ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՅՍՕՐ ՆԱՀԱՆՋ Է ԱՊՐՈՒՄ»

18.09.2018 22:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՅՍՕՐ ՆԱՀԱՆՋ Է ԱՊՐՈՒՄ»

Այն, որ չնայած ամենաճոխ խոստումներին, հայաստանյան տնտեսությունը կամաց-կամաց մտնում է դեպրեսիայի փուլ, արդեն շատերի համար է հասկանալի: Մի կողմից՝ գների թանկացում է, որին ոչ ոք առ այսօր այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտրվեց: Ընդ որում, գյուղմթերքների ոլորտից սկսված թանկացումները կամաց-կամաց տեղափոխվում են այլ ուղղություններ՝ սպառնալով ձմռան շեմին դառնալ համատարած: Եվ մյուս կողմից՝ տնտեսությունն է կամաց-կամաց մտնում տեղապտույտի փուլ: Դա բացատրելի է. եթե գործարարը տեսնում է, որ միայն փող ունենալը ոմանց գցում է քննչական մարմինների դռները, հազիվ համարձակվի սեփական փողերն ի ցույց դնել, ասենք, ներդրումների տեսքով: Բիզնեսը հանգստություն եւ կանխատեսելիություն է սիրում, եւ այդ երկուսն էլ այս պահին Հայաստանում չկա: Դրան էլ գումարած, այն կասկածամտությունը, որ առաջացել է` արտահանման շուկաների հետ կապված, եւ իրավիճակը պարզ է դառնում:

«ՆՈՐ ՏԱՐՎԱՆ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՆ»

 

«ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ»

Այնուամենայնիվ, ինչպե՞ս են մասնագետները գնահատում հայաստանյան տնտեսության ներկայիս վիճակը, փորձեցինք պարզել ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ.

- Նոր իշխանությունների պարագայում, որքան էլ մենք տնտեսական զարգացումների ընթացքը ուզենանք նկարագրել դրական կողմերով, ցավոք, իրականում չենք կարող: Այդ իսկ ապատճառով ես կցանկանայի, որ մենք ազնիվ լինենք: Հասկանում եմ, որ դժվարություններ պետք է լինեն, եւ այդ դժվարությունները առաջին հերթին ներդրումային քաղաքականության առումով պետք է լինեն: Ներկայիս իրավիճակի փոփոխությունը բազմաթիվ ռիսկեր ունի` քաղաքական, տնտեսական, սոցիալական: Այդ ռիսկերը, անկախ մեր ուզել-չուզելուց, մեծացել են, եւ այդ ռիսկերի պայմաններում, բնականաբար, ներդրումները նահանջ են ապրում: Եվ, ցավոք, այդ առումով մեր տնտեսությունը իսկապես այսօր նահանջ է ապրում:

- Պարոն Բոստանջյան, որքանո՞վ են արդարացված ներկայիս թանկացումները:

- Ցավոք, թանկացումները պարենային ապրանքների եւ գյուղատնտեսական մթերքների կտրվածքով են, որոնք ճոխության ապրանքներ չեն: Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը նշանակում է, որ ծավալները նվազել են, իսկ սպառումը մեծացել է, որի պարագայում բնականաբար գների թանկացում է գրանցվում: Պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, թե ինչն է բերում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը:

 

«ՀԵՐԻՔ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ԲԱԺԱՆԵՔ»

- Պարոն Բոստանջյան, որպես նախկին օրենսդիր, ի՞նչպես կբնութագրեք ներկայիս ներքաղաքական կյանքը:

- Մեկ նախադասությամբ այսպես կարող եմ ասել` հերիք է մեր երկիրը սեւրի ու սպիտակների բաժանեք: Մենք պետք է ազատվենք այն գեղջկական ոճից, թե սրանք իմ յուրայիններն են, նրանք՝ օտարները: Մենք պետք է կարողանանք քաղաքացուն, ով ունի պոտենցիալ եւ շնորհք, անկախ նրա կուսակցական պատկանելությունից՝ տեղավորել աշխատանքի եւ պահանջենք կոնկրետ աշխատանք: Հակառակ դեպքում` սեւերի ու սպիտակների այս բաժանումը մեզ հաջողության չի հասցնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА