Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն ավարտված չէ.եւ եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները, ապա մեզ հետ է ԱՍՏՎԱԾ. NEWSMEDIA.am
Հասարակություն
Հայ և ասորի ազգերը եղել են միասին պատմական երթում, և մեզ համար բոլոր ծանր ժամանակներում: Հայն ու ասորին ուս ուսի ազգային–ազատագրական մարտեր են մղել Օսմանյան կայսրության դեմ, միասին ապրել են ցեղասպանության ցավը…Նրանք մեր կողքին են եղել նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Իսկ 2016-ի Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին, հայ զինվորների հետ մարտնչում էին նաև ասորիները:
Սեպտեմբերի 27-ից Հայաստանն ու Արցախը դարձյալ դիմադրում են լայնածավալ պատերազմի: Թուրքիան բացահայտ աջակցելով Ադրբեջանին՝ հովանավորել և տարածաշրջան է բերել վարձկան ահաբեկիչների, որոնք համալրել են ադրբեջանական զինուժը: Այսօր Հայոց բանակը, Արցախի Պաշտպանության բանակը, պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ՝ հանուն միջազգային անվտանգության: Եվ սա միայն մեր պայքարը չէ:
Պատերազմի առաջին իսկ վայրկյաններից` Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը զինվորագրվեցին ու ռազմի դաշտ մեկնեցին նաև Հայաստանի ազգային համայնքների ներկայացուցիչները: Ասորի զինվորներից ու կամավորներից 4-ն այս ծանր մարտերի ընթացքում գնացին միանալու անմահացած հերոսներին: Իսկ մյուսները շարունակում են պայքարը՝ հանուն մեր Հայրենիքի:
-Սա մեր բոլորի հայրենական պատերազմն է,-ասում են նրանք: Այս խոսքերն արդեն դարձել են գաղափար, որի շուրջ համախմբվել են բոլորը:
Եվ դրան արձագանքում են նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող ասորիները, ովքեր ամենուր մասնակցում են աշխարհասփյուռ հայության կազմակերպած հզոր ցույցերին՝ բարձրացնելով Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը: Նրանք խոր ընդվզումով արձագանքեցին նաև հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությանը: Լիենելով քրիստոնյա ազգ՝ նրանք դա ընկալեցին որպես սեփական ցավ, նաև իրենց հոգևոր սրբությունների դեմ ուղղված ոտնձգություն: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած այս պատերազմին ու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությանն առաջիններից մեկը արձագանքեցին ԱՄՆ-ում Արեւելքի Ասորական Եկեղեցու երեք եպիսկոպոսները՝ իրենց զորակցական նամակով:
Ասորական համայքն այս ընթացքում մեծ նվիրումով գործում է նաև թիկունքում՝ աջակցելով զինվորներին;
…Վերին Դվինի բնակչության 80 %-ն ասորիներ են: Վերջին օրերին երեխաները որոշել էին միրգ վաճառելով օգտակար լինել հայկական բանակին: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը, փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ասորի երեխաների անունից: Նրանք վաղ առավոտից աշխատում են տքնաջան:
Յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս շատ միրգ վաճառել: Որոշել են հերթափոխով աշխատել, որպեսզի չհոգնեն և երկար մնան:Այսպես են պայքարում փոքրիկ զինվորները: Սա է մեր բոլորի միասնական ուժը:
Ասորական համայնքի հոգևոր հովիվ, Տեր Նիկադիմ Յուխանաևը մեր գնդերեցներին հավասար կանգնած է զորականի կողքին:
-Ես իմ զինվորական ծառայությունն անցել եմ Արցախում: Եվ պատրաստ եմ նաև զենք վերցնել և լինել իմ հոգևոր հայ եղբայրների ու մեր զինվորների կողքին,-ասում է նա:
NEWSMEDIA.am-ը ներկայացնում է Տեր Նիկադիմ Յուխանաևի հետ տեղի ունեցած զրույցի մանրամասները:
-Տեր Հայր, պատմությունից հայտնի են դրվագներ, որ ասորի հոգևորականները Հայոց ցեղասպանության տարիներին, իրենց եկեղեցիներում պատսպարել են բազմաթիվ հայերի՝ իբրև սկզբունք որդեգրելով հետևյալ գաղափարը. մենք աղոթում ենք միևնույն Աստծուն, ուրեմն. կամ փրկվում ենք բոլորս, կամ՝ զոհվում ենք միասին: Այսօր պատերազմ է Հայոց աշխարհում: Եվ մինչ մեր գնդերեցներից շատերը ռազմաճակատում կանգնած են զինվորների կողքին, ասորական համայնքը՝ Ձեր գլխավորությամբ ահռելի աշխատանք է կատարում՝ աջակցելու մեր բանակին: Ասորաբնակ գյուղերի երեխաները նույնպես լծվել են այդ տքնաջան գործին՝ լինելու զինվորի կողքին…
-Ասորական համայնքը, Հայաստանի՝ մեր հայրենիքի կողքին է. թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, որպեսզի մենք էլ մեր հերթին, կարողանանք նպաստել հայոց բանակի հզորացմանը: Միասնությունն այսօրվա հրամայականն է:
Պատերազմի սկսվելուն պես, ասորիները ևս շտապեցին մեկնել մարտի դաշտ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները: Այսօր մենք ռազմաճակատում ունենք շուրջ 80 ասորի զինծառայող, որոնք կռվում են առաջին գծում: Ունենք 4 զոհ՝ Նարեկ Դավթյան, Թորգոմ Սայադյան, Ռուդիկ Սարխոշև, Վիտալի Յակուբով: Մինչ օրս էլ զինվորագրվում են ասորիները, և սպասում են ռազմաճակատ գնալու իրենց հերթին:
Եթե հաշվի առնենք հայերի և ասորիների ամուսնություններից ձևավորված ընտանիքներին, նրանց զավակներին ևս, ապա ռազմաճակատում գտնվող մեր զինվորականների թիվն ավելի մեծ է. անցնում է 100-ից:
Այս օրերի ընթացքում մենք կարողացել ենք հավաքել մեծաքանակ դեղորայք, հագուստներ, ծածկոցներ, որոնք 6 բեռնատար մեքենաներով հասցվել է զինվորներին, և Արցախում մնացած մեր քույրերին ու եղբայրներին: Հայաստանի կողքին են նաև արտերկրում ապրող ասորիները, ովքեր հանգանակում են գումար, կատարում փոխանցումներ: Մենք Հայաստանի ու Արցախի կողքին ենք: Եվ միասին շարունակելու ենք մեր պայքարը:
Ամբողջական զրույցը սկզբնաղբյուր NEWSMEDIA.am-ում