o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՎՈՒՆՔՆ» ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ ԼԻՆԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ»

16.10.2019 12:17
«ԻՐԱՎՈՒՆՔՆ» ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ ԼԻՆԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ»

«Իրավունքն» իր 30-ամյա հոբելյանի ընթացքում համախմբել էր տարբեր ոլորտների` քաղաքական, դիվանագիտական, հասարակական ու մշակութային գործիչների: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ մի շարք մտավորականներ: Հոբելյանական հանդիսության ընթացքում իրենց կատարումներով «Իրավունքին» շնորհավորելու էին եկել ու ներկաներին անմոռանալի րոպեներ պարգեւեցին եւ անշուշտ պարեցրին ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ, որն իր կատարումից առաջ ասաց. «Տոնդ շնորհավո՛ր, «Իրավունք», քո օբյեկտիվությամբ ապրես հավերժ»: Ինչպես նաեւ երգիչներ ՄԵԼՔՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՍԵԴՐԱԿ ՊԱՊՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ:

 

Իսկ երբ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է բեմում, ուրեմն ներկաներին մտովի տեղափոխում է Արցախ` իր զգացմունքային կատարումներով հայրենասիրություն ներարկելով, ու անկախ սեռից ու տարիքից, բոլորի մեջ եռում է հայրենիքը պաշտպանելու ավյունը. «Վերջին շրջանում իմ կատարումները միայն մի թեմայով է` Արցախի»,- կատարումից առաջ ասաց Շ. Պետրոսյանն ու «Իրավունքին» բարեմաղթանքներ հղելուց զատ, ասաց. «Շնորհավորում եմ «Իրավունքին»` 30-ամյակի կապակցությամբ: «Իրավունքում» ունեմ իմ սիրելի բաժինները, ինչի մասին թերթի խմբագրական խորհրդի նախագահ պարոն Բաբուխանյանի հետ բազմիցս խոսել ենք: Իհարկե, կային բաժիններ, որ ավաղ հիմա չեն գործում, ինչի մասին դարձյալ խոսել ենք` «Հետաքննությունն» էր, որին միշտ հետեւում էի եւ հավաքում: Ինչ էլ լինի, երկար կյանք եմ մաղթում քեզ «Իրավունք»»,- ապա դիմելով խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին` ասաց. «Վերջերս հիշել եմ մեր ելույթը ԱԺ ամբիոնից` Սորոսի դեմ, դա 2017 թվականի նոյեմբերն էր... Հպարտ եմ դրա համար, շնորհակալ եմ բոլորիդ, նույն ոգով միասին»:

Դե իսկ երեկոյի պարային տրամադրությունը, «Իրավունքի» որդեգրած ազգային գաղափարախոսությունից չշեղվելով, մի քանի պարային կատարումներով ապահովեց հենց «Կարին» ավանդական երգի ու պարի խումբը: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ գլխավորությամբ, ավանդական խրոխտ պարերով կարինցիների ոտքի տակ դողաց հողն ու ապացուցեց հայկական ավանդական պարի տոկունությունն ու հայի անսասանությունը: «Իրավունքի» հոբելյանական հանդիսության հայրենասիրական ոգին ամբողջացրեց ղրիմաբնակ ասմունքող ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ` հնչեցնելով Գեւորգ Էմինի «Զարմանալի հայը» բանաստեղծությունը: Ողջ օրվա ընթացքում ե՛ւ անձամբ, ե՛ւ շնորհավորագրերով իրենց մաղթանքներն էին հղում ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչները, «Իրավունքը» նույնիսկ շնորհավորանքներ էր ստանում երկրի սահմաններից դուրս: «Իրավունքին» շնորհավորական խոսք էր հղել նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ.

«Հարգելի՛ բարեկամներ. Ջերմորեն շնորհավորում եմ ձեր հոբելյանը: Ամեն մի լրատվամիջոցի, կազմակերպության չի հաջողվում հաղթահարել 30 տարիների ընթացքում առաջացած բազում խոչընդոտները, խնդիրները եւ գործունեությանը խանգարող իրավիճակները: Սակայն միայն եզակիներն են, որոնք, ամուր կանգնած լինելով, իրենց գաղափարների, նպատակների համար ու հաղթողի հոգեբանությամբ շաժվում են առաջ` դեպի հաջորդ 30-ը եւ այդպես շարունակ: Այսքան տարի, որպես գերնպատակ, ընտրելով օբյեկտիվությունն ու անաչառությունը, «Իրավունքն» այսօր իրավունք է վաստակել լինելու լրատվամիջոցների շարքերում առաջիններից մեկը: Ու հենց ձեր աշխատակիցների սրտացավ վերաբերմունքի, գործի նկատմամբ  պրոֆեսիոնալ մոտեցմամբ է պայմանավորված ձեր` «Իրավունքի» 30-ամյա պատմությունը: Մեր նորանկախ պետության կողքին եք հիմնադրման պահից, եւ վստահ եմ, շնորհիվ ձեր առողջ քննադատության, ընտրված թեմաների դիպուկությամբ կկարողանաք Ձեր ավանդն ունենալ մեր հասարակության մտքի, ճաշակի ձեւավորման գործում: Կրկնակի ուրախալի է նաեւ, որ առանձնակի ուշադրություն է դարձվում մշակութային լուրերին: Հենց նաեւ ձեր շնորհիվ է, որ մեր մշակութային իրադարձությունները հասանելի են դառնում հանրությանը: Մաղթում եմ, որպեսզի անխափան լինի Ձեր գործունեությունը եւ երբեք չշեղվեք լրագրության մեջ ձեր որդեգրած օբյեկտիվության չափանիշներից»:

Հարգանքներով` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԹԳՄ-Ի ԿՈՂՄԻՑ

«Իրավունքին» շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, որտեղ մասնավորապես ասված է. ««ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ.

Ջերմորեն շնորհավորում եմ «Իրավունք» թերթի խմբագրակազմին ու ընթերցողներին` 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Իրավունքն» այն եզակի լրատվամիջոցներից է, որը միշտ կանգնած է եղել թատրոնի կողքին, բարձրաձայնել թատրոնի հրատապ խնդիրները, արձագանքել հուզող հարցերին: Հույս ունեմ, որ հետագայում էլ մեր համագործակցությունը կշարունակվի, ու մենք հնարավորություն կունենանք հանրությանը հասցնելու մեր առջեւ ծառացած խնդիրները»:

Հարգանքով եւ համագործակցության ակնկալիքով` Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Ի դեպ, այսքանով չէր սահմանափակվում Հ. Ղազանչյանի շնորհավորանքը, քանի որ Թատերական գործիչների միության կողմից «Իրավունք» թերթի 30-ամյակի կապակցությամբ» Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցության եւ թատերական ոլորտում ակտիվ լուսաբանման համար ՀԹԳՄ շնորհակալագրի արժանացավ «Իրավունք» թերթի մշակույթի բաժնի խմբագիր ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

 

ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

«Իրավունքի» հոբելյանական հանդիսության աջակիցներն էին «Աուրա գրուպ» ընկերությունը, որն իրականացնում է ինտերիերի, էքստերիեր դիզայնի, հանդիսավոր միջոցառումների, տոների կազմակերպում: Ինչպես նաեւ` Torter.am-ը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «Սիս նատուրալ» ընկերությունը` իր «Յան» հյութերի եւ պահածոների գործարանով, «Պասիֆլորա» ծաղկի սրահը, «Դիլիջան» գարեջրի գործարանը եւ «Գյումրի» գարեջրի գործարանը:

 Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА