«Փաստ»․ Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ
Մամուլի տեսություն
«Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում պետք է լինեն էական փոփոխություններ, իսկ դա նշանակում է իրեն չարդարացրած իշխանության հեռացում, քանի որ նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերակներ գտնել իր իշխանությունը երկարաձգելու և պահպանելու համար։ Եվ այդ քաղաքականության շրջանակներում է տեղավորվում, որ նա ձգտում է կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ անել կադրային տեղաշարժերի տեսքով։ Պատահական չէ, որ վերջերս Փաշինյանը հայտարարեց, թե պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։
Եվ այս տեսանկյունից առանցքային կարևորություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակում տեղի ունեցող տեղաշարժերը։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ծանր պարտությունից հետո Հայաստանի շուրջ այնպիսի աշխարհաքաղաքական դասավորություն է ստեղծվել, որ պետք է էականորեն հզորացնել մեր դիվանագիտական ապարատն ու զարկ տալ արտաքին քաղաքականությանը։ Իսկ դա ենթադրում է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ դիվանագետների ունեցած որակները ի սպաս դնել արտաքին քաղաքականության համար։ Փաշինյանն էլ իր կառավարման ընթացքում միշտ ընդգծում էր դեսպանների պաշտոնում կադրային դիվանագետների նշանակման կարևորությունը։ Վերջինս մասնավորապես հայտարարում էր, որ Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ։
Այսպես, օրինակ՝ խոսվում է Փաշինյանի նախկին խոսնակ, ԼՏՊ-ական Վլադիմիր Կարապետյանին, սորոսական, ԱԽՔ Արմեն Գրիգորյանին դեսպաններ նշանակելու հնարավորության մասին և այսպես շարունակ։ Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ և փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։
ԱՄՆ-ն աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ահռելի դերակատարություն ունեցող երկիր է, որի կառավարության հետ Հայաստանի ներկայիս իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատելու համապատասխան օրակարգ և միջավայր ձևավորել։ Իսկ հիմա ԱՄՆ-ի նոր վարչակազմը՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ, արտաքին քաղաքականության մեջ էական վերաձևակերպումներ է կատարում, և հարց է՝ համապատասխան մասնագիտական ունակություններ չունեցող Մակունցն ընդունա՞կ է աշխատել նոր վարչակազմի հետ, թե՞ վերջինիս ընդամենը ուղարկում են արտերկրյա վոյաժների կամ, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, նրան ուղղակի փախցնում են երկրից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: