության պատշաճ մատուցումը բոլոր առումներով բարերար ազդեցություն կունենա թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների վրա: Մենք չենք մոռացել, չէ՞, որ Արցախյան ազատամարտի տարիներին մեր քաջորդիներից շատերն իրենց ուսապարկերում առաջնային անհրաժեշտության իրերի հետ կրում էին նաեւ «Ռանչպարների կանչը»:

Մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են օնլայն մշակույթով

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА