ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎՍ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԹԱՆՁՐ

13.06.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎՍ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԹԱՆՁՐ

Համաշխարհային մասշտաբի իրադարձությունները, որոնք մեկը մյուսին  հերթ չտալով տեղի են ունենում վերջին շաբաթվա ընթացքում, շատ-շատերի համար ֆանտաստիկայի ժանրից են: Չնայած որ այդ ամենի նախանշանները վաղուց կային եւ հուշում էին, թե ինչ խորքային փոփոխությունների վիճակում է հայտնվել աշխարհը:

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը նախապատրաստում է ամերիկացի սենատորների այցը Ռուսաստան

 

ԻՐԱՐ ՀԱՋՈՐԴՈՂ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԸ

Դեռ մեկ-երկու ամիս առաջ ո՞վ կմտածեր, որ Թրամփն ու Կիմ Չին Ինը կարող են մեկ սեղանի շուրջ նստել եւ համատեղ փաստաթղթեր ստորագրել: Այն դեպքում, երբ քիչ էր մնում միջուկային պատերազմ սկսեին: Կամ որ Հս.Կորեայի առաջնորդի հետ փաստաթուղթ ստորագրող Թրամփն ԱՄՆ-ի տասնամյակների ռազմաքաղաքական դաշնակից Եվրոպայի հետ կհասնի տնտեսական պատերազմի...

Անցած շաբաթվա վերջերին տեղի ունեցած G7-ի գագաթաժողովը, ինչ խոսք, դեռ երկար ժամանակ է փորձագիտական ուշադրության կենտրոնում մնալու: Պատճառն էլ պարզ է. այդ գագաթաժողովը հուշեց, թե որքան խորը անդունդ է առաջացել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ: G7-ի այս գագաթաժողովն այդ անդունդը գոնե առերեւույթ ծածկելու փորձ էր, սակայն անգամ դա չստացվեց: Շրջանցելով դետալները` փորձենք տեսնել, թե ընդհանուր առմամբ ինչ տեղի ունեցավ գագաթաժողովում: Թրամփի որոշումը՝ բարձր դրույքաչափերով հարկել ԱՄՆ ներկրվող մետաղների որոշ տեսակներ, որը բացառություն չէր սահմանում անգամ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ստվերի համարում ունեցող Կանադայի համար, դարձավ այն վերջին ազդակը, որը ցույց տվեց, որ Վաշինգտոնի համար ներկայումս գոյություն ունի բացառապես սեփական շահ հասկացությունը, անկախ նրանից, գործ ունի աշխարհաքաղաքական դաշնակիցների, թե՝ հակառակորդների հետ: Եվրոպան, թեեւ համառորեն փորձեց Թրամփի այդ տրամադրվածությունը փոխել, մինչեւ իսկ՝ ՌԴ կատարած կանցլեր Մերկելի եւ նախագահ Մակրոնի վերջին հայտնի այցերի միջոցով բացահայտ ճնշման գնաց, որ կարող է ամերիկյան ուղղվածության վեկտորը փոխել ռուսականով: Սակայն դա ոչ միայն չպարտադրեց Թրամփին՝ գնալ մեղմացումների, այլ նույնիսկ հակառակը. Եվրոպայից ԱՄՆ արտահանվող մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում՝ ավտոմեքենաները եւս կարող են հարկվել գերբարձր դրույքաչափերով: G7-ը պայմանավորվելու վերջին հարթակն էր, սակայն հրաժարվելով ստորագրել այդ գագաթաժողովի եզրափակիչ արձանագրությունը, Թրամփն առավել քան պարզ ցույց տվեց, որ որեւէ զիջման չի գնալու: Ավելին, եթե ԵՄ-ն սպառնում է՝ գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման, ապա Թրամփն էլ, հայտարարելով, որ ճիշտ կլինի, որ Մոսկվան վերադառնա G7, իր հերթին ցույց տվեց, որ ինքը ԵՄ-ից էլ շուտ կարող է ՌԴ-ի հետ հարցերը կարգավորել, որը միանգամից ԵՄ-ին կթողնի երկրորդ պլանում: Ընդ որում, այս մեծ վեճի պահին, ինչպես Թրամփը, այնպես էլ՝ եվրոպական լիդերները մեկ կարեւորագույն ազդակի հետ բախվեցին: G7 գագաթաժողովին զուգահեռ, տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցն ու Շանհայյան համագործակցության կազմակերպության ¥ՇՀԿ¤ գագաթաժողովը: Այն գերբարձր մակարդակը, ավելին՝ ջերմ ընկերական ընդունելությունը, որը ցույց տվեց Սի Ցզինպինը Պուտինին, առաջին հերթին Թրամփի համար էր հերթական հիշեցումը, որ ռուս-չինական դաշինքը տրոհելու նրա համառ փորձերն այդպես էլ մնացել են անարդյունք: Այսինքն, այդ երկու գերուժերին տրոհելու եւ առանձն-առանձին հաղթելու տարբերակը գոնե այս պահին բացառվում է, իսկ երկուսին միաժամանակ հաղթելու հնարավորություն չկա: Իսկ ահա ՇՀԿ-ի այս գագաթաժողովին լիարժեք անդամի կարգավիճակով Հնդկաստանի եւ Պակիստանի մասնակցությունը այն ազդակն էր, որ ձեւավորվում է արեւմտյան աշխարհին բոլոր առումներով հակակշիռ հանդիսացող գլոբալ համակարգ, այն էլ՝ նույն արեւմտյան աշխարհի տրոհման ֆոնին: Իսկ դա, խոշոր հաշվով, հետեւյալ իմաստն ունի. եթե արեւմտյան աշխարհի բացարձակ համաշխարհային հեգեմոնիայի պարագայում հնարավոր էր մնացած բոլորի հաշվին նույն արեւմտյան աշխարհի համար ապահովել գերբարեկեցիկ կյանք ¥ոսկե միլիարդի գաղափարը¤, հիմա դա բացառվում է: Պատճառն էլ պարզ է. եթե առաջներում անհնազանդներին ճնշելու համար անմիջապես գործադրվում էր ուժային լծակը, ներկայումս պարզապես բավարար ուժային հնարավորություններ չկան: Ընդ որում, հենց այս վերջին հանգամանքն է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հակասությունը դարձնում է գործնականում անլուծելի: Այն, որ նկարագրված իրողություններն առաջին հերթին հարվածում են դոլարի համաշխարհային մոնոպոլիային, վաղուց էր ակնհայտ: Արդյունքում, երբ ահագնացող տեմպերով նվազում է ուզածի չափ ոչնչով չապահովված դոլար տպելու ու աշխարհը ողողելու ժամանակները, ԱՄՆ-ի համար առաջնային է դառնում ներկայիս տնտեսական փուչիկների փոխարեն՝ սեփական իրական տնտեսությունը վերականգնելու խնդիրը: Իսկ դրա հիմնական նախապայմաններից է Եվրոպայի եւ Չինաստանի հետ ահռելի բացասական առեւտրային բալանսի գոնե զրոյացումը: Այսինքն, Թրամփը հենց այնպես չէ, որ մեծացնում է ներկրվող ապրանքների դրույքաչափերը. դրա հաշվին նա ներամերիկյան տնտեսական խնդիրներն է լուծում՝ պետբյուջեի ահռելի բացասական բալանսը նվազեցնելու եւ պետական պարտքն անվերջ մեծացնելու արդեն մահացու վտանգավոր դարձած գործընթացը կանգնեցնելու համար: Եվ, բնականաբար, որեւէ զիջման Եվրոպայի նկատմամբ չի գնա. խաղաթղթին է դրված ԱՄՆ-ի ապագան:

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ից զինաթափում է պահանջում իրանական սցենարով. ռուս պատգամավոր

 

ՌԵԱ՞Լ Է ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այսպիսով, կարծես թե եկել է պահը, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան, բացի իրենց ներքին հարաբերություններից, արդեն ստիպված են կողմնորոշվել նաեւ ռուս-չինական տանդեմի հետ հարաբերությունների հարցում: Այն, որ մինչ այս առկա ճնշումային մեխանիզմներն այդպես էլ չեն գործելու, թերեւս բոլորի համար է վերջնականապես ակնհայտ: Մնում է միայն համաձայնությունների տարբերակը, քանի որ դրա այլընտրանքը Երրորդ աշխարհամարտն է: Կիմ Չին Ինի հետ երեկվա հանդիպումը, թերեւս, համաձայնությունների գնալու Թրամփի առաջին քայլն է: Ի վերջո, բոլորին էր հասկանալի. կոնկրետ օրինակում ԱՄՆ-ն հակամարտում էր ոչ թե Հս.Կորեայի, այլ՝ ռուս-չինական տանդեմի հետ: Եվ փաստը, որ Թրամփի եւ Կին Չին Ինի հանդիպումը հնարավոր դարձավ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ Հս.Կորեայի մանրակրկիտ քաղաքական խորհրդակցություններից հետո, եւ հանդիպման փաստը ողջունեց ինչպես Մոսկվան, այնպես էլ՝ Պեկինը, դժվար չէ կռահել, թե Թրամփի պայմանավորվածություններն իրականում ում հետ էին: Սակայն սրանք միայն դետալներն են, որոնք ամեն պահի կարող են փոխվել: Օրինակ՝ Իրանի հետ ստորագրած միջուկային պայմանագրից եւ մի շարք այլ հնչեղ միջազգային փաստաթղթից Թրամփը հրաժարվեց թվիթերյան մեկ սովորական գրառումով, ինչը նշանակում է, որ Հս.Կորեայի հետ փաստաթուղթը եւս շատ հանգիստ կարող է չեղարկվել: Այսպիսով, միակ գործոնը, որը կարող է ԱՄՆ-ի եւ ռուս-չինական տանդեմի հարաբերությունների հարցում վճռական դառնալ, դա, ըստ մի շարք հեղինակավոր մասնագետների, Պուտին-Թրամփ հանդիպումն ու հնարավոր պայմանավորվածություններն են: Ընդ որում, վերջին օրերին նման հանդիպման մասին խոսակցությունները կրկին ակտիվացել են, եւ անգամ խոսվում է հանդիպման հնարավոր վայրերի մասին: Սակայն, ըստ որոշակի փորձագիտական գնահատականների, նման հանդիպման մասին խոսելը հնարավոր է, դեռ վաղ է: Այն պատճառով, որ միառժամանակ ազատվելով հյուսիսկորեական ուղղությամբ լարվածությունից, Թրամփը, չի բացառվում, որ ողջ ջանքերը կգործադրի Իրանի ուղղությամբ: Եվ պատահական չէր, որ դեռ չէր էլ սկսվել Թրամփ-Կիմ Չին Ին հանդիպումը, որ հայտնի դարձավ, որ ամերիկյան ավիակրային խումբը վերստին տեղակայվում է սիրիական ափերի մոտ: Բայց մյուս կողմից, եթե Վաշինգտոնը հապաղի ռուս-չինական ուղղությամբ դիրքերի հստակեցումից, ապա ԱՄՆ-ի նկատմամբ աննախադեպ քայլի՝ տնտեսական պատժամիջոցների պատրաստվող Եվրոպան, ըստ ամենայնի, չի հապաղի առաջ ընկնել Մոսկվայի եւ Պեկինի հետ հարաբերությունների հարցում, որն ԱՄՆ-ին միջազգային մեկուսացման տանելու ամենակարճ ուղին է: Ընդ որում, ԱՄՆ-ի միջազգային մեկուսացում ասվածն ամենեւին էլ ֆանտաստիկա չէ. Վաշինգտոնը նման մեկուսացման մեջ հայտնվեց իր իսրայելյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու, Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու եւ մի շարք այլ հարցերում, այսինքն՝ գլոբալ մեկուսացման այդ նախադրյալները կան: Այսպիսով՝ մեկ բան արդեն վերջնական է՝ հին աշխարհակարգը գործնականում այս պահին էլ գոյություն չունի: Բայց ասել, թե ինչ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, դեռ վաղ է՝ զարգացման տարբեր հնարավոր ուղիներ կան: Եվ նկատենք, սրացման հիմնական օջախի է վերածվում Մերձավոր Արեւելքը, այսինքն՝ Հայաստանի շուրջ եւս անորոշությունները դառնում են ավելի թանձր:

Երբեք մի՛ ասա «երբեք». Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահ դառնալու հավանականությունը (տեսանյութ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА