«ԹՇՆԱՄԻՆ ԿԱՐԾՈՒՄ ԷՐ, ԹԵ ԻՆՔԸ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»
Հասարակություն
ՀՀ-ում ծավալվող իրադարձություների մասին զրուցեցինք արձակագիր, լրագրող ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻ հետ:
- Տիկին Փալանդուզյան, որպես մտավորական ի՞նչ եք կարծում, պատերազմն ինչո՞ւ հենց հիմա սկսվեց:
– Պարտադիր չէ մտավորական լինել իմանալու համար, որ այս պատերազմին թշնամին վաղուց էր նախապատրաստվում: Ով դիտելու եւ լսելու հատկություն ունի` թեկուզեւ առողջ բնազդով զգում էր, որ արհավիրքը մոտ է: Բայց իհարկե` այս պահն ընտրվել է ոչ պատահաբար: Թուրքիան Ադրբեջանին հուժկու հարվածի դրդելուց առաջ բուռն աշխատանք է տարել մեր երկրի ներսում` բուծելով տրոյական ձիերի մի ամբողջ երամակ: Նկատի ունեմ այն անպատիվ մարդկանց, ովքեր ցեղասպան թուրքի հետ էին որոշում, թե մենք մեր պատմությունն ինչպես պետք է վերաձեւենք ու ինչեր մատուցենք մեր դալար սերնդին: Այս մասին շատ է խոսվել, չեմ ցանկանում կրկնել, բայց թշնամին արդեն կարծում էր, թե ինքը սորոսականների միջոցով հասել է իր նպատակին, թե Հայաստանում այլեւս հայրենասեր մարդիկ չկան, պետական համակարգը երերում է, Արցախյան հերոսամարտի հերոսները չեզոքացված ու վարկաբեկված են, ու կարելի է Արցախը զավթելու մեկնարկը տալ: Մեր երկրի ղեկավարի մի քանի երկդիմի հայտարարությունները նրանք դարձրին պատրվակ ու բանակցային գործընթացը փոխարինեցին ռազմականով: Կրկին ու կրկին սխալվեցին` հայ ազգն ինչպես եղել է հայրենապաշտ ու հերոսական, այդպիսին էլ մնացել է ու ինքն է դարբնում իր բախտը: Որերորդ անգամ ոսոխի սմբակները մեր ժայռերին դեմ առան, իրենց խաբել էին, թե կարողացել են մեզ պառակտել, այլոց ստեղծած զենքերի լեռներով մեզ ընկճել, այնինչ հանդիպեցին շատ ավելի կուռ հայության հուժկու հակահարվածին: Պատերազմի առաջնագծում ամեն րոպե գրանցվող աներեւակայելի սխրագործությունները փաստագրում են հայի անպարտելի ոգին ու հնարամտությունը: Վերջնական հաղթանակը մոտ է, պարտավոր ենք այն դիվանագիտորեն ամրապնդել, որպեսզի Արցախն ստանա անբեկանելի կարգավիճակ: Այս անգամ որեւէ զիջման մասին չպետք է խոսք լինի, մեզ հակադրվելու որեւէ կռվան գոյություն չունի` թշնամին հայության դեմ հանել է վարձկան ահաբեկիչներ, արգելված զենքեր, մինչեւ անգամ քիմիական զենք: Ոչ այնքան մենք, որքան Ադրբեջանն է ապացուցում, որ Արցախը հեռավոր երազում անգամ չի կարող լինել վայրի ահաբեկչի կազմում: Առանց չափազանցության` հայկական այդ վաղնջական հայրենիքում մենամարտի են բռնվել մարդը` ի դեմս հայի ու չմարդը` ի դեմս մարդկության միացյալ տականքի:
– Թեեւ երկրում ռազմական դրություն է, այնուամենայնիվ որոշ գործիչներ դեռեւս շարունակում են հակառուսական տրամադրություններ ստեղծել: Ձեր կարծիքով, այս դեպքում ի՞նչ պետք է անել:
– Ես նմաններին գործիչ չէի համարի, դրանք այն թուլակամ մարդիկ են, որոնք սնվել են հայտնի միջոցներից ու ամեն առիթ օգտագործում են տերերին իրենց հավատարմությունը հավաստելու համար: Ըստ որում այնքան չարչրկված, ողորմելի են նրանց ասածները, որ իրեն հարգող որեւէ մեկը չպետք է դրանց ուշադրություն դարձնի: Խորքայի՛ն ծրագիր կա. այդ տարրի խնդիրը հասարակական տրամադրություններ ստեղծելը չէ, քանի որ գոնե այս փուլում դա գործող տարբերակ չէ, այլ կարծես ուզում են իշխանությունների հակառուսական հետագա որոշումների համար միջազգային նախադրյալներ ստեղծել: Որեւէ գաղտնիք չկա, որ Արցախի խնդիրը գլոբալիստները երկրորդ անգամ են հակառուսական ճակատ նետել: Առաջինը 88-ին էր, որին մենք տվեցինք ազգափրկիչ բնույթ եւ հաղթեցինք: Բայցեւայնպես Արցախից սկիզբ առան Խորհրդային կայսրության փլուզումն ու Վարշավյան դաշինքի վերացումը: Հիմա խնդիրն ավելի է սրվել` Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել տարածաշրջանից եւ թուլացնել Իրանի դիրքերը: Դրա հաջողության դեպքում համաթրքացման վտանգը պարուրելու է ոչ միայն ասիական տարածքները` մինչեւ Չինաստան, այլեւ Եվրոպան ու Ամերիկան: Թուրքի ախորժակն արյունից է գրգռվում, Էրդողանի լպիրշ հայտարարությունները դրա ապացույցն են: Այս իրավիճակում Հայաստանի ու հայության գոյատեւումը, ներառյալ Արցախը, այլեւս հարցականների առարկա չի լինի, այլ եղերական վախճանի: Ուրեմն մեզ ձեռնտու է հզոր Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում եւ Իրանի հետ բնականոն հարաբերությունների խորացումը: Հայ-ռուսական բարեկամությունն այլընտրանք չունի, դա ոչ միայն աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված, այլեւ մեր ժողովուրդների պատմական ու մշակութային հարազատությամբ: Ակներեւ է, որ գլոբալիզացիայի ամենասուր ծայրերն ուղղված են ռուս եւ հայ ազգերի, ասինքն զտարյուն արիացիների դեմ, իսկ մենք պարզապես պարտավոր ենք այդ բացառիկ թանկ արժեքն աչքի լույսի պես պահպանել: Ինչ պետք է անել հակառուսական հերյուրանքներին վերջ տալու համա՞ր` ես քաղաքագետ չեմ, պատասխան չունեմ, բայց հուսով եմ, որ իշխանությունները կկայացնեն հայօգուտ որոշումներ: Իսկ պատերազմի ավատից հետո Հայաստան ներթափանցած օտարերկրյա բոլոր կազմակերպություններն ու քարոզամիջոցները հարկավոր է կտրուկ ու անդարձ արգելել:
– Որոշ հայ մտավորականներ իշխանություններին կոչ են արել հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից եւ ամբողջությամբ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը: Դուք համամի՞տ եք նրանց հետ, եւ կարծում եք նրանց ձայնը լսելի՞ կլինի:
– Ուշադիր ընթերցել եմ այդ կոչը, ողջունում եմ հնչեցված ազնիվ նպատակը` հաղթանակի հավատը: Ուրախությամբ արձանագրեմ, որ կոչը գրված է հայրենասիրության ու բարեկրթության բացառիկ շաղախով եւ արտահայտում է հայության մի մեծ հատվածի տրամադրությունները: Թե ինչպիսին կլինի արձագանքը` դժվարանում եմ գուշակել: Երբ Վազգեն Մանուկյանը երկրի ղեկավարին գրեթե համանման առաջարկ արեց` մերձիշխանական կեղծավորները դա փորձեցին որակել իբրեւ հեղաշրջում: Գիտե՞ք, դա շատ պարզունակ մեղադրանք է, քանի որ չեմ կարծում, թե վարչապետը նրանց հետ համամիտ է: Այն փաստը, որ 30 ամիս առաջ իշխանության եկած շրջանակը պետական կառավարման փորձ չուներ, պատգամավորներից ու պաշտոնյաներից շատերը երկրի բանակում չէին ծառայել եւ տոգորված չէին անկեղծ ազգասիրությամբ, ավելի շուտ հակառակը, արդեն որեւէ մեկի համար վիճարկելի չէ: Նրանց այդ հատկանիշները փորձության չէին դիմանում խաղաղության շրջանում, իսկ պատերազմի առաջին օրերին սկսել էին դառնալ ռազմական ու դիվանագիտական ձախողումների պատճառ: Նման իրավիճակում աթոռից կառչելը պատվաբեր գործ չէ: Ոչ մի անձնավորություն ու ոչ մի աթոռ չի կարող հայրենիքից վեր դասվել: Կարծում եմ` ներհայկական հաշտության հարթակ կստեղծվի, եւ խելացի ու փորձառու գործիչները ղեկավարության հետ կգտնեն այս ճակատագրական վիճակից դուրս գալու լավագույն ու անվտանգ միջոցը: Առանց միմյանց ձեռք մեկնելու, առանց փորձառության պաշարները միատեղելու` անհնար է թշնամուն ջախջախել: Մեկընդմիշտ հիշենք` իր ծավալապաշտական նկրտումների արյունոտ ճանապարհին թուրքը մենակ չէ, թիկունքին ունի առերես ու ծածուկ բազում դավադիր խրախուսողներ: Հույս ունեմ, որ ներկա զարգացումների հենքին աշխարհի ազնվագույն ուժերն այնուամենայնիվ կկանգնեն կողք կողքի, չեմ բացառում նաեւ Արցախի միջազգային ճանաչումը եւ այդ նոր ինքնիշխան միավորի ընդգրկումը ՄԱԿ-ի կազմում: Հասկացողը հասկանում է, որ մեր մոլորակով հանդերձ այս անծայրածիր տիեզերքում միայնակ թափառական ենք, եւ փրկություն, թե կործանում` միաժամանակ է լինելու: Փոքրիկ Արցախում այս մեծ ճշմարտությունն է խաղարկվում:
Զրուցեց ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ