Ոստիկաններ տեղափոխող շտապօգնության մեքենաները քաղաքապետարանի շտապօգնությանը չեն պատկանում
Թեմա
Մինչ երեւանյան փողոցներում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ, մի շարք քաղաքացիներ, այդ թվում` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը Երեւանի Հերացի փողոցով Մյասնիկյան պողոտա բարձրացող հատվածում նկատել էին, որ շտապօգնության երկու մեքենայով տեղափոխում են ոստիկաններ: Թե այդ ինչ նոր «առաքելություն» է ստանձնել շտապօգնության ծառայությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ: Տեղեկությունը նա միանգամից հերքեց` ասելով, որ չկա նման բան:
– Երեւանի քաղաքապետարանի շտապօգնության մեքենաները չեն եղել: Իսկ թե որ հիմնարկի ծառայության մեքենաներն են, չեմ կարող ասել, դուք ինքներդ պարզաբանեք:
– Իսկ Երեւանում կա՞ այլ շտապօգնության ծառայություն, որը չի պատկանում Երեւանի քաղաքապետարանին եւ կարող էր լինել:
– Այո, շատ տարբեր հիմնարկներ, հիվանդանոցներ ունեն նույն մակնիշի մեքենաներ: Ես կարող եմ պատասխան տալ կոնկրետ մեր ծառայության համար: Մենք նմանատիպ գործողություն չենք կատարում, առանց այն էլ գերծանրաբեռնված աշխատում ենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ