ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաջիկայում այս տարածաշրջանում մեզ հանգիստ կյանք չի սպասվում»

13.03.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առաջիկայում այս տարածաշրջանում մեզ հանգիստ կյանք չի սպասվում»

Նախորդ շաբաթ տեղի ունեցան Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումներ Երեւանում եւ Գյումրիում, որին մասնակցեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանյան քաղաքագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ: ՌԴ-ից ժամանած պատվիրակության կազմում էր նաեւ ԳԱԱ ընդհանուր պատմության ինստիտուտի եվրոպական ամբիոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ԱՆԴՐԵՅ ԼԱՐԻՆԸ, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հայ-ռուսական հարաբերությունների եւ տարածաշրջանում առկա խնդիրների մասին:

Մայիսի 22-ը պատմության մեջ

«ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

–Պարոն Լարին, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը:

– Ե՛վ քաղաքական, ե՛ւ մշակութային առումով մտերմիկ, բարեկամական, դաշնակցային հարաբերություները մեր ժողովուրդների միջեւ էլ ավելի ամրապնդելու համար կարեւոր են նման միջոցառումները, ինչպես միասին քննարկեցինք եւ նշեցինք Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը: Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների հաստատման պատմությունը դարերի պատմություն ունի: Այդ հարաբերությունները սկսվել է ո՛չ 19-րդ դարում, ո՛չ էլ հենց 1826 թվականին, այլ շատ ավելի վաղ: Մենք հայ-ռուսական մտերմիկ հարաբերությունների հետքերը կարող ենք տեսնել դեռեւս 17-րդ դարում եւ նույնիսկ ավելի շուտ: Արդեն 18-րդ դարում` Շահ Աբասի ժամանակ, պարսկահայերը դիմել էին ռուսաց կայսր Ալեքսեյ Միխայլեւիչին, որպեսզի նրանց սատարի: Եվ Պետրոս Մեծի շրջանում նրա ռազմական գործողություններին Կովկասում եւ Անդրկովկասում հայ ժողովրդի ներկայացուցիչները մասնակցեցին ռուսական բանակի կողմից: Սակայն 19-րդ դարում Հայաստանի եւ Ռուսաստանի, հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա դրվեցին` կապված ռուս-պարսկական երկու պատերազմներով` 1804-1813 եւ 1826-1828 թթ.-ին, հատկապես վերջինի ժամանակ: Ինչպես գիտեք, ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում Արեւելյան Հայաստանի մեծ մասն անցավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ, եւ նախկին Երեւանի, Նախիջեւանի խանություններում ստեղծվեց հայկական շրջան: Հենց սրա շնորհիվ էլ հնարավոր եղավ հայ ժողովրդի հետագա զարգացումը թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումով: Ամենակարեւորը` հայերը ազատագրվեցին պարսից շահի լծից եւ ապրեցին քրիստոնյա պետության հովանու ներքո: Նրանք ավելի ազատ էին, ավելի խաղաղ, ու չկային կրոնական ճնշումներ իրենց նկատմամբ: Անգամ չունեին սահմանափակում` քաղաքական պաշտոններ զբաղեցնելու, եւ ռուսական կայսրությունում շատ բարձր պաշտոնների էին հասնում` թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական:

«ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ»

– Անդրադառնանք նաեւ Սիրիայի շուրջ կրկին թեժացող պատերազմին, Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ ավարտ այն կունենա:

– Չէի ցանկանա համարձակ կանխատեսումներ անել, հատկապես, որ իրավիճակը փոփոխվում է շատ արագ եւ բավական լուրջ: Բայց եթե փորձենք առանձնացնել գլխավոր միտքը, կարծում եմ` ցավոք, առաջիկայում այս տարածաշրջանում մեզ հանգիստ կյանք չի սպասվում: Դժվար թե, կարելի է խոսել այն մասին, որ կողմերը կարող են մոտ ապագայում ընդունել որոշումներ, որը բոլոր կողմերի համար ձեռնտու կլինի: Այն խնդիրները, որոնք այսօր պետք է լուծել, այդ թվում` Սիրիայում գտնվող ռուսական զորքերի մասնակցությամբ, դրանք շատ առումով ոչ միայն Սիրիայի, Իրաքի կամ ահաբեկչական խմբավորումների, կամ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Թուրքիայի իշխանությունների ժամանակակից քաղաքականության հետեւանք են, այլ դրանց արմատները կարելի է գտնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: Առաջին աշխարհամարտից հետո տեղի ունեցավ աշխարհի քարտեզի ձեւափոխում, եւ սահմաններ գծվեցին` նոր ի հայտ եկած տարբեր պետությունների համար, որոնք էլ անկախություն ստացան 20-րդ դարում: Եվ միշտ չէ, որ 20-րդ դարի գերտերությունները Առաջին աշխարհամարտից հետո` հաշվի են առել տարածաշրջանի ժողովուրդների էթնիկ, մշակութային, կրոնական առաձնահատկությունները: Դրա համար էլ հիմա բախվում ենք լուրջ խնդիրների: Ուզում ենք հավատալ, որ այսպես, թե այնպես այդ խնդիրները կգտնեն իրենց լուծումը, բայց չեմ կարծում, որ դա առաջիկա օրերի հարց է:

Մայիսի 21-ը` պատմության մեջ

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԷԼ ԱՊՐԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»

–Իսկ ի՞նչ կասեք Արցախյան հիմնախնդրի հնարավոր լուծման մասին:

– Սա, իսկապես, շատ բարդ հարց է: Այստեղ բախվում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ տարածաշրջանային այլ պետությունների հետաքրքրությունները: Իհարկե, պետք է ասեմ, որ հայ ժողովուրդն ի սկզբանե ապրել է Ղարաբաղի տարածքում: Կարող ենք փաստել, որ 19-րդ դարում, հատկապես Ղարաբաղի լեռնային հատվածում, որը ողջ Ղարաբաղի ավելի քան 40 տոկոսն է կազմում, հիմնական բնակչությունը հայ ժողովուրդ է ապրել: Այնպես որ, Ղարաբաղը այդ մարդկանց հայրենիքն է, եւ բնականաբար, նրանց սերունդներն այսօր ցանկություն ունեն միանալ իրենց ժողովրդի հետ: Բայց լրիվ հասկանալի է,  թե ինչու է իրավիճակն այսօր այսքան բարդ: Խնդիրը պահանջում է մեծ թվով դիվանագիտական ջանքեր, որպեսզի ինչ-որ կերպ հասնեն լուծման:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА