ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՐՈՒՔԱՆԴ ԵՆ ԱՐԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԸ

23.05.2018 20:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՐՈՒՔԱՆԴ ԵՆ ԱՐԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԸ

Օրերս մի միանգամայն տգեղ փաստի մասին տեղեկատվություն հայտնվեց: Այսպես, Գյումրու թիվ 27 դպրոցում քարուքանդ են արել ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մելքոնյանի անվան դասարանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հերոսի մայրը` ՍՎԵՏԼԱՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ով հուզմունքը հազիվ զսպելով` պատմեց..

«Կաթողիկոսն ունի շատ մեծ թերություն...»

 

«ՆԱԽԿԻՆ ԶԻՆՂԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԹԱԼԱՆՎԵԼ Է ԱՄԲՈՂՋԸ»

- Ինչ չէինք տեսել, տեսանք, բալա ջան: Ինչպե՞ս կարելի է քառօրյա պատերազմի հերոսին նվիրված դասասենյակը ավիրել, քանդուքարափ անել: Բա էս խի՞ղճ է, իմ երեխեն ի՞նչ մեղավոր է, որ նախկին զինղեկ Ջամբազյանը ինչ-որ չպարզաբանված հարցեր ունի ներկայիս տնօրենի հետ: Զոհված տղայիս դարձրել է խաղաքարտ...

- Կմանրամասնե՞ք, ո՞րն է խնդիրը:

- Նախկին զինղեկը զոհված բալիս դարձրել է խաղաքարտ իր կեղտոտ գործերում: Տղայիս անունը օգտագործելով` ակցիաներ է կազմակերպում՝ տնօրենի հրաժարական պահանջելու համար: Գիտեք մենակ է՞դ է. էդ ազատամարտիկ կոչված զինղեկը տղայիս անունով մարզպետարանից քառասուն հազար դրամ է վերցրել՝ իբրեւ թե Վլադիմիրիս անվան դասարանը վերանորոգելու համար: Այնինչ՝ այդ գումարը գրպանվել է: Նույն պատրվակով տնօրենից էլ 70 հազար դրամ է վերցրել, բայց թե ինչ է արել էդ փողերը, հայտնի չէ:

- Հիմա Ձեր տղայի անվան դասարանը կա՞:

- Տեղը կա. պատմության դասարանն է: Բայց նախկին զինղեկի կողմից թալանվել է ամբողջը, էրեխուս նկարները, նրա մասին պատմող գրքերը: Ջամբազյանը թալանել է ամեն ինչ` ինչն այդ դասարանում հիշեցնում էր Վլադիմիրիս մասին: Ես չգիտեմ՝ ինչի համար է նա այդ քայլին գնացել: Դասարանը դատարկել է տղայիս մասին պատմող ցուցանակներից ու իր նկարներն է փակցրել, ինչից հետո հայտարարել, որ դասասենյակն այսուհետ իր անունով է: Տնօրենը այդ ժամանակ արձակուրդում է եղել: Երբ վերադարձել է, խնդրել է նոր զինղեկին՝ մեկ այլ սենյակում փակցնել որդուս նկարները: Ես ընդհանրապես տեղյակ չէի: Երբ գնացի դպրոց, Ջամբազյանը եկավ, գոռաց, ինձ քաշքշեց ու ասաց՝ ի՞նչ իրավունքով եք իմ նկարները պոկել ու ձեր որդու նկարները խփել: Դոշերիցս քաշեց, ուզում էր խփել:

- Բայց ի՞նչ գործ ուներ նախկին զինղեկը դպրոցում:

- Բա հենց էդ է: Մի հատ գնդապետ էր բերել, մի հատ էլ՝ լրագրող, թե իբր իր դժգոհությունն է հայտնում տնօրենի նկատմամբ: Ինձ էլ զանգեց, խաբեց` բա արի էսինչ ժամին դպրոցում Վլադիմիրի հետ կապված միջոցառում կա: Զարմացա, ճիշտն ասած, բայցեւայնպես՝ գնացի: Գնացի ու տեսեմ ի՞նչ. մտել է երեխուս անվան դասարան ու չգիտես ինչեր է պատմում, ցույց տալիս իր բերած լրագրողին: Ես միանգամից բորբոքվեցի, ինքն էլ, թե դու ո՞վ ես, որ ստեղ ձեն ունենաս: Էդպես սկսվեց քաշքշուկը: Ես չափազանց վիրավորված եմ, ո՞նց կարելի է տղայիս անվան դասարանը էդպես պղծել՝ շահադիտական նպատակներով...

Բողոքի ակցիա ապրիլյան քառօրյայի մասնակիցների կողմից

 

«ՊԱՐՈՆ ՋԱՄԲԱԶՅԱՆԸ ՎԵՐՑՐԵԼ Է ՀԵՐՈՍ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՉԳԻՏԵՍ ՈՒՐ ՏԱՐԵԼ»

Թե ինչ կոնֆլիկտ ունեն տնօրենն ու նախկին զինղեկը, եւ ինչպե՞ս է ստացվել, որ դպրոցում փորձել են ծեծել հերոսի մորը, հետաքրքրվեցինք դպրոցի տնօրեն ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

- Շատ եմ ցավում, որ նման բան է կատարվել, որ վշտացրել ենք զինվորի` առանց այն էլ վշտացած մորը: Բայց պետք է ասեմ, որ արդեն հասցրել ենք քիչ թե շատ վերականգնել Վլադիմիրի անվան դասասենյակը: Հիմա ողջ խնդիրը նրանում է, որ անհետացել են, այսինքն՝ պարոն Ջամբազյանը վերցրել է հերոս Վլադիմիրի նկարները եւ չգիտես ուր տարել, իսկ դասասենյակում եղած նկարների կրկնօրինակները չեն պահպանվել տիկին Սվետայի մոտ:

- Լավ, իսկ կասեք, ի՞նչն է Ձեր եւ Ձեր նախկին ուսուցչի միջեւ եղած կոնֆլիկտի պատճառը:

- Կոնֆլիկտ, որպես այդպիսին, չի եղել. նա ինքն է ազատման դիմում գրել եւ հեռացել: Բայց որոշ ժամանակ անց ներկայացավ, թե փոշմանել եմ, ուզում եմ էլի աշխատել: Մենք արդեն նոր ուսուցիչ ունեինք, եւ հին ուսուցչին տեղավորել այլեւս անհնար էր: Դրանից հետո պարոն Ջամբազյանը հա իմ մասին վատ բաներ էր խոսում, ակցիաներ կազմակերպում, պահանջում իմ հրաժարականը: Ուղղակի էս անգամ ցավ եմ ապրում, որ իր խաղերի մեջ խառնեց մեր դպրոցի զոհված հերոսին...

Իսկ նախկին զինղեկի հետ որքան էլ փորձեցինք կապ հաստատել, այդպես էլ չկարողացանք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА