o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ

18.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Համահայկական 7-րդ խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակության այցը Թուրքիա, ինչ խոսք, ուշագրավ փաստ էր: Այդ այցը զուտ մարզական տեսանկյունի՞ց էր, թե պարունակում էր դեռ քիչ տեսանելի ինչ-որ քաղաքական նյուանսներ, դեռ հասկանալ է պետք:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԴԱՐՁ

Բայց ամեն դեպքում, բուն նման այցը, եթե նրա հիմքը պարզվի, որ զուտ մարզականն է, արդեն իսկ չէր կարող քաղաքականության հետ առնչություններից բացարձակապես զերծ լինել: Հենց միայն Թուրքիա հասնելու փաստը, որը տեղի է ունեցել Երեւան-Վան ուղիղ չվերթով, ադրբեջանական մամուլը գնահատում է այսպես. «Նախկինում երբեք տեղի չի ունեցել»: Եվ չեն սխալվում, քանի որ նույնը նշեցին նաեւ հայկական պատվիրակության ներկայացուցիչները. «Մենք առաջին ուղեւորներն ենք, որ ինքնաթիռով եկանք...»: Ու եթե սա աննախադեպ էր, ապա մինչ առաջին անգամ նման քայլի գնալը, բազում հարցեր պետք է կարգավորվեին, կապված սահմանահատման, օդանավակայանում ինքնաթիռի ընդունելուց եւ այլն: Ընդ որում, պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեին ԱԳ նախարարությունների մակարդակով, Պաշտպանության նախարարությունների, ապա նաեւ, ընդգծենք, եւ մեր կողմից հայ-թուրքական սահմանը պաշտպանող ռուսական ուժերի առնվազն տեղեկացմամբ: Նաեւ չմոռանանք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳն-ներն ուղիղ կապ, գոնե պաշտոնապես, չունեն, այսինքն, այս հարցում պայմանավորվածության գալու քաղաքական ցանկությունից բացի կար նաեւ միջնորդի խնդիր: Վերջապես, Թուրքիան հազիվ թե չգիտակցեր, որ նման քայլը, լինի այն զուտ մարզական, թե այլ նպատակով, կարող էր մեղադրանքների տարափ առաջացնել Բաքվում եւ հանուն հայաստանյան ընդամենը մարզական նշանակության ինչ-որ այցի միանշանակ նման քայլի չէր գնա: Նկատենք, որ իրավիճակը ավելի հասկանալի է դառնում` հետեւելով ադրբեջանական մամուլի արձագանքին: «Տարօրինակ է», սակայն կատաղի քննադատության փոխարեն այստեղ հիմնականում, այսպես ասենք, թույլ կշտամբանք է, նաեւ այն տպավորությունը, որ տեղի ունեցածն ամենեւին էլ իրենց չի զարմացրել: Օրինակ, մի շարք լրատվամիջոցներ բավականին հանգիստ տոնայնությամբ մոտավորապես այս կարծիքն են ներկայացնում. «Բավական անսպասելիորեն Թուրքիան եւ Հայաստանը սկսեցին ինչ-որ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ: Սկզբում թուրքական իշխանությունները թույլ տվեցին հայկական «Luys TV» հեռուստաալիքին հեռարձակել ամբողջ երկրում, իսկ շուտով Թուրքիա այցելեց Համահայկական 7-րդ խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը...»: Եվ անգամ այն, որ արձանագրվել է Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթը, որ խոսվեց այն կանոնավոր դարձնելու ու այլ բնակավայրեր եւս ընդգրկելու մասին, այսինքն, որ այդ ամենի իրականացումը կնշանակի առնվազն հայ-թուրքական օդային սահմանի կանոնավոր գործարկում, ազերիներին հունից չի հանում, կարծես թե դա համարում են մի բան, որին սպասում էին, պետք է լիներ  ¥իհարկե, կա նաեւ Երեւան-Ստամբուլ չվերթը, սակայն դա Թուրքիանն ներկայացնում է` որպես բարի կամքի դրսեւորում):

Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ` ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾՈՂ ԼԱՄՈՒԿՆԵՐ

 

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Իսկ սպասելիքներ Բաքվում կարծես թե իրոք ունեն: Այսպես, վերջին օրերին ադրբեջանական տարբեր աղբյուրներ շարունակում են Հայաստանին մեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների մեջ: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մինչեւ իսկ սկսեց խոսել այն մասին, թե Հայաստանը երկու հրթիռ արձակելով, փորձել է խոցել ադրբեջանական ռազմական ինքնաթիռը, որը հունիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում Ֆիզուլիի ուղղությամբ: Եվ այս դեպքում էլ, հերթական հիստերիայի փոխարեն, Ադրբեջանի ԱԳՆ-ն հույժ լավատեսական տրամադրություններով է ներկայացնում հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Այսպես, ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան այս կերպ է ներկայացնում հանդիպման օրակարգը. «Հուսով ենք, որ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում, որը մոսկովյան հանդիպման շարունակությունն է, կողմերը կհասնեն ավելի կոնկրետ արդյունքների: Կարծում ենք նաեւ, որ պետք է վերջ դրվի հայկական ղեկավարության դիրքորոշման անորոշությանը: Միայն որոշակի դիրքորոշումը, վճռականությունն ու քաղաքական կամքը կարող են հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

ԲԱՔՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Այստեղ թերեւս հիշեցնենք, որ հիշատակված մոսկովյան հանդիպումից անմիջապես հետո Մամեդյարովը հայտարարեց, որ օրակագում է դեռ 2016թ.-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեր Լավրովի առաջարկած հանգուցալուծման նախագիծը, եւ Լավրովն էլ իր հերթին, ըստ էության, հաստատեց Մամեդյարովի ասածը: Խոսելով այն մասին, որ վաշինգտոնյան հանդիպումը մոսկովյանի շարունակությունն է, Ադրբեջանի ԱԳՆ-ն փաստորեն այն միտքն է առաջ տանում, որ սահմանային վերջին սրացումները ու, մասնավորապես, անգամ ադրբեջանական ինքնաթիռի վրա արձակված հրթիռների հետ կապված իրենց մեղադրանքներն օրակարգի վրա չեն ազդելու: Ընդ որում, Աբդուլաեւան էլ ավելի է բացում օրակարգի փակագծերը՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ «Լավրովի պլան» ասվածը ոչ այլ ինչ է, քան վերջերս ՄԽ-ի ներկայացրած ծրագիրը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի մարտի 9-ի հայտարարության մեջ հստակություն է մտցվում քննարկումների հիմնական սկզբունքների եւ տարրերի մեջ...»:

«ԴԱՎԱԴԻՐ ՍԱԴՐԻՉԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ

Եվ ահա այս ֆոնին, հասկանալի է նաեւ, թե ինչ է ակնարկում Աբդուլաեւան` խոսելով «հայկական ղեկավարության դիրքորոշման անորոշության» մասին: Մեր բանակցողներն իրոք այդպես էլ դեռ վերջնական եւ աներկիմաստ կերպով չեն հայտարարել՝ ընդունո՞ւմ են ՄԽ-ի այդ առաջարկը, թե՝ ոչ: Ընդ որում, երկիմաստության տարրեր կարելի է տեսնել նաեւ վաշինգտոնյան հանդիպման հետ կապված ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության մեջ: «Հունվարին Փարիզում եւ ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջեւ հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին»,- նախ նշում է ՀՀ ԱԳՆ-ն, որը տպավորություն է առաջացնում, որ երրորդ համանախագահ երկրի մայրաքաղաքի այս հանդիպումը նախորդ երկուսի օրգանական շարունակությունն է, այսինքն, որ օրակարգն էլ լինելու է նախորդ երկուսի զարգացումը: Սա թեեւ ՄԽ-ի այդ առաջարկը քննարկելու տեսք ունի, սակայն հետեւում է ՀՀ ԱԳՆ-ի մեկ այլ ակնարկը: Այն է, ՀՀ ԱԳՆ-ն, ի տարբերություն Բաքվի, օրակարգ է բերում սահմանային սրացումների հարցը, հասնում է այս տեսակետին. «Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը եւ, ըստ այդմ՝ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին: Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ»: Այսինքն` մեր ԱԳՆ-ն, առնվազն հրապարակային մակարդակով, առաջիկա հանդիպման օրակարգ է տեսնում սահմանային լարվածությունը եւ ոչ թե այն համարում է «մոսկովյան հանդիպման շարունակությունը»: Ընդ որում, սա սպասելի էր. վերջին ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ն նաեւ խոսեց սահմանային միջադեպերի հետաքննության` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալու անհրաժեշտության մասին, եւ այս հերթական հայտարարությունն էլ ակնարկ է, որ հենց այդ թեման կփորձեն Վաշինգտոնում մղել օրակարգի առաջին պլան:

ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՎՐԱ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿՐԱԿԵԼԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ ԷՐ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԽԱՌՆԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այսպիսով, դատելով հրապարակային հայտարարություններից, իրավիճակը շարունակում է պտտվել նույն խնդրի շուրջ: Այն է, Ադրբեջանը շարունակում է առաջնային պլանում պահել ՄԽ-ի փաթեթի շուրջ բանակցություններն արագ տեմպերով առաջ տանելու գաղափարը՝ պահանջելով Հայաստանից գնալ վերջնական հստակեցման՝ կո՞ղմ է դրան, թե՝ ոչ: Իսկ ահա մեր բանագնացները շարունակում են պաուզա պահել ՄԽ-ի այդ առաջարկների հետ կապված. ո՛չ մերժում են եւ ո՛չ էլ՝ հաստատում, ինչը հուշում է, որ երկու քայլն էլ փակուղային են համարում, եւ դա իր տրամաբանությունն ունի: ՄԽ փաթեթը, որը Հայաստանի համար նկատելի խնդիրներ ունի, այդ թվում՝ նախատեսում է տարածքների հանձնում, ներհայաստանյան, այդ թվում՝ ներարցախյան հարթակում մի ստվար զանգվածի կողմից մերժվում են, եւ այս ուղղությամբ մեր պատվիրակների շարժը կարող է անկանխատեսելի հետեւանքներ առաջ բերել: Բայց մյուս կողմից, խոսքը, չմոռանանք, ՄԽ-ի առաջարկի մասին է, որի օգտին բացահայտ արտահայտվել են ՄԽ երեք համանախագահ երկրները: Միաժամանակ մերժել Ֆրանսիային, ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին, այն էլ, երբ նրանք այս հարցում Ադրբեջանի հետ ունեն կոնցենսուս, հաստատ, մեղմ ասած, գլուխ շոյելու քայլ չի լինի: Առավել եւս, որ եթե մինչ այս երեւի միայն Ֆրանսիայից ճնշումներ չկային, ապա վերջին ժամանակներս անգամ Մակրոնի եւ նրա կնոջ հետ Փաշինյանի սելֆիները չփրկեցին. ֆրանսիական մի շարք քաղաքներ դատարանների միջոցով սկսեցին չեղյալ համարել Արցախի բնակավայրերի հետ բարեկամության պայմանագրերը: Սակայն այս իրավիճակը, կրկնենք, հրապարակային հարթակում է: Մինչդեռ հարց է, թե բանակցային սեղանի շուրջ իրականում ինչ է տեղի ունենում: Մինչ այս եղած հանդիպումների ժամանակահատվածում էլ էր նույն հրապարակային ֆոնը, մինչդեռ այսօր քիչ չեն ազդակները, որ ինչպես Փարիզում, այնպես էլ Մոսկվայում ՄԽ օրակարգը ակտիվորեն քննարկվել է: Եվ վերադառնալով դեպի Վան թռած ինքնաթիռին եւ Ադրբեջանում դրա շուրջ անհամեմատ հանդարտ վերաբերմունքին, ենթադրելի է, որ գոնե նրանց մոտ կա սպասելիք, որ վաշինգտոնյան հանդիպումը եւս նույն դինամիկայի մեջ է լինելու: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ ՄԽ այդ նախագծի ընդունման հաջորդ քայլերը վերաբերվելու են կոմունիկացիաներին, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանին:

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА