Իսկ ո՞վ ասաց` չենք ուզում արտահերթ ընտրություններ. Արծվիկ Մինասյան
Ներքաղաքական
ՀՅԴ ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ, որպեսզի վայրկյան առաջ լուծվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, պետք է Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն լիներ, որպեսզի որեւէ իշխանություն չկարողանա որեւէ բան անել:
- Սա հնարավորություն կտա պահ առաջ կանգնեցնել երկրի կործանումը: Ուստի` ուզում եմ դիմել նաեւ այն մարդկանց, ովքեր որոշակի անտարբերություն են դրսեւորում կամ մտածում են, թե սա աթոռակռիվ է կամ իշխանության կռիվ է: Բացարձակ` ոչ, այդպիսի բան չկա: Գիտեք, ամենահեշտը կլիներ ասել, որ` դե եթե չեք ուզում, ժողովուրդ, մենք էլ ի՞նչ անենք, հնարավոր ամեն ինչ արեցինք: Բայց սա Հայրենիքի փրկության հարց է, այլ ոչ թե իշխանության եւ ընդդիմության կռիվ, ոչ էլ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների կռիվ: Սա շատ պարզ եւ հստակ ձեւակերպված օրակարգ է` պետք է փրկենք Հայրենիքը եւ չգիտակցող կամ հանցագործության մեջ թաղված իշխանությանը հեռացնենք, որն ամեն գնով փորձում է պահպանել իր դրիքերը եւ չնահանջել: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մտածում են, թե հրապարակում կանգնած մարդիկ իշխանություն են ուզում: Այդպիսի բան չկա:
– Իշխանությունը շարունակում է հարց բարձրացնել, թե ինչո՞ւ եք պահանջում Փաշինյանի հրաժարականը, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
– Սա իրենց հերթական սոփեստությունն է: Սկզբում ասում էին` ինչո՞ւ չեք ասում, թե ով է ձեր վարչապետի թեկնածուն, եւ երբ միասնական թեկնածուն ներկայացվեց, հիմա էլ թեկնածուին են քննադատում` ամեն մի արատավոր երեւույթ հիշեցնելով ու փորձելով կապել անցյալի հետ: Իսկ ո՞վ ասաց չենք ուզում արտահերթ ընտրություններ, բայց իրենք պատրա՞ստ են, հայտարարե՞լ են դրա մասին, թե՞ հերթական անգամ փորձում են իրենց դավաճանությունը քողարկել ապօրինի կամ կեղծ ու ստահակին բնորոշ հայտարարություններով: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես մանկամտություն: Ինչպես ասում է հայտնի դասականը` մեխն էլ, մուրճն էլ իրենց ձեռքում է, եթե կարող են, թող կազմակերպեն, ինչի՞ չեն անում: Օրինակ` ինչո՞ւ Փաշինյանը հրաժարական չի տալիս, վախենո՞ւմ է, որ 7 օրվա մեջ կարող է իր «Իմ քայլը» խմբակցությունը ցրվի ու չկարողանա ընտրել այլ վարչապետ: Սա նշանակում է, որ բոլորը գերի են դարձել մեկ մարդու պարզ ցանկությանը: Իսկ այդ մարդու ցանկությունն աթոռին սոսնձված մնալն է եւ իր ազգադավ քաղաքականությունը շարունակելը:
– Պարոն Մինասյան, մտավախություն չունե՞ք, որ այսպիսի տեմպերով հնարավոր է Ամանորն էլ դիմավորեք Հանրապետության հրապարակում` վրանների տակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով:
– Սա համառ, հետեւողական եւ նյարդային պայքար է: Մենք որեւէ ժամկետային սահմանափակում չենք դնում: Չենք ասում` վաղը լուծում ենք այս հարցը եւ վերջ: Պետք է հասնենք այն վիճակին, որ իշխանությունը հեռացվի եւ նոր իշխանություն ձեւավորվի, ու այն լինի լեգիտիմության բարձր մակարդակի վրա, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա ապագա իշխանության` թե՛ միջազգային, թե՛ ներպետական հարաբերություններում գործողությունների արդյունավետության եւ վստահության առումով: Սա է նաեւ պատճառներից մեկը, որ չենք ուզում տուրք տալ հասարակության առանձին ներկայացուցիչների կողմից ծայրահեղ գործողությունների կոչերին, այլ փորձում ենք մեր ուժերի ներածի չափով զսպել: Բայց ոչինչ բացառել չես կարող, որովհետեւ, ի վերջո, մարդկանց նյարդերը տեղի են տալիս: Օրինակ` զոհված սեփական որդու դիակը չտեսած մարդը, անհետ կորածի ծնողը, հարազատը, բարեկամը, Հայրենիքը սեփական ծնողի նման ընդունած անձը նյարդային վիճակում է: Սա պետք է իրենք գիտակցեն, որ չեն կարող անվերջ 15-20 մեքենաներով շրջապատված այստեղ կամ այնտեղ գնալ, անհնար է: Ինչքան ուշացնում է Նիկոլ Փաշինյանն իր որոշումը, այնքան ավելի խորացնում է ներքաղաքական, ներհասարակական եւ բոլոր ուղղություններով ճգնաժամերը: Եվ, ցավոք, այնքան թուլացնում է մեր երկրի անվտանգությունը, նույնիսկ մարդկանց բարոյականությունն է սկսում արդեն ոտնատակ տալ, երբ տարբեր խմբերի գործուղում է Հայրենիքի փրկության շարժման գործողություններն իբր քննադատելու կամ տարբեր տիպի խարդավանքներ հրահրելու միջոցով քաղաքացիական բախումներ առաջացնելու նպատակով: Սա անթույլատրելի է, ուղղակի, հանցագործությունները շարունակելու փորձ է իր կողմից: Խորհուրդ կտամ եւ շատ կուզենամ, որ ի վերջո, այս խորհուրդն ընկալի որպես ՀՀ քաղաքացու հորդոր` Նիկո՛լ, վայրկյան առաջ հեռացի՛ր, որպեսզի պետությունն ու ազգը կարողանան իրենց մեջքը ուղղել եւ շտկել այն ավերածությունը, որ դու ու քո խմբակը թույլ եք տվել: Կանգնե՛ք արդար դատարանի առաջ, եւ այդ ժամանակ ձեր մեղավորությունն ու անմեղությունը կապացուցվի: Եթե ձեզ համարում եք անմեղ, խնդրեմ` արդար դատարանի մոտ ներկայացրեք ձեր անմեղությունը, այլ ոչ թե կաբինետներում, չպատասխանելով հնչող մեղադրանքներին, փորձեք օժանդակություն ստանալ Հեյդար Ալիեւից եւ ադրբեջանական գործալներից: Այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ էության, որպես պետություն, կանգնած է Հեյդար Ալիեւը: Նա է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին: Սա պետք է հուշի մեր բազմաթիվ քաղաքացիներին, որ գործ ունենք իսկապես դավաճանական եւ շատ լուրջ հանցագործության հետ: Հանցագործին այսպես թողնելը նշանակում է պարզապես երկիր եւ պետականություն կորցնել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ