Թողեց երազանքներն ու կյանքը նվիրեց հայրենիքին. Արցախում զոհված Էդիկ Կիրակոսյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ
Սպորտ
Արցախյան պատերազմում, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում քաջաբար ընկած մարզիկների անունների կողքին գրվեց նաև ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Էդիկ Կիրակոսյանի անունը։
Ջավախքի Խորենիա գյուղից եկող արմատներով տաղանդաշատ ֆուտբոլիստն անկատար թողեց բոլոր երազանքներն ու կյանքը նվիրեց հայրենիքին։
Հարազատների խոսքով, կարող էր չծառայել բանակում, բայց զորակոչվեց և իր կյանքը զոհաբերեց հանուն մեր ապագայի։
«Քաջությամբ, համառությամբ և գործին նվիրվելու վեհ ցանկությամբ օժտված մեր Էդիկը մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր հանդես գալ արտասահմանյան գրանդ ակումբներից որևէ մեկում, ավաղ նպատակն իրագործել այդպես էլ չի կարողանա»,-նշում է ֆուտբոլիստի բարեկամուհին։
Ընկերներն էլ մեծ ոգեւորությամբ ու հպարտությամբ են հիշում Էդիկին, նշում են, թե որքան ընկերասեր ու հոգատար երիտասարդ էր, իսկ ֆուտբոլն ուղղակի պաշտում էր։
«Շատ բարի, հոգատար ու համեստ տղա էր Էդիկը, քիչ էր խոսում, ավելի շատ գործում էր։
Շատ էր մարզվում, ցանկանում էր մեծ հաջողությունների հասնել ֆուտբոլում, բայց դրա հետ մեկտեղ լավ ընկերություն էր անում։
Որոշ ժամանակ միասին էինք պարապմունքների գնում , առավոտյան վաղ գալիս էր , որ րոպե առաջ հասնեինք ու ֆուտբոլ խաղա, առանց սպորտի կյանքը չէր պատկերացնում»,- ասում է նախկին թիմակից Էրիկ Քոթանջյանն, ու ավելացնում, որ ֆուտբոլը թողնել չէր ուզում, բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու նվիրական գործից ետ չէր ուզում կանգնել։
Էդիկ Կիրակոսյանն իր աշխատասիրությամբ արդեն նշանակալի հաջողությունների էր հասել սպորտային կարիերայում։
Երևանի «Փյունիկի» սան էր, խաղացել էր նաև Երևանի «Արարատում»։
Մինչ զորակոչվելը հանդես էր գալիս Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ էր, և նպատակ ուներ հանդես գալ ազգային հավաքականում։
Արցախյան պատերազմը ցավոք խլեց Էդիկի և հազարավոր երիտասարդների երազանքներն ու դրանք թողեց անկատար։
Լիանա Հարությունյան




