o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հին ու նոր խաչմերուկներ Եվրոպայի սրտում. Լյուբեկ

16.10.2019 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հին ու նոր խաչմերուկներ Եվրոպայի սրտում. Լյուբեկ

Այն 12-րդ դարում կառուցվել է սլավոնական Բուկու կոչվող ավերված իշխանության շուրջ: 13-րդ դարում արդեն սկսել են կառուցել քաղաքապետարանի շենքը, որը իր նպատակին է ծառայում մինչ այժմ. Գերմանիայի ամենահին գործող քաղաքապետարանը Լյուբեկի տեսարժան վայրերից մեկն է: Պատմական աղբյուրները վկայում են, որ կազմավորման օրվանից Լյուբեկի իշխանությունները կարողացել են քաղաքի աշխարհագրական դիրքը օգտագործել` այն դարձնելով ծովային առեւտրի քաղաք, որը շարունակվում է մինչ այժմ: 16-րդ դարում քաղաքում հիմնականում գործունեություն են ծավալել դարբինները, կոշկակարները, հացթուխներն ու դերձակները, ովքեր իրենց արտադրանքն իրացրել են ծովային վաճառականների միջոցով: Քաղաքում հոսող Տրավե գետն իր վտակներով  նավարկության համար հրաշալի հնարավորություն է ընձեռում Լյուբեկ այցելած զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ տեսնելու քիչ բան չունեն` սկսած գոթական ոճի հին շինություններից, վերջացրած մարցիպանի թանգարանով: Ի դեպ, վերջինիս մասին նշենք, որ Լյուբեկ քաղաքը 1996թ.-ին ԵՄ-ի կողմից հաստատվել է` որպես մարցիպանի հայրենիք: Լյուբեկում այս  հրուշակեղենի որակի պահանջները շատ ավելի խիստ են: Օրինակ` աշխարհում ընդունված է, որ այն կարող է պարունակել 30% շաքար, բայց գերմանական RAL որակի ապահովման եւ դասակարգման ինստիտուտի կողմից  Լյուբեկի հրուշակագործներից պահանջում են այն հասցնել 10%-ի: Բացի այս պահանջները, տեղի արտադրողները սեփական սկզբունքներն են որդեգրել` աշխարհում Լյուբեկի մարցիպանի անունը բարձր նշաձողին պահելու համար: Մարցիպանը պատրաստում են նուշից, բայց քանի որ այն թանկ հումք է, արտադրողները շաքար են ավելացնում: Սակայն Լյուբեկի բնակիչ հրուշակագործ Յոհան Գեորգ Նիդերեգերը որոշում է արտադրել 100%-անոց մարցիպան` միայն նշի մածուկով: Այսպես, 1806թ.-ին նրա կողմից հիմնադրվում է Նիդերգեր սրճարանը, որը դառնում է Լյուբեկի այցեքարտը: Այն գողտրիկ վայր է այցելուների համար: Ասում են, որ այստեղ հաճախ է հյուրընկալվել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ծնուդով Լյուբեկ քաղաքից Թոմաս Մանը: Սրճարանում կարելի է համտեսել աշխարհահռչակ մարցիպանն ու տեսնել, թե ինչպես են հմուտ հրուշակագործները պատրաստում հայտնի գործիչների արձանիկներ հենց  մարցիպանից: Սրճարանի երկրորդ հարկում գործում է մարցիպանի պատմության թանգարանը` մի պատմություն, որը սկիզբ է դրվել Լյուբեկում փոքրիկ ընտանեկան բիզնեսից: Լյուբեկի ուշագրավ վայրերից է քաղաքի կենտրոնական բարձրավանդակում գտնվող «Հին քաղաք» կոչվող հատվածը, որը գեղեցիկ պարիսպներով է շրջապատված, կան յոթ հնագույն եկեղեցիներ, գոթական ոճով շենքեր: «Հին քաղաքն» իր մշակութային հուշարձաններով ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կենտրոնական Եվրոպայի ամենահին հիվանդանոցային համալիրներից մեկը` «Սուրբ հոգու հիվանդանոցը»` կառուցված 13-րդ դարում, գտնվում է Լյուբեկ քաղաքում: Համալիրում գործում է 14-րդ դարի փոքրիկ եկեղեցին` նույն դարաշրջանին բնորոշ որմնանկարներով: Այս հիվանդանոցը գործել է մինչեւ 1970 թվականը: Լյուբեկը բազմազգ քաղաք է: Այն հիմնադրվել է սլավոնական քաղաքի Լյուբեշ բնակավայրի մոտ` հետագայում դրա անունով էլ վերափոխվելով: Լինելով ակտիվ առեւտրային բնակավայր` գրավել է տարբեր երկրների եւ ազգերի առեւտրականներին: Լյուբեկ քաղաքի բնակիչների շրջանում մեծ թիվ են կազմում նաեւ հայերը: Չնայած դրան` քաղաքում չկա հայկական եկեղեցի, նրանք իրենց հոգեւոր պահանջմունքները բավարարում են` այցելելով կաթոլիկ եկեղեցիներ: Լյուբեկում որպես այդպիսին չկա  ձեւավորված միասնական հայկական համայնք: Հայերն այստեղ զբաղվում են առեւտրով, ներգրավված են տարբեր բիզնեսներում: Լյուբեկի բնակիչ հայերը աչքի չեն ընկնում նաեւ իրենց քաղաքական ներգրավվածությամբ: 2018 թ.-ի մայիսի 1-ից Լյուբեկի կառավարումը Բերնդ Զակսեի փոխարեն ստանձնում է Յան Լինդենաուն: Լյուբեկի նորանշանակ 40-ամյա քաղաքապետը, մինչ մեծ քաղաքականություն մտնելը, հիմնականում զբաղվել է ֆինանսական գործունեությամբ. եղել է Մասնագիտական եւ որակավորման գործակալություն ՍՊԸ-ի վերահսկիչ խորհրդի անդամ, Լյուբեկի շինարարական ընկերության վերստուգիչ խորհրդի անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահ (2010 թվականից), Լյուբեկի ճանապարհորդական մարկետինգ ՍՊԸ-ի վերահսկիչ խորհրդի անդամ, Լյուբեկի քաղաքացիության Ֆինանսների, կադրերի եւ աուդիտի հանձնաժողովի նախագահ: Սակայն քաղաքականությունը ավելի գրավիչ է եղել նրա համար: Նախընտրական շրջանում նա իր պաշտոնական կայքում գրել էր. «Ես քաղաքականության մեջ ներգրավված եմ եղել 15 տարեկանից: Սկզբում, որպես անկուսակցական խոսնակ, այնուհետեւ ստեղծեցի Անկախ Լյուբեկի երիտասարդական խորհուրդը: 2000թ.-ին միացա SPD-ին` Լյուբեկի տեղական քաղաքականությունը ակտիվ ձեւավորելու համար»:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

Նախկին քաղաքապետ Զակսեն իր 18 տարվա կառավարումից հետո Լինդենաուին է ժառանգել առեւտրային հզոր քաղաք: Հրաժեշտի ելույթում Զակսեն ներկայացրել է քաղաքի զարգացումը իր կառավարման շրջանում. 219000 բնակչից գործազուրկ են միայն 10.000-ը: Քաղաքում կա 2275 մանկապարտեզ, Լյուբեկը տարվա ընթացքում ընդունում է գրեթե 2 միլիոն զբոսաշրջիկի, բյուջեն 2000-2017թթ. ունեցել է 91 միլիոն եվրոյի աճ: Այսպիսով` ժամանակակից աշխարհում իր հին զգեստով նորովի է ներկայանում Լյուբեկը` գրավելով այցելուին, ով տեսնում է եվրոպական քաղաքակրթության ժամանակացույցը` 12-րդ  դարից մինչեւ 21-րդ դար: Զերծ լինելով երկնաքերերից, գերժամանակակից ոճի կառույցներից, պահպանելով իր դիմագիծը` Լյուբեկը զարգանում է եւ մնում աշխարհի տեսադաշտում:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՌԱՖԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Համահայկական տեղեկատվական կենտրոն

Երեւան-Լյուբեկ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА