Վերջին դեպքերը եկան ապացուցելու պատմաբաններիս ճշմարտացիությունը. Կարեն Խաչատրյան
Մշակութային
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գնահատմամբ՝ հարյուր տարի առաջվա պատմության եւ մեր օրերի զուգահեռերը շատ են: Այս մասին նա ասաց Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին ընդառաջ «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ:
- Հասարակության մեջ երբեմն այնպիսի տեսակետ կա, թե պատմաբաններս շատ ենք սիրում ասել, որ պատմությունը կրկնվում է եւ դրանից դասեր պետք է քաղել ու, կարծես, մի փոքր անհավատ վերաբերմունք կար: Բայց վերջին դեպքերը եկան ապացուցելու մեր ճշմարտացիությունը: Օգոստոսի 10-ին լրացավ Սեւրի պայմանագրի 100-ամյակը եւ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը մեծ գիտաժողով էր հրավիրել: Ես պլենար զեկուցողներից մեկն էի, այնտեղ նշեցինք Խորհրդային Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում այդ ժամանակ եւ անտեսումը, որն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Հայաստանի Առաջին հանրապետությունը ստիպված էր անգամ հրաժարվել պատմական, բոլորիս իղձերն արտահայտող Սեւրի պայմանագրից եւ պարտություն կրել թուրք-հայկական պատերազմում: Ես այդ զեկույցի ժամանակ ասացի, որ, այս պատմական իրադարձությունից մի քանի շաբաթ անց քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա: Եվ մենք տեսանք, որ 100 տարի անց այն դարձավ, ցավոք, նորից իրականություն: Մենք այս պատերազմում, ինչպես եւ 100 տարի առաջ, կորցրեցինք պատմական տարածքներ: Բայց կա նաեւ մեկ շատ կարեւոր տարբերություն, որ այդ ճակատագրական, ողբերգական օրերին՝ 1920 թվականի աշնանը, Խորհրդայյին Ռուսաստանը հանդիսանում էր Խորհրդային Ադրբեջանի, բոլշեւիկները քեմալական Թուրքիայի գործընկերը, կարելի է ասել, դաշնակիցն ու համախոհը: Իսկ մենք Խորհրդային Ռուսաստանի հակառակորդների շարքերում էինք: Իսկ այսօր՝ 100 տարի անց, մենք Ռուսաստանի Դաշնության փաստացի ռազմավարական դաշնակիցն ենք: Այս ակնառու տարբերությունն էր, որ, ի վերջո, հնարավորություն ընձեռեց չկորցնել ամենը, եւ մեր հասարակությունը սա պետք է գիտակցի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ