ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԴԻՄԱԴՐԵՑ «ԽԶԲԶԱՆՔԻՆ»
Վերլուծություն
ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի երկրորդ մասի հեռարձակումից առաջ Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց նիկոլասորոսականներին. «Հաշվի առնելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասի հեռարձակումից հետո XY քրոմոսային հավաքածու ունեցող վիժվածքամերձ մի շարք էակների եւ ուսապարկերի մոտ առաջացած անցանկալի հղիության դեպքերը` հորդորում եմ նրանց հարցազրույցի երկրորդ մասին ընդառաջ նախապես ընդունել հակաբեղմնավորիչ հաբեր: Հղի «տղամարդը» անճոռնի եւ հակաբնական երեւույթ է: Անգամ քաղաքականության մեջ»: Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը, դեղերն ամենեւին ավելորդ չէին...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Եթե հարցազրույցի առաջին մասում բացվեց արցախյան բանակցային գործընթացի գրեթե ողջ խոհանոցը, եւ անդրադարձ եղավ 2018-ի դավադիր հեղաշրջման կասկածելի հանգամանքներին, ապա երկրորդ մասը հիմնականում նվիրված էր կապիտուլյացիայի մեխանիկային: Եվ առաջին իսկ րոպեներից Սերժ Սարգսյանը հնչեցրեց սենսացիոն տեղեկատվություն` սպառազինությունների պլանով 2024-ին պիտի ունենայինք 2400 ԱԹՍ-ներ, իսկ 2020-ին` 1000-ից ավելին: Այսինքն` պիտի ունենայինք օդային անվիճելի գերակշռություն: Իսկ թե ինչ եղավ, երբ Նիկոլը կամայականորեն փոխեց սպառազինությունների պլանը` դրա ավերիչ հետեւանքները մեր աչքի առաջ են: Նաեւ երկրորդ սենսացիան` բանակի ամենամեծ թալանն եղել է 2018-2020 թվականներին, այդ թվում` Նիկոլի կողմից ՊՆ-ն շրջանցելով արված ակնհայտ կոռուպցիոն գնումները: «Իսկ հիմա ասում են, թե ինչ-որ մեկը փախել է, բա ի՞նչ էիք ուզում, երբ որ վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին` «սերմացու գողացող մկներ»: Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է` «կռի՞ս» է, ոնց կարելի էր վերցնել եւ երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է, որեւէ մեկը դրանցից պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործառույթներ ունի իրական գլխավոր շտաբի պետը, թե ինչպիսի փորձառություն պետք է ունենա, ինչպե՞ս կարելի էր Պաշտպանության բանակի երեք հրամանատար փոխել, Լեւոն Մնացականյանը, որ երկու պատերազմի փորձ ուներ, ինչպե՞ս կարելի էր նրան փոխել միայն այն պատճառով, որ ինքը նախկի՞ն էր, այսինքն` պրոֆեսիոնալներին փոխել հարմարվողներո՞վ: Արդյունքը դա էր, ինը պաշտպանական շրջանի հրամանատարներին փոխել էին, ընդ որում որոշ դեպքերում երկու-երեք անգամ»: «Բոլոր կենտրոնական ենթակայության զորամասերի կարեւոր հրամանատարներին, բացառությամբ մեկի, փոխել էին, որ ի՞նչ, ինչի՞ համար, որ մենք այնտեղ դավադրություն չանեի՞նք, ախր մենք ո՞նց կարող էինք այնտեղ դավադրություն անել, ո՞նց կարող էինք մենք մեր հայրենիքի հանդեպ դավադրություն անել, այդ նրանք են դրան ունակ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Կարճ ասած, ՀՀ երրորդ նախագահի նկարագրած ամբողջ պատկերը հետեւյալն է` ինչպես են հետեւողականորեն եւ միտումնավոր կռել պարտությունը: Այսինքն` տեղի է ունեցել համակարգված դավաճանություն, այլ եզրակացությունը բանականության սահմաններից անդին է:
ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ 2018-Ի ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ
Իսկ, օրինակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ, խունտան ունի նաեւ նոր դավաճանությունների պլաններ. «Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը եւ հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում` շարունակվող դավաճանություն: Նոյեմբերի 9-ի թուղթը եւ այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության, եւ այնպես չէ, որ մեկը ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսը ասի` չգիտեինք, մեկը ասի` Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի` Աննան այնտեղ չէր, եւ այլն: Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության: Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն` իր զորքերին հանելու եւ ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, եւ կարելի է համարել` պատերազմը օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանական է»:
Քաղաքագետը նաեւ գալիս է տագնապալի եզրակացության. «Ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել: Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ»:
Սակայն դավաճանության արմատները պետք է փնտրել ոչ հեռավոր 2018-ին: Վերադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասին` հիշեցնենք, որ ասել էր` 2018-ին ոչինչ չէր վկայում, որ նիկոլական խռովությունը կարող էր այդպիսի մասշտաբներ ստանալ: Եվ երկրորդը` որ ինքը իշխանությունը հանձնել էր ոչ թե «խզբզանք» Նիկոլին, այլ Կարեն Կարապետյանին: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ Կարեն Կարապետյանն ընկրկեց, տեր չկանգնեց իշխանությանը, եւ բանը հասավ տոտալ ճնշումներով Նիկոլին վարչապետ կարգելուն: Չէ՞ որ ՀՀԿ-ի քվեները բավարար էին պրն Կարապետյանին վարչապետ ընտրելու համար, իսկ այդպիսի գործընթացի պարագայում, դժվար թե, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դրդապատճառ ունենային միանալու Նիկոլին... Բացատրությունների կարիք ունի` ինչո՞ւ նա անձամբ գնաց Նիկոլին մեկուսարանից հանելու, ի՞նչ էր խոսել Նիկոլի հետ այդ ժամանակ, եւ ինչպե՞ս պատահեց, որ գլխավոր դատախազը, «քաղաքական իրավիճակով պայմանավորված», ԱԺ-ից հետ կանչեց Նիկոլին եւ մյուս ՔՊ-ական պատգամավորներին կալանավորելու հարցը... Եվ այդպիսի բազում հարցեր սպասում են իրենց պատասխանին: Ինչ վերաբերում է խռովությունների անսպասելի մեծ մասշտաբին, ապա հարկ է նշել, որ մարդկային եւ այլ ռեսուրսներով իշխանազավթներին ապահովելու մասով մեծ դեր ուներ օլիգարխատը, ընդ որում` իր ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ռուսաստանաբնակ թեւերով: Եվ հարց` ինչպես հայտնի է, մեծ փողերը կայունություն են սիրում, այդ ո՞վ եւ ինչպես տվեց սին «երաշխիքներ», որ սահմանադրական կարգը տապալելուց հետո այդ կապիտալներն ավելի ապահով պայմաններում կլինեն: Այդ բոլոր հարցերը մանրակրկիտ քննության կարիք ունեն, սակայն այսօր թիվ 1 խնդիրը միասնաբար եւ հնարավորինս արագ խունտային հեռացնելն է: Ի դեպ, Սերժ Սարգսյանն իրավացիորեն կասկածի տակ դրեց խունտայի այն հայտարարությունը, իբր իրենք հրաժարվել են արտահերթ ընտրությունների մտքից: Եվ ի դեպ, ՔՊ-ի կուլիսներում շատ արագ պատրաստում են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի հույժ կասկածահարույց փոփոխություններ... Բայց ամենակարեւորը` փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին սատարող մեդիառեսուրսներն ինտեսիվ քարոզչությամբ են զբաղվում, եւ կարծես այս փուլում «կոնսենսուս մինուս հողատու» տրամաբանությունն է գերիշխում: Եվ ինչպես տեղեկացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երկուշաբթի երեկոյան հանդիպել են ընդդիմության «վեցյակի» ֆորմատով, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Քննարկվել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:
Դե ինչ, սպասենք առաջիկա ինտենսիվացող իրադարձություններին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ